Տեւական ժամանակ էՙ թուրք-ադրբեջանական հարաբերություններում փորձաքար է դարձել Բաքվի թուրքական մզկիթի խնդիրը: Այն կառուցվել է Թուրքիայի կառավարության միջոցներով եւ գտնվում է այսպես կոչված «շեհիդների ծառուղում»: Բաքվի քաղաքային իշխանությունները զանազան պատճառաբանություններով խոչընդոտում են մզկիթի գործունեությանը, ինչը հարուցում է թուրքական կողմի դժգոհությունը:
Մզկիթը կառուցվել է «թուրք ազատարար զինվորի» հուշարձանի հետ միաժամանակ: Ըստ այդմ, հավատի տունը խորհրդանշում է, որ Ադրբեջանը ներկայով պարտական է Թուրքիային: Իրոք, եթե 1918թ. սեպտեմբերի 15-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսը չգրավեր Բաքուն, ապա Անդրկովկասի քաղաքական քարտեզը բոլորովին այլ տեսք կունենար:
Ըստ երեւույթին, երախտապարտության մասին թուրքական հիշեցումները խիստ նյարդայնացնում են իշխող վարչախմբին, որի մատուցմամբ` անկախության համար Ադրբեջանը պարտական է «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւին: Դա էլ, ամենայն հավանականությամբ, ձեռնտու չէ Թուրքիային: Քանի որ վտանգում է «ավագ եղբոր» հեղինակությունը:
Խնդիրն, իհարկե, զգանցմունքները չեն: Թուրքիայի «կարճ վզափոկից» Իլհամ Ալիեւը փորձում է ազատվել հանուն իր եւ գերդաստանի ապագայի: Անկարան, սակայն, ոչ մի կերպ չի զիջում: Թուրքական կողմի ընկալմամբՙ Ադրբեջանը ոչ թե ինքնիշխան, այլ ընդամենը թուրքական երկրորդ պետություն է:
Այս բանավեճը ընթանում է բոլոր հարթություններում: Եվ ամեն տեղ գտնվում են ծիծաղելի «լուծումներ»: Թուրքական մզկիթի հարցում` նույնպես: Ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ սեպտեմբերին Թուրքիայի նախագահը եւ Իլհամ Ալիեւը կմասնակցեն «նոր մզկիթի հիմնարկեքի արարողությանը»: Այն տեղի կունենա Բաքվում: Ամենայն հավանականությամբ` սեպտեմբերի 15-ին:
Մզկիթը «կխորհրդանշի թուրք եւ ադրբեջանական ժողովուրդների եղբայրությունը»,- գրում են Բաքվի լրատվամիջոցները եւ ընդգծում, որ «այն կլինի մի վիթխարի կառույց»: Թե ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշելու համար հատկապես մզկիթ կառուցելու ի՞նչ կարիք կա, ակնարկված է նույն հաղորդագրության մեջ, ըստ որի «շեհիդների ծառուղում թուրքական մզկիթը չի փակվի, կշարունակի գործել»:
Ստացվում էՙ «մզկիթս մզկիթիդ վնաս չէ»: Այսինքն, կողք կողքի կգործեն ե՛ւ թուրքական, ե՛ւ թուրք-ադրբեջանական մզկիթներ: Հավատացյալները, հավանաբար, մեկում ամենօրյա, մյուսում` ուրբաթ օրվա նամազ կանեն: Կամ էլ փոխնիփոխ կայցելեն` մի օր` թուրքական, մյուս օրը` «եղբայրական» մզկիթ: Այդուհանդերձ, «ճակատագրական սխալ» Ադրբեջանի ոչալիեւյան իշխանությունները վաղուց թույլ են տվել. բոլշեւիկ Կիրովի տեղը նրանք բարձրացրել են թուրք «ազատարար» զինվորի արձանը: Եվ ինչ էլ որ անելու լինի Իլհամ Ալիեւը, Բաքվի դիմանկարից այդ հետքը ջնջել չի կարող: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան ամեն պահի կարող է Տարաս Բուլբայի նման ասել. «Ես եմ քեզ ծնել, ես էլ կսպանեմ»: Որպեսզի իբրեւ պետություն չմեռնի, Ադրբեջանը դատապարտված է ընդմիշտ մնալ իբրեւ «երկրորդ թուրքական»: Երկրորդ կարգի երկիր: Դա ճակատագիր է, որ ընտրության տեղ չի թողնում:
Մենք չգիտենք` Ղուրանը թույլատրո՞ւմ է կառուցել «ժողովուրդների եղբայրությունը խորհրդանշող» մզկիթ: Բայց որ այս դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը ճիգ են անում երկպառակությունները նրբաքողարկելու քարոզչական հերթական հնարանքով, դրանում կասկածել չարժե:
Վ. Ա.