Դժվար թե այս փուլում, երբ Վրաստանում ակտիվորեն նախապատրաստվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որեւէ հանդիպում կամ այցելություն զերծ լինի նախընտրական թեմայից, հատկապես որ վրացական իրականության ընդդիմադիր իրողությունները իշխանություններին ոչ թե հանգիստ լինելու, այլ տքնելու ու ամեն հնարավորությամբ վերարտադրվելու պարտադրանքի առաջ են կանգնեցրել:
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի` հուլիսի 14-ին Երեւան այցելությունը թերեւս միայն այդ օրակարգային տիրույթից չէր, բայց հետաքրքրական է, որ աշխարհագրության առումով գրագետ չներկայացող Վաշաձեի այցի նախօրեին էլ Վրաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Ջավախք:
Զուգադիպություններն, ինչպես ասում են, քաղաքականության հետ առնչություն չունեն. քաղաքական դաշտում զուգադիպում է, երբ առնվազն մեկ իրադարձության հեղինակներն այդպես են ծրագրում կամ ցանկանում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դեսպան Հովհաննես Մանուկյանը հուլիսի 13-ին այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, հանդիպել տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հետ, քննարկել հայ-վրացական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում:
«Դեսպանն ու նահանգապետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային տնտեսական ծրագրի, ենթակառուցվածքների շարունակական մոդեռնիզացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ ջավախահայության ազգային ինքնության պահպանությանն ուղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին: Ձեռք բերվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջը սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն», ասվում է հաղորդագրության մեջ, հավելմամբ, որ դեսպանը նույն օրը մասնակցել է Ախալքալաքի շրջանում` աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում, կարծախցիների համատեղ ջանքերով վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը` վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:
Վիրահայությանը հուզող հարցերին անդրադարձել են նաեւ Երեւանում` հուլիսի 14-ին Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարները, ընդ որում Վաշաձեն ընդգծել է, թե «վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը եւ կարգավորել խնդիրները»: Նալբանդյանն ու Վաշաձեն խոսել են նաեւ «երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության (վերջին տարիներին նման համագործակցության դեպք հիշել չի հաջողվի - Ա. Հ.), էներգետիկ փոխգործակցության ապահովման եւ հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը:
Ինչքան էլ գեղեցիկ խոսքեր գրվեն ու Հայոս-Քարթլոս ընդհանուր ծագման մասին կենացներ ասվեն, միջազգային կառույցներում էլ համագործակցության շոշափումների փորձ արվի, փաստ է, որ հայ-վրացական հարաբերությունները խնդրահարույց են, կիսատ-պռատ, ու թեեւ վրաց-ադրբեջանական շփումներն էլ խնդիրների մի լուրջ փաթեթով են բնութագրվում, հաստատ էլի պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ Վրաստանի նորանշանակ վարչապետ Վանո Մերաբշվիլին երեկ արդեն, թեկուզ աշխատանքային այցով, Բաքվում էր:
Ա. Հ.