«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ ՀԵՐԹՈՎ. ԽՑԵՐՈՒՄ 15-16 ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 12 ՄԱՀՃԱԿԱԼ

Քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում եւ ոստիկանական հիմնարկներում ՄԻՊ աշխատակազմի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների դիտարկումները փաստել ենՙ մարդու իրավունքներն այս կառույցներում խախտվում են գրեթե ամեն օր:

Մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 30 այցելություններից պարզ է դարձել, որ խնդիրները շարունակական բնույթ են կրում, իսկ դրանց վերացման ուղղությամբ բավարար քայլեր համապատասխան մարմինները չեն ձեռնարկում: Ոստիկանությունում հաճախ են խախտվում բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները: Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսեւորման դեպքեր: ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ներկայացմամբՙ ոստիկանները մարդու իրավունքները հիմնականում խախտում են հոգեբանական ճշմամամբ, էլեկտրական շոկի կիրառմամբ, դաժան ծեծի միջոցով:

«Այս ամենի մասին մեր մշտադիտարկման խմբին հայտնել են ազատազրկվածները: Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին», գրում է Կարեն Անդրեասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում:

Ազատազրկման վայրերում չի անցկացվում պատշաճ բուժզննություն: Արձանագրվել են դեպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկվածների մարմնական վնասվածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դեպքերում բավարար չի եղել: Բուժնաձնակազմի համալրվածությունը, համապատասխան բուժսարքավորումների եւ անհրաժեշտ դեղամիջոցների բացակայությունը լուրջ խնդիր են: Շատ հաճախ բժշկական փաստաթղթերը պատշաճ չեն լրացվում: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50 տոկոսի: Խցերը ծանրաբեռնված են: Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով: Իրավիճակը բավարար չէ նաեւ հոգեբուժարաններում: Այստեղ ծայրահեղ վատ են կենցաղային պայմանները: Անբավարար պայմաններ են արձանագրվել նաեւ որոշ զորամասերում, մանկատներում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում:

Ներկայացնելով խնդիրներըՙ Կարեն Անդրեասյանը վարչապետին խնդրել է ՀՀ ոստիկանությանը, արդարադատության, առողջապահության, պաշտպանության նախարարություններին եւ այլ իրավասու մարմիններին համապատասխան հանաձնարարականներ տալ եւ այդ մասին տեղյակ պահել հանրությանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4