Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում երեկ կայացավ արվեստաբան Արծվի Բախչինյանի «Հայ կինո-100» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսից առաջ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ներկաներին ցուցադրեց Փարաջանովի լավագույն ընկեր Յանուշ Կաստայի նվերըՙ Փարաջանովի «Մեր նախնիների ստվերները» ֆիլմի հերոսուհու տարազը:
Հայկական կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը բացելով ձեռնարկը շնորհավորեց ներկաներին եւ շեշտեց, որ հայ կինոն 100 տարեկան է, ու այդ կարեւոր փաստը գտել է արվեստաբան Արծվի Բախչինյանն իր հետազոտական ուսումնասիրությունների արդյունքում: Երկրորդ գիրքըՙ «Հայ կինո. անկախության տարիներ» վերնագրով, ներկայացնում է Հայաստանի անկախացումից ի վերՙ երկու տասնամյակների ընթացքում ստեղծված հայկական կինոյի դիմապատկերը, ընդգրկելով խաղարկային, վավերագրական ու մուլտիպլիկացիոն ֆիլմերի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ հայ կինոյի նորագույն շրջանի վերաբերյալ հոդվածներ: Գրքում զետեղված են Սերգեյ Գալստյանի, Սիրանույշ Գալստյանի, Աննա Երզնկյանի, Գարեգին Զաքոյանի, Սուրեն Հասմիկյանի, Ռոբերտ Մաթոսյանի, Էմմանուել Մանուկյանի եւ Դավիթ Մուրադյանի հոդվածները: Այս նախագծի հեղինակն է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: Գրքում զետեղված են ֆիլմերի ռեժիսորների ընտրությամբ մեկական գործ լուսանկարով: Այս հանրագիտարանային արժեք ունեցող գիրքը տպագրվել է պետպատվերով:
Արծվի Բախչինյանն իր հետազոտությունների մասին ասաց. «Երկար տարիներ, բազմիցս մամուլում հանդիպել եմ հայկական ֆիլմ արտահայտությանը, փաստեր, որոնք ուղղակի տալիս էին այն տեղեկությունը, որ 1912 թվին հայ կինոյի հիմքն է դրվել: Այդ փաստում են, որ հայկական 5-6 ֆիլմեր են ստեղծվել, հիմնականում հայկական տարբեր համայնքներումՙ Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Կովկասում»: Եվ այդ բոլոր փաստերը հավաքելովՙ Արծվի Բախչինյանը մեկտեղել է ու այսօր այն ներկայացնում է կինոյով հետաքրքրվողների ու զբաղվողների ուշադրությանը:
***
Հայ կինոյի պատմությանը նվիրված այս երկու կարեւոր գրքերի շնորհանդեսից հետո, Դավիթ Մուրադյանը հայտարարեց, որ կինոակադեմիան առաջին անգամ «Անահիտ» մրցանակ է շնորհում հայ կինոյին մատուցած ծառայության ու ներդրման համար ՀՀ ժող. նկարիչ Ստեփան Անդրանիկյանին , կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին եւ ՀՀ ժող. դերասան Սոս Սարգսյանին : Վերջինս հիվանդության պատճառով ներկա չէր մրցանակների տվչությանը: Ստեփան Անդրանիկյանը, որի 85-ամյակը լրացել է վերջերս, մրցանակը ստանալուց հետո ասաց. «Ես ուրախ եմ, որ ապրեցի այս օրը ու արժանացա հատկապես «Անահիտ» մրցանակին իմ 50 տարիների ստեղծագործական ուղու համար»:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուկյանը հուզված իր շնորհակալությունը հայտնեց: «Ես երջանիկ եմ, որ հենց Փարաջանովի հարկի տակ եմ ստանում այս մրցանակը: Հուզված եմ, քանի որ հենց այս տանը երկար ժամանակ Փարաջանովի հետ աշխատել ենք 1968-69 թվականներին ու այժմ այդ հիշողությունները ես կրկին վերապրեցի», ասաց Մանսուրյանը: «Անահիտ» արձանիկի հեղինակներն են Եղիազարյանը եւ Փաշյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ