«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ՉՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԱՏՆԵԼ ԿԱՄ ՉՎԱՏՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Պրոֆեսիոնալիզմի բացակայությունը եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելը որոշ լրատվամիջոցների համար դարձել է սովորական գործելաոճ: Նման մի «տեղեկատվություն» է հրապարակել «դեղին» մամուլի համարում ունեցող թերթերից մեկը: Այն առնչվում է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանին: Ըստ թերթի, վերջինս «հասցրել է տապալել «Հյուսիս-հարավ մայրուղի» ծրագիրն ու գումարները վատնել», հայտնվել Սերժ Սարգսյանի սեւ ցուցակում եւ, «մտերիմ շրջապատի» տեղեկացմամբ, հրաժարվում է մեկնաբանությունից ու բացակայում է հանրապետությունից: Ինչպես լինում է սովորաբար, նման դեպքերում վկայակոչվում են «լավատեղյակ աղբյուրները», որոնք սովորաբար պատվիրատուի պարզ թելադրանքն են լինում:

Զերծ մնալով պատվիրատուի որոնումներից, որպես այս ոլորտը լուսաբանող լրագրողՙ մի քանի տեղեկություններ ներկայացնեմ «Հյուսիս-հարավ» մայրուղու նախագծի վերաբերյալ: Մանուկ Վարդանյանի նախարար եղած ժամանակ այդ նախագիծն իսկապես սկսվեց իրագործվել: Սակայն միայն ճանապարհի երեք հատվածներում, երեք տրանշի նախագծման մրցույթները եղան: Շեշտում ենք` նախագծման, այլ ոչ թե շինարարության: Մրցույթներում հաղթող ճանաչվեց ֆրանսիական ընկերությունը, իսկ վճարումը կատարվեց այս ծրագրի կառավարման խորհրդի հաստատումից հետո: Կայացան նաեւ շինարար կազմակերպության եւ ծրագրի կառավարչի մրցույթները: Հայտնի են հաղթողները: Սակայն, մեկ անգամ եւս նշենք, շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, այսինքն գումարները դեռ չեն տրամադրվել, հետեւաբար դրանց վատնել կամ չվատնելու հարց պարզապես չէր կարող առաջանալ:

Ինչ վերաբերում է Մանուկ Վարդանյանի հանրապետությունից բացակայելուն կամ մեկնաբանություն ստանալուց հրաժարվելուն, ապա մեզ հաջողվեց զանգել նրան, բայց նրա հեռախոսահամարը ռոումինգին միացված չէր: Այսինքնՙ նա Հայաստանում էր: Թերեւս վերոնշյալ թերթի «տեղեկատվության» վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններն ավելորդ են:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4