«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ԵՐԵՎԱՆՈՒՄ` «ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ» ԱՌԱՋ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկվա երեւանյան հանդիպումներով փաստացի ավարտեցին տարածաշրջանային այցելությունը, որ մեկնարկել էին Բաքվից ու շփման գիծը հատելով եղել նաեւ Ստեփանակերտում:

Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին , Իգոր Պոպովին , Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին : Ըստ պաշտոնական հաղորդագրության, համանախագահները Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին, որ, նախապես արված հայտարարությունների համաձայն, արդեն կարող է մեկնարկել ամռան վերջին:

Հիշեցնենք, որ դեռեւս Բաքվում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ հնարավոր է` ամառային արձակուրդների ավարտից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ առանձին-առանձին, ապա նաեւ համատեղ տարբերակով կհանդիպեն երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Արտգործնախարարների հանդիպումներից հետո միայն կարող են քննարկումներ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ:

Ռուսաստանցի համանախագահը նաեւ տեղեկացրել էր, որ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ արդեն իսկ քննարկել էին վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծի միջադեպերը, նույնն էլ արվելու էր Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում կայանալիք հանդիպումներում: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4