«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


ԹՈՒՐՔ ՌԵԺԻՍՈՐ ԷՆԻՍ ՌԻԶԱՆ. «ՀՈՒՍԱՄ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՊՐԵՆ ԱՅՆՊԻՍԻ ՇՐՋԱՆՈՒՄ, ԵՐԲ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանում է նաեւ թուրք ռեժիսոր Էնիս Ռիզան, որը սոցիոլոգիա եւ բանասիրություն է ուսանել Անկարայի Հաչեթեփե համալսարանում: 1969-ին «Երիտկինո» խմբի շրջանակներում սկսել է աշխատել վավերագրական եւ կարճամետրաժ կինոյի ասպարեզում, 1972-ին նրա երկու խաղարկային եւ երկու վավերագրական աշխատանքները զանազան արձագանքեր են գտել արտասահմանում ցուցադրվելուց հետո: Նրա հետաքրքրություններից է լուսանկարչությունը: Ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում: 1987-ին հիմնել է VTR Film Directing-Research & Production կինոընկերությունը: 1996-ին մասնակցել է Թուրքիայի Վավերագրողների ընկերակցության ստեղծմանը, եւ վարչության խոսնակն ու նախագահն է: Նաեւ սոցիալական, մշակութային եւ գեղարվեստական գործերի եւ վավերագրական ֆիլմերի Babil ընկերակցության համահիմնադիրներից է: Այժմ վավերագրական կինո է դասավանդում Մարմարայի համալսարանում:

Նրա նկարահանած ֆիլմերն են` «Ստամբուլի երեխաները» (1997), «Հանրապետության երազանքները» (1998),«Երկիրը, որի համար ողբում էի» (1999), «Անատոլիական ժառանգություն» (2000), «Թախիծ... պառակտվածության հայրենիք» (2011), «Աթաթուրքն Իզմիրում» (2003), «Փողոցում» (2004), «Նոր հայրենիք գտնելով» (2006), «Մոխրից հառնածը» (2007), «Ծնունդը, հարսանիքն ու մահը վեց լեզուներով» (2007), «Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոեւսկի գտա» (2011), «Ժամանակի պահապանը» (2012): Իսկ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացրել է «Նոր հայրենիք գտնելով», «Մոխիրներից վերածնված» եւ «Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոեւվսկի գտա» ֆիլմերը: Կինոռեժիսոր Էնիս Ռիզան զրուցեց «Ազգ»-ի հետ.

- Ձեր «Նոր հայրենիք գտնելով», «Մոխիրներից վերածնված» ֆիլմերում Դուք անդրադառնում եք ոչ թե մեկ մարդու կյանքի պատմությանը, այլ ժողովուրդների` չերքեզների, հույների, նրանց հիշողություններին ու սերունդների վերաբերմունքին: Ինչպե՞ս են դրանք ընդունվում Ձեր հայրենիքում:

- Վավերագրական ֆիլմն այսպիսի մի ուժ ունի. երբ դու անհատի պատմությունը, ողբերգությունը ներկայացնում ես, ապա մնացած բոլոր մարդիկ անուղղակիորեն իրենց նույնացնում են այդ հերոսի հետ, ինչն էլ վավերագրական կինոյի ուժն է: Եվ տեղի է ունենում հույզերի փոխընկալում , հանդիսատեսը բացահայտում է հերոսի գաղտնիքները, եւ ինքը եւս սկսում է մտածել իր մեջ պահած գաղտնիքների մասին: Երբ վավերագրական ֆիլմում տեսնում են անհատի պատմություն, ապա հասարակությունը նմանօրինակ վավերագրական ֆիլմերին ավելի շատ է վստահում:

- Կարծում եմ ծանոթ եք Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը», Անրի Վերնոյի «Մայրիկ», Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը ֆիլմերին: Ձեր վերաբերմունքը` որպես ռեժիսորի եւ քաղաքացու այդ ֆիլմերի եւ պատմական փաստերի մասին:

- Այդ բոլոր ֆիլմերը Թուրքիայում ցուցադրվել են, մասնավորապես Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը մի շարք մարդկանց կողմից քննադատության արժանացավ: Մենք` որպես մշակութային գործիչներ, ցանկանում ենք, որպեսզի շատանան նմանօրինակ ֆիլմերը, որտեղ խոսվում է պատմական իրադարձությունների, կոտորածների մասին, եւ որքան շատ գրվեն վեպեր, նկարահանվեն ֆիլմեր, ապա ժողովուրդը ավելի տեղեկացված կլինի պատմական փաստերին: Ինչ վերաբերում է վերոնշյալ ֆիլմերին, ապա դրական եմ վերաբերվում:

- Դուք ծանո՞թ եք հայ ռեժիսորներ Հենրիկ Մալյանի «Նահապետ» եւ Ժիրայր Ավետիսյանի «Ձորի Միրոն» ֆիլմերին, որոնք նույնպես արծարծում են 1915թ. արեւմտյան Հայաստանում կատարվածը:

- Հստակ չեմ հիշում, եթե նայած էլ լինեմ, ապա հայերենով եմ նայել, եւ հաստատ ոչինիչ չեմ հասկացել: Շատ կցանկանայի, որ այդ ֆիլմերը թարգմանվեին թուրքերեն եւ ցուցադրվեին թուրքական հեռուստատեսությամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ կինոգործիչները համագործակցեն թուրքերի հետ, կազմակերպվեն հայ-թուրքական կինոփառատոներ, տեղի ունենա փորձի փոխանակում: Ըստ իս կինոարտադրությունը պետք է պատմական անցքերի վրա առաջ գնա:

- Ցեղասպանության, հայերի ողբերգության կողքից որպես ռեժիսոր եւ քաղաքացի անտարբեր եք անցնում: Մի՞թե պատճառը Ձեր ազգային պատկանելությունն է:

- Այսօր հասունացել է 1915թ. հայերի ողբերգության մասին խոսելու փուլը, որը իմ մեջ եւս սկսվել է: Պիտի գա մի շրջան, երբ դու զգաս, որ պատրաստ ես խոսել դրա մասին: Վավերագրական ֆիլմերի կարեւոր տարրերից մեկը ներքին անկեղծությունն է: Ոչ թե չեմ ցանկանում այդ թեմայով ֆիլմ նկարահանել, այլ դեռ ժամանակը չի հասունացել:

- Ձեր «Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոեւսկի գտա» ֆիլմում թուրք երիտասարդի կյանքը Դոստոեւսկու ստեղծագործության ազդեցությամբ փոխվեց, ըստ Ձեզ ինչ ստեղծագործություն կարող է ազդել հանրային կարծիքի վրա, որպեսզի ընդունվի անցյալի աղետալի սխալները, ինչի համար խլվեց նաեւ Հրանտ Դինքի կյանքը:

- Շատ բարդ հարց տվեցիք: Մեծ ջանքերի շնորհիվ է հասարակությունը փոխվում, մի ֆիլմով չի փոխվում, կան պատմական պահեր, որոնք բեկումնային են լինում թուրքերի համար: Վառ օրինակ, Հրանտ Դինքի մահվանը նվիրված երթին մասնակցեց շուրջ 200.000 մարդ: Հասարակությունը բախվում է բեկումնային իրադարձությունների հետ, որից հետո սկսում է այլ կերպ մտածել: Կինոմատոգրաֆիստները պետք է վերցնեն պատմական անցքերը եւ ֆիլմեր նկարահանեն: Հուսամ, մեր երեխաները կապրեն այնպիսի շրջանում, երբ սահմաններ չեն լինի:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4