«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված է սփյուռքահայ կինոռեժիսոր Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» 64 րոպեանոց գեղարվեստա-վավերագրականը: Ֆիլմը ներկայացնում է լիբանանահայ մոդեռնիստ պոետ Սաքո Արյանի մեկ դար հետաձգված ուղեւորությունը կամ վերադարձը իր նախնիների քաղաք Պոլիս, որտեղ նրա մշակութային եւ գրական արմատներն են: Սաքոն շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որ ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանատներով, ուր հայ պոետներ են հանգչում, հին եկեղեցիներով եւ դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է ահել-ջահելի, հայտնի ու անհայտ մարդկանց, հայ ու թուրքի, լսում սրանց պատմությունները, կարծիքները, ծիծաղում եւ հաց կիսում նրանց հետ: Չնայած որ ֆիլմը Լիբանան-Հայաստան-Թուրքիա համատեղ արտադրություն է, ռեժիսորը կարողացել է բացահայտ ներկայացնել ցեղասպանության մասին պատմող այլ ազգի, այդ թվում նաեւ թուրքերի պատմությունները: Նիկոլ Պեզճյանը ծնվել է Հալեպում, մեծացել Բեյրութում, ապա տեղափոխվել ԱՄՆ ու մասնագիտացել կինոյի ասպարեզում: Նա մի շարք ֆիլմերի հեղինակ է եւ արժանացել է միջազգային կինոփառատոների մրցանակների: Ներկայումս նա Միջին Արեւելքում ավագ հեռուստապրոդյուսեր է:
«Ազգ»-ի հետ զրույցում Նիկոլ Պեզճյանը պատմեց, որ երբ երեք տարի առաջ առաջին անգամ գնացել է Ստամբուլ Դանիել Վարուժանի մասին ֆիլմ նկարելուՙ «Կաթ, մեխակ եւ աստվածային երգ» (գեղարվեստա-վավերագրական 3-ժամ տեւողությամբ), հենց այդ ժամանակ էլ մտահղացել է «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի գաղափարը եւ սկսել է զուգահեռ նկարահանել երկու ֆիլմերը: Ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր Նիկոլ Պեզճյանը այնքան է տպավորվել Պոլիս այցից, որ «Ազգ»-ին ասաց. «Առաջին անգամ Պոլիս գնալը ինձ համար շատ ավելի հուզիչ էր, քան Երեւան գալը, քանի որ ես լսեցի արեւմտահայ լեզուն, ծանոթացա մարդկային ճակատագրերը, համտեսեցի հայկական ճաշերը, միջավայրը, ապրումները եւ այդ ապրումներից ծնվեց կինոսցենարս»:
Ֆիլմում կա քաղաքական հարցերի շուրջը մտածմունք, բայց դրանք խոչընդոտ չեն եղել ֆիլմը նկարահանելու ողջ ընթացքում, պատմում էր ռեժիսորը: «Ես ուզեցի Պոլիսի թուրքերին ցույց տալ հայկական Պոլիսը, որի մասին իրենք էլ տեղյակ չեն: Հայկական Պոլիսը, որ Օրհան Փամուկի եւ այլոց Ստամբուլն է...», ասաց Պեզճյանը: Իսկ ֆիլմի ավարտից հետո, երբ թուրքերը ուզել են առաջին ցուցադրությունը կազմակերպել, ռեժիսորը մերժել է ու պնդել, որ պրեմիերան կլինի միայն Երեւանում:
Ֆիլմում նկարահանվել են նաեւ թուրքեր, որոնք ասում են. «Մեզ ասել են հայրենիք ենք կերտում, բայց մենք այդ հայրենիքը կերտեցինք արյունոտ ձեռքերով եւ այսօր չկան մեր հայ հարեւանները, ո՞ւր են...»: Ահա սա է ֆիլմի հաջողությունը, որ թուրքերը ընդունում են իրենց մեղքը...
Մ. Մ.