«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2012-07-12 | #126, 2012-07-13 | #127, 2012-07-14


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԷԼ ՀԱՂԹԵՑ, ԲԱՅՑ ՈՒՂԵԳԻՐ ՉՆՎԱՃԵՑ

Առջեւում Եվրոպայի լիգայի 2-րդ փուլի մրցախաղերն են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչըՙ «Փյունիկն» էլ հաջող հանդես եկավ պատասխան խաղում: Հայաստանի բազմակի չեմպիոնը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի «Զետային»: Վերջին 5 տարիների ընթացքում դա եվրոգավաթներում փյունիկցիների առաջին հաղթանակն էր, որը սակայն թիմին հաջորդ փուլի ուղեգիր չպարգեւեց, քանի որ Երեւանում պարտվել էին 0-3 հաշվով:

Չեռնոգորիա մեկնելուց առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչն ու ֆուտբոլիստները լավ հասկանալով, որ գործնականում զրկվել են հաջորդ փուլ մտնելու հնարավորությունից, նշել էին, որ կաշխատեն գոնե արժանապատիվ խաղ ցուցադրել: Եվ նրանք կատարեցին իրենց խոստումըՙ ուրախություն պատճառելով թիմի երկրպագուներին:

Հանդիպումն անհաջող սկսվեց փյունիկցիների համար, որոնք 16-րդ րոպեին Ռադուլովիչի հարվածից հետո ստիպված էին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Սակայն 3 րոպե անց «Փյունիկի» նորեկ Էդուարդ Թաթոյանը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ խաղավարտից 2 րոպե առաջ Գագիկ Պողոսյանը խփեց հաղթական գոլը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Դժվարին կացության մեջ էինք հայտնվել, քանի որ մեր երիտասարդ թիմն առաջին խաղում խոշոր հաշվով պարտվել էր: Պատասխան խաղում էլ առաջինը գոլ ընդունեցինք, բայց կամային որակներ դրսեւորեցինք ու կարողացանք հաղթել: Ինձ հատկապես ուրախացնում է ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակը: Այս հաղթանակը պետք է վստահություն ներշնչի մեր երիտասարդ ֆուտբոլիստներին Հայաստանի առաջնությունում ավելի հաջող հանդես գալու համար: Միեւնույն ժամանակ շնորհավորում եմ մրցակցինՙ հաջողություն մաղթելով հետագա հանդիպումներում»:

Ներկայացնենք նաեւ «Շիրակի» եւ «Գանձասարի» անցկացրած հանդիպումներից հետո մարզիչների կարծիքը:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») - Բոլորիս շնորհավորում եմ իրոք պատմական հաղթանակի առիթով: Այս հաղթանակը ողջ Գյումրիինն է, ողջ հայկական ֆուտբոլինը: Շնորհակալ եմ տղաներին մեծ ծավալի աշխատանք կատարելու համար: Սպասում էինք, որ նման լարված խաղ է լինելու: «Շիրակը» 8 տարի եվրոպական մրցասպարեզ դուրս չէր եկել, ուստի ֆուտբոլիստները միջազգային հանդիպումների փորձ չունեին եւ լարվածությունը մեծ էր: Հոգեբանական առումով դա բարդություններ ստեղծեց: Խաղի մեկնարկում լավ պահեր ունեցանք, բայց չիրացրինք ու անհիմն գոլ բաց թողեցինք: Դրանից հետո կարողացանք արագորեն վերականգնել հավասարակշռությունը: Փորձում էինք տղաներին տրամադրել ավելի անկաշկանդ գործելու, սակայն դա մեզ չհաջողվեց: Մրցակիցը խաղային առավելություն ուներ, բայց կարողացանք հաջորդ փուլ դուրս գալ: Իհարկե, կարող էինք ավելի լավ խաղալ: Այժմ պետք է նախապատրաստվենք իսրայելական «Բնեյ Եհուդայի» հետ հանդիպմանը:

Ակումբի նախագահ Արման Սահակյանը ջանք ու եռանդ չի խնայում ամեն ինչ թիմի համար բարձր մակարդակով կազմակերպելու: Բարձրակարգ լեգեոնականներ ունենք, որոնք մեր տղաների հետ թիմում ներդաշնակություն են ստեղծել:

Նիկոլա Ռակոեւիչ («Ռուդար») - Շնորհավորում եմ «Շիրակին», որն ավելի լավ էր խաղում եւ արժանիորեն հաջորդ փուլ մտավ: Այսօր փորձեցինք ուղղել մեր սխալներն ու հաղթել: Հաշիվը բացելուց հետո հավատում էինք, որ կարող ենք հաջորդ փուլ դուրս գալ, բայց «Շիրակի» խփած գոլն ամեն ինչ վճռեց: Մենք կրկին սխալ խաղացինք, մեր խաղում խոտանը շատ էր: Բաց թողած գոլը մեր պաշտպանների կոպիտ սխալի հետեւանք էր: «Շիրակը» հիանալի օգտվեց մեր սխալներից: Մրցակիցը տակտիկապես գրագետ գործեց:

Սամվել Սարգսյան («Գանձասար») - Առաջին խաղակեսում ավելորդ շտապողականությունը խանգարեց մեր ֆուտբոլիստներին կատարելու առաջադրանքըՙ գրավելու մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում վերջապես հաջողվեց 2 գոլ խփել ու լուծել խնդիրը: Դրան նպաստեցին նաեւ կատարված փոխարինումները: Մասնավորապես Զեեդորֆը լավ մտավ խաղի մեջ ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Այսօր վստահ խաղաց նաեւ թիմի նորեկ դարպասապահ, 19-ամյա Արսեն Բեգլարյանը, որը հետագայում կարող է օգնել նաեւ ՀՀ ազգային հավաքականին: Շվեյցարական «Սերվետի» մասին առայժմ քիչ տեղեկություններ ունենք: Կաշխատենք անհրաժեշտ տեղեկություններ հավաքել ու լավ նախապատրաստվել առաջիկա հանդիպմանը:

Հեյդին Աշկամ («Ստրեյմուր») - Գիտեինք, որ դժվար է լինելու: Այս խաղում խփած գոլը հրաշք կլիներ մեզ համար: Ուստի Երեւան էինք ժամանել 0-0 հաշիվը պահպանելու մտադրությամբ: Առաջին խաղում բավականին ակտիվ Հանսենը վնասվածք ուներ, ուստի միայն խաղավերջում խաղադաշտ մտցրեցի, քանի որ առջեւի գծում մեզ ակտիվություն էր անհրաժեշտ: Առաջին խաղում էլ «Գանձասարն» առավելություն ուներ, սակայն հաջողությունն ուղեկցեց մեզ: Շնորհավորում եմ մրցակցին ու հաջողություն մաղթում հաջորդ փուլում:

Մեր թիմը կիսապրոֆեսիոնալ է: Ֆուտբոլիստները հիմնական աշխատանք ունեն: Թիմում խաղում են ատաղձագործներ, օֆիսներում աշխատող մարդիկ:

Հայ ֆուտբոլասերներին առջեւում ավելի հետաքրքրական հանդիպումներ են սպասում: Հուլիսի 17-ին «Ուլիսը» կմեկնարկի չեմպիոնների լիգայումՙ Երեւանում մրցելով Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ: Իսկ հուլիսի 19-ին Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կանցկացնեն «Շիրակն» ու «Գանձասարը»: «Շիրակը» կհյուրընկալվի Իսրայելի «Բնեյ Եհուդային», իսկ «Գանձասարը» մրցակցի դաշտում ուժերը կչափի շվեյցարական «Սերվետի» հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4