«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՀՐԱՏԱՊ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ» ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Հայ-վրացական հարաբերություններում խնդիրները բազմաթիվ են, սակայն, պաշտոնական մակարդակում առավելապես «համերաշխ ու խաղաղ» վիճակ է: Իսկ երբ բարձրաստիճան հանդիպումներ են տեղի ունենում, քննարկվող թեմաների ինչպիսի ընդգրկուն ցանկ էլ ներկայացվի, դրանց լուծումների բացակայությունը վկայում է, որ կամ քննարկումներն են սնանկ, կամ դրանք արարողակարգային տարբերակով մամուլի մի հաղորդագրությունից ուղղակի արտագրվում են հաջորդներում:

ԱԳՆ տեղեկացման համաձայն, հուլիսի 12-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե, նույն ինքը` Վանո Մերաբիշվիլուն: Հանդիպմանը, ըստ հաղորդագրության, «կողմերի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ ու կարեւոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին ու Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին վերաբերող հարցեր»:

Թե ինչ ասել է «կողմերի նախաձեռնություն», այնքան էլ հստակ չէ, իսկ «հրատապ ու կարեւոր» հարցերը, որքան էլ տարօրինակ է, եզակի ձեւակերպում են արտաքին գերատեսչության հաղորդագրություններում, այն էլ` հայ-վրացական համատեքստում: Առավել դժվար է հասկանալ, թե հրատապ ու կարեւոր հարցերին ինչպիսի վերաբերմունք ունի Վրաստանի նորանշանակ վարչապետը:

«Հանդիպումն անցավ ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում», նշվում է հաղորդագրության մեջ, հավելմամբ, որ «ձեռք բերվեց լուծում պահանջող հարցերի շուրջը սերտ համագործակցության ու դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն»:

Հետաքրքրական կլինի, եթե որոշ ժամանակ անց, հատկապես մինչեւ հոկտեմբերին կայանալիք վրացական խորհրդարանի ընտրությունները հնարավոր լինի այդ պայմանավորվածության ինչ-որ արդյունք տեսնել, հատկապես որ նախընտրական համատեքստում դա մեծապես շահավետ է նաեւ վրացական ներկայիս իշխանությունների համար:

Ա. Հ.

Հ. Գ. Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4