«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


ՀԱՄՇԵՆԱՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԸ ԿՐԿԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀՅՈՒՐ

Հայկական ծագումով ռեժիսոր եւ սցենարիստ Օզջան Ալփերը ծնվել է Թուրքիայում (Հոփա, Արդվին): Երիտասարդ ռեժիսորի առաջին լիամետրաժ աշխատանքըՙ «Աշունը», մրցանակներ է շահել Լոկառնոյի, Թբիլիսիի, Սոֆիայի, Անկարայի միջազգային կինոփառատոներում, իսկ Երեւանի «Ոսկե ծիրանում» արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին եւ FIPRESCI-ի պարգեւին: Ալփերի վերջին ֆիլմըՙ «Ապագան ձգվում է հավերժ», կրկին անդրադարձ է Թուրքիայում ապրող փոքրամասնություններին, նրանց պատմական արմատներին ու ճակատագրերին: Չնայած որ ռեժիսորը մշտապես լարված է ու անհանգիստ, որ մի օր իր դեմ կարող են իշխանությունները հաշվեհարդար տեսնել, շարունակում է անդրադառնալ ցեղասպանությանը, հայերի եւ այլ ազգերի բնաջնջմանը, տեղահանմանը:

«Իմ ֆիլմերում ես շարունակում եմ հիշողությունների պահպանումը», «Ազգի» հետ զրույցում ասաց Ալփերը: Ես ցանկացել եմ ստեղծել ֆիլմ, որը հասարակական հիշողությունը մոռացության մատնելու Թուրքիայի քաղաքականության դեմ է, փակ սենյակների դեմ: Իմ ֆիլմերը Թուրքիայում քաղաքական խնդիրներ են առաջացնում իրենց սյուժեներով: Եթե պատկերավոր ասեմ, ապա Թուրքիան նման է բազմաբնակարան շենքի, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են բնակվում: Եվ երբ մի բնակարանում կա խնդիր, ապա այդ սենյակի դուռը պետությունը փորձում է ամուր փակել: Իսկ ամեն սենյակ, բնակարան ունի իր խնդիրը: Այդպես եղավ 1915-ին, ու նաեւ դրանից հետո, առ այսօր այդ քաղաքականությունը շարունակվում է: Ես այդ խնդիրները փորձում եմ մշակույթի միջոցով մատուցել ու հանրությանը ներկայացնել, որ Թուրքիայում մշտապես մշակութային քաղաքականության արգելք կա»:

Ալփերը Հայաստանում եղել է Վանաձորում եւ մտադիր է նոր ֆիլմ նկարել Լոռու չքնաղ բնության գրկում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4