Ինչպես գրել էինք ավելի վաղ, Բաքվի լրատվամիջոցները մեծագույն խանդավառությամբ տեղեկացրել էին, որ «մերձճակատային գոտում սկսված լայնածավալ զորավարժությունները անձամբ գլխավորում է գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը»:
Ընդամենը երկու օր անց APA գործակալությունը տարածեց հետեւյալ տեղեկատվությունը. «Փորձնական հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները չպաշտպանելու պատճառով շարքային Սահիլ Նաղիեւի կողմից հաշվեցուցակային ինքնաձիգի կրակոցով սպանվել է շարքային Աքպեր Նասիրովը եւ թեթեւ վիրավորվել Սուրեթ Մամեդովը: Վիրավորը տեղափոխվել է հոսպիտալ»:
Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Բաքվի զորամիավորման զորամասերից մեկում: Այսպես կոչված մայրաքաղաքային այդ զորամիավորումը Ադրբեջանում համարվում է «էլիտար», որի «մարտունակության» հետ իշխանությունները մեծ հույս են կապում:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել` դժվար է պարզել: Այնուամենայնիվ, նույնիսկ պաշտոնական տեղեկատվությունը հարցականների տեղ է թողնում: Այսպես, հաղորդագրության մեջ խոսվում է «կրակոցի» եւ երկու տուժածի մասին, որոնցից մեկը սպանվել է: Անհավատալի է, որ շարքային Սահիլ Նաղիեւի մեկ կրակոցը միաժամանակ դառնար մի զինվորի մահվան, մյուսի «թեթեւ վիրավորվելու» պատճառ: Այդպես կարող էր պատահել, եթե Նաղիեւը հաշվեցուցակային ինքնաձիգից արձակեր կրակահերթ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզապես միջադեպը «հարթելու» համար է, որ «անվտանգության կանոնները չպահպանելու» մասին է խոսել:
Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել «վարժական հրաձգության ժամանակ»: Բանակային կյանքից քիչ թե շատ տեղեկացված յուրաքանչյուր ոք գիտի, որ վարժական հրաձգության ժամանակ զինվորները գտնվում են մեկ գծի վրա, իսկ նրանց գործողությունները վերահսկվում է սպաների կողմից: Այսինքն, զինվորը կրակ է բացում միայն հրաման ստանալուց հետո: Ինչպե՞ս է պատահել, որ Նաղիեւի` հրաձգությանը նախապատրաստվելու պահին երկու ծառայակիցներ հայտնվել են խոցելիության դիրքում: Մի՞թե այդ պահին զինվորների կողքին սպա չի եղել:
Այս եւ այլ հարցերի պատասխանը դեպքի առթիվ տարածված տեղեկատվությունը չի տալիս: Ուստի կարելի է ենթադրել, որ կամ Նաղիեւը գիտակցաբար կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ, կամ միջադեպը տեղի է ունեցել բուն զորավարժությունների ընթացքում, այն է`«մարտականին մոտ» իրավիճակում:
Ինչ էլ որ եղած լինի, այդքան ռեկլամված զորավարժությունների արդեն երրորդ օրը «էլիտար» զորամասում տեղի ունեցած արտակարգ պատահարը վկայում է, որ Ադրբեջանի զինված ուժերի «վարժվածության եւ բարձր մարտունակության» մասին պաշտոնական Բաքվի հավաստիացումները չափազանց հեռու են իրականությունից: Ակնհայտ է նաեւ, որ զորավարժությունների ընդհանուր ղեկավարումը պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը իրականացրել է ոչ պրոֆեսիոնալ մակարդակով:
Եվ այս առթիվ վերջին դիտարկումը. զոհված Նասիրովը զորակոչված էր Նեւթեչալայի շրջանից: Ադրբեջանական բանակում արտակարգ պատահարների զոհերի թվում ամենամեծ բաժինը ընկնում է հարավային շրջաններին, որտեղ բնակչության մի զգալի մասը էթնիկ թալիշներն են: Պատահակա՞ն է դա, թե՞ իշխանությունների կողմից թալիշների դեմ սկսած հալածանքները նաեւ բանակում են արձագանքվում:
Գուցե դա՞ էլ է մտնում զորավարժությունների ընդհանուր ղեկավարությունը Սաֆար Աբիեւին վերապահելու որոշման դրդապատճառների մեջ: Նման հարցերում նա մեծ փորձ ունի: Վտարանդի Մահիր Ջավադովը վկայում է,որ Աբիեւը անձամբ է գնդակահարել ՆԳՆ հատուկ ջոկատների հրամանատար Ռովշան Ջավադովին, երբ վերջինս «պետական խռովության» անհաջող փորձից հետո դուրս էր եկել ապաստարանից` հանձնվելու իշխանություններին: Մի քանի օր անց Աբիեւն արժանացել է գեներալի կոչման, նշանակվել պաշտպանության նախարար: Եվ այդ պաշտոնում է առ այսօր:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ