Երեւանի քաղաքապետարանը եւ Orange-ը ընդլայնում են մեկ տարի առաջ մեկնարկած նախագիծը
Երեկ Երեւանի քաղաքապետարանը եւ Orange-ը հայտարարեցին մեկ տարի առաջ մեկնարկած պիլոտային նախագծի ընդլայնման մասին, որի շրջանակներում Երեւանի քաղաքային տրանսպորտի նոր շարժակազմի բոլոր ավտոբուսների ուղեւորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետից: Ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք եւ հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ եւ այլն: Այս պահին շարժական WiFi սարքերով համալրված են 91 ավտոբուս, որոնց թիվը մինչեւ տարեվերջ կհասնի 255-ի:
«Սա կարեւոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետեւ թույլ է տալիս փորձել մեր շարժական MyFi ծառայությունը եւ դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում WiFi ինտերնետը: Անցյալ տարի պիլոտային նախագիծը մեկնարկելիս մենք փորձում էինք հասկանալ, թե արդյոք այս ծառայությունների կարիքը զգում են Երեւանի բնակիչները, եւ նկատեցինք, որ բակականին մեծ թվով ուղեւորներ օգտվում են Wi-Fi-ից ավտոբուսում: Ուրախ ենք քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը շարունակել եւ ընդլայնել` արդեն առաջարկելով այս հնարավորությունը բոլոր նոր ավտոբուսների ուղեւորներին », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Առաջին անգամ Երեւանի քաղաքային տրանսպորտում WiFi տեղադրվել է մեկ տարի առաջ` Երեւանի քաղաքապետարանի եւ Orange-ի պիլոտային նախագծի շրջանակներում, երբ Orange MyFi մոդեմներ տեղադրվեցին քաղաքային տրանսպորտի 5 երթուղիներ սպասարկող ավտոբուսներում: