Այսօր Ջերմուկում կմեկնարկի շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 5-րդ փուլի մրցաշարը: Ջերմուկը 3-րդ անգամ է դառնում Գրան պրիի մրցաշարերի անցկացման վայր: 2009-ին այնտեղ անցկացվել էր տղամարդկանց շախմատի Գրան պրիի, իսկ հաջորդ տարիՙ կանանց մրցաշարը:
Գրան պրիի մրցաշարերից յուրաքանչյուրի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 40 հազար եվրո է, որը բաշխվելու է 12 մասնակիցների մեջ ըստ ցույց տված արդյունքների: Հաղթողը կպարգեւատրվի 6500 եվրոյով եւ կստանա հաշվարկային 120 միավոր, իսկ եթե միանձնյա հաղթի, ապա լրացուցիչ եւս 40 միավոր կվաստակի: Վերջին տեղ զբաղեցնողը կպարգեւատրվի 1750 եվրոյով եւ կստանա ընդամենը 10 միավոր:
Ջերմուկում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան Գրան պրիի 18 հիմնական մասնակիցների ցանկում է եւ արդեն մասնակցել է նախորդ 3 փուլերինՙ ընդհանուր առմամբ վաստակելով 170 միավոր: Նա հաջող հանդես եկավ Կազանում կայացած Գրան պրիի մրցաշարում եւ մոտ էր առաջին տեղը գրավելուն, սակայն ավարտական 2 տուրերում պարտություններ կրեց եւ միայն 75 միավոր վաստակեց:
Լիլիթ Մկրտչյանը Ջերմուկում փոխարինում է աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին: Մեր շախմատիստուհիների մրցակցուհիները կլինեն աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, Համպի Կոներուն, Չժաո Սյուեն, Եկատերինա Լահնոն, Ցզյույ Վենցզյունը, Նադեժդա Կոսինցեւան, Ժուան Լուֆեյը, Նինո Խուրցիձեն, Բաթյուգալ Մոնգոնտուլը եւ Եկատերինա Կովալեւսկայան: