«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԳԵԼՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ

Վերջին 5 տարիներին առաջին անգամ հայկական ակումբներին վերջապես հաջողվեց հաղթահարել եվրոգավաթների մրցաշարերի առաջին փուլի արգելքը: Ընդ որում միանգամից երկու թիմՙ «Շիրակն» ու «Գանձասարը» կշարունակեն պայքարը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Գյումրիի «Շիրակը» երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ, հաջողությամբ լուծեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրըՙ շնորհիվ առաջին մրցախաղում հյուրընկալվելիս մրցակցի նկատմամբ 1-0 հաշվով տոնած հաղթանակի:

Բնական էր սպասել, որ հյուրերն առաջին իսկ րոպեներից նետվելու են գրոհիՙ փորձելով ռեւանշի հասնել շիրակցիների նկատմամբ: Հակագրոհների մարտավարություն ընտրած «Շիրակը», որ հիմնական ուժերը կենտրոնացրել էր սեփական կիսադաշտում, բավական հմտորեն էր կազմակերպում գրոհները: Եվ արդեն 5-րդ րոպեին գյումրեցիները կարող էին բացել հաշիվը: Ձախ թեւով Անդրանիկ Բարիկյանի սրընթաց ճեղքումից հետո հետեւեց փոխանցում տուգանային հրապարակ, որտեղ Ֆոֆանա Բեկոն գլխի հարվածով փորձեց խոցել դարպասը: Սակայն դարպասապահը հետ մղեց գնդակը: Երկրորդ հարվածով փորձեց դարպասը գրավել Լամին Լի Յորոն, բայց այս անգամ էլ հաջող խաղաց դարպասապահը:

Իսկ ահա հյուրերն ավելի հաջողակ գտնվեցին: 9-րդ րոպեին «Ռուդարի» հարձակվողը գլխի հարվածով կարող էր վերականգնել հավասարակշռությունը, սակայն հաջող խաղաց դարպասապահ Արթուր Հարությունյանը: Բայց երկու րոպե անց «Ռուդարը» հասավ հաջողության: Տուգանային հարվածից հետո խառը իրադրությունում Հրայր Մկոյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

Լավ էր, որ շիրակցիներին շատ շուտ հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Երկու րոպե անց Ֆոֆանա Բեկոն կենտրոնով ճեղքեց պաշտպանությունը, մենմենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն վերջինս հեռացրեց գնդակը: Վրա հասած Դամիե Դիոպը երկրորդ հարվածով գրավեց դարպասը: Առաջին խաղակեսում հիշարժան էր նաեւ «Ռուդարի» հարձակվողի դիպուկ հարվածը, որը դիպավ դարպասաձողին:

Թվում էր, թե ընդմիջումից հետո «Շիրակը» կփորձի ակտիվ գործողություններով վերջնականապես լուծել հաջորդ փուլի ուղեգրի հարցը: Սակայն, ցավոք, դաշտի տերերը հիմնական ուշադրությունը կենտրոնացրին սեփական դարպասի պաշտպանության վրաՙ փորձելով պահպանել իրենց ձեռնտու 1-1 հաշվիը: Ճիշտ է, հակագրոհներից երկուսի ժամանակ «Շիրակին» կարող էր հաղթանակ պարգեւել Լամին Լի Յորոն, սակայն անհաջող գործեց: Ինչ վերաբերում է հյուրերին, ապա նրանք ընդմիջումից հետո ավելի ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասին: Բարեբախտաբար շիրակցիները պաշտպանությունում հստակ գործեցին եւ կարողացան խաղը հասցնել իրենց համար ցանկալի ավարտի:

«Շիրակը» երկրորդ փուլում հուլիսի 19-ին կհյուրընկալվի Իսրայելի «Բնեյ Եհուդային», որը երկու տարի առաջ Եվրոպայի լիգայի մրցաշարում պայքարից դուրս էր մղել «Ուլիսին»:

Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաեւ Կապանի «Գանձասարը», որը, շատերի համար անսպասելի, առաջին խաղում հյուրընկալվելիս 1-3 հաշվով խայտառակ պարտություն էր կրել Ֆարերների «Ստրեյմուրից»: «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացած մրցախաղում գանձասարցիները շատ ջանքեր թափեցին հաջողության հասնելու համար: Հարկ է նշել, որ նրանք շատ պարզունակ էին գրոհում, հիմնականում գնդակը բարձրից էին փոխանցում մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ դրության տերը հյուրերն էին: «Գանձասարից» շատ ժամանակ պահանջվեց վերջապես արդյունքի հասնելու համար: 67-րդ րոպեին Հայրապետ Ավագյանի հարվածից հետո գնդակը վերջապես հայտնվեց մրցակցի դարպասում: 6 րոպե անց «Գանձասարի» հերթական գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Դիեգո Լոմբանՙ վճռելով մրցակցության ելքը: Թեեւ դժվարությամբ, «Գանձասարին» հաջողվեց փրկել իր պատիվն ու մտնել հաջորդ փուլ, որտեղ մրցելու է շվեյցարական «Սերվետի» հետ:

Եվրոպայի լիգայի մրցաշարի մեր երրորդ մասնակից «Փյունիկը» երեկ ուշ երեկոյան ավարտեց իր հանդիպումը Չեռնոգորիայի «Զետայի» հետ: Հիշեցնենք, որ Երեւանում փյունիկցիները 0-3 հաշվով զիջել էին մրցակցին եւ գործնականում կորցրել էին հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորությունները:

Թեեւ մեր երկու ակումբները հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը, սակայն պետք է լուրջ հետեւություններ անեն երեկ անցկացրած հանդիպումներից: Դա հատկապես վերաբերում է «Գանձասարին»: Չէ՞ որ երկրորդ փուլում «Շիրակին» ու «Գանձասարին» ավելի ուժեղ մրցակիցներ են դիմակայելու: Իսկ նման խաղով շատ դժվար կլինի հաղթահարել նաեւ նրանց արգելքը:

Վերջում կցանկանայինք անդրադառնալ «Շողակաթ» հեռուստաալիքով «Գանձասար»-«Ստրեյմուր» խաղի անորակ հեռարձակմանը: Հանդիպման ընթացքում բազմաթիվ անգամներ հեռարձակումն ընդհատվեց, որի հետեւանքով հեռուստադիտողներն այդպես էլ չտեսան «Գանձասարի» խփած առաջին գոլը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4