«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՀՄԱԴ ՌԵԶԱ ՄՈԹԱՄԵԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանում է իրանցի կինոռեժիսոր Ահմադ Ռեզա Մոթամեդին, որը արեւմտյան փիլիսոփայության եւ արվեստի փիլիսոփայության գծով նաեւ գիտությունների թեկնածու է, Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոյի եւ հեռուստատեսության համալսարանի պրոֆեսոր եւ էսսեագիր, սցենարիստ: 2006-ին եւ 2010-ին եղել է Մոթամեդին Ֆաջր ԿՓ-ի հոգեւոր կինոյի ժյուրիի անդամ: Նրա երրորդ ռեժիսորական աշխատանքը` «Խելագարը փախավ-գնաց» ֆիլմը, Ֆաջր ՄԿՓ-ի գլխավոր մրցանակակիր է, իսկ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացրել է «Ալցհայեր» խաղարկային ֆիլմը: Նկարահանել է «Անկում», «Այլանդակն ու գեղեցիկը», «Խելագարը փախավ-գնաց», «Խաղի կանոնը», «Ալցհայմեր» ֆիլմերը:

«Ազգ»-ը զրուցեց ռեժիսորի հետ.

- Ձեր «Ալցհայմեր» կինոնկարում մարդու ողբերգությունը եւ կյանքի հարատեւության գաղափարը, ասելիքը, արդյոք բխո՞ւմ է կյանքի փիլիսոփայության Ձեր մոտեցումներից, քանզի ֆիլմի ե՛ւ սցենարիստն եք, ե՛ւ ռեժիսորը:

- Այո՛, այն բխում է կյանքի փիլիսոփայության իմ մոտեցումներից, քանզի բոլոր ռեժիսորներն էլ ֆիլմերում արտացոլում են իրենց: Կինոն այդ հնարավորությունը տալիս է, որպեսզի մենք մեր ներաշխարհը արտահայտենք, չնայած երբեմն կադրն այն սահմանափակում է: Այսօրվա մարդը ողողված է տեխնոլոգիական նորարարություններով, կարծես պայթյուն է առաջանում, որոնք ներթափանցում են մեր մտքերը, եւ այժմ ինքնուրույն մտածել շատ դժվար է:

- Ելնելով ազգային ավանդույթների արժեհամակարգից, Ձեզ ավելի մոտ է արեւելյան փիլիսոփայությունն ու կեցությունը, թե՞ արեւմտյանը:

- Եթե ցանկանանք էլ արեւելյան մտածելակերպ ունենալ, չենք կարողանա, քանի որ մենք, ամենուր արեւմուտքի ազդեցության տակ ենք: Երբ ցանկանում ենք արեւմուտքին քննադատել, էլի իրենց փիլիսոփաների միջոցով ենք անում դա: Մեր ինքնության կորցվածության պատճառով, մեր մտածողությունն էլ ենք ձեռքից բաց թողնում: Ունենք շատ եւ շատ փիլիսփաներ, սակայն նրանց հետ էլ ենք կորցրել մեր կապը: Մեծ աշխատանք պետք է տարվի, նրանց մտքերը ժամանակակից ձեւով արտահայտելու եւ բացատրելու համար: Այդ իսկ պատճառով հստակ չեմ կարող ասելՙ ես արեւմտյան մտածող եմ, թե՞ արեւելյան:

- Անկախ ռեժիսորի, արվեստագետի կամքից, ցանկությունից, արվեստի որեւէ ճյուղ, այդ թվում կինոարվեստը, ունի նաեւ դաստիարակչական-ուղղորդող գործառույթ: Ըստ Ձեզ, այս տեսակետից ի՞նչ խորհուրդ ունի Ձեր ֆիլմը:

- Ես իմ ֆիլմերում չեմ աշխատում պարզ ձեւով դաստիարակչական գործառույթ կատարել: Օրինակ, իմ «Ալցհայեր» ֆիլմում գլխավոր հերոսն ունի սկրելոզ, սակայն իրականության մեջ մյուսներն ավելի մեծ խնդիր ունեն հիշողության հետ կապված, քանի որ շատ ավելի կարեւոր բաներ են մոռացել... Ֆիլմում ներկայի եւ բացակայի հակադրումով ցանկանում եմ հանդիսատեսին ազատ թողնել, որպեսզի վերլուծի եւ եզրահանգման գա:

- Դուք նաեւ Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության համալսարանի պրոֆեսոր եք: Ի՞նչն է Ձեզ համար գնահատելի Ձեր ուսանողների` երիտասարդ ստեղծագործողների մոտ, եւ ինչը չէիք ցանկանա, որ լիներ:

- Այսօրվա պարսիկ ուսանողներն ունեն վառ օրինակներ` արվեստի բնագավառում, որոնք մեծ ձեռքբերումների են հասնում, եւ իրենց մոտ եւս առաջանում է բարձունքներ նվաճելու ցանկությունը: Երիտասարդները նավթից եկած շահույթով հնարավորություն են ունենում նկարահանել մի շարք ֆիլմեր: Բացասական կողմը ուսանողների մոտ այն է, որ նրանք ընկնում են շահի ետեւից: Ամենավրդովեցուցիչն ինձ համար ուսանողների անտարբերությունն է Փարաջանովի, Տարկովսկու ֆիլմերի հանդեպ, դրանք ուսանողների համար հետաքրքրական չեն, նրանք տարված են հոլիվուդյան ֆիլմերով:

- Ի՞նչ ռեժիսորների եք ընդունում:

- Ինձ համար մեծություններ են Փարաջանովը, Տարկովսկին, Անտոնիոնին:

- Ձեր կարծիքը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մասին:

- Եթե «Ոսկե ծիրան»-ի մրցանակին չարժանանամ, ապա գոնե ծիրան համտեսեմ, նոր վերադառնամ: Փառատոնի մասին ամբողջական կարծիք կհայտնեմ վերջում:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4