Թարգմանաբար ներկայացնում ենք catu.su կայքում տեղադրված վերլուծաբան Անդրեյ Արեշեւի վերլուծությունըՙ Սիրիա-Թուրքիա-Հարավային Կովկաս եռանկյան համատեքստում:
Հուլիսի սկզբին ՆԱՏՕ-ի ռազմական նավերի էսկադրան ուղղվեց դեպի Միջերկրականի արեւելքՙ Սիրիային մոտ, տարանցիկ կանգ առնելով Բոսֆորի ափերի մոտ: Պաշտոնապես հայտարարված է, որ արշավի նպատակն է հակազդել «ահաբեկչությանը»: Ընդ որում, ամերիկյան նավերը դեռեւս չեն մասնակցում այդ գործողություններին: Գերմանացի գեներալ Քեհլերն ասել է, որ ՆԱՏՕ-ն չի հանդուրժի, որ ահաբեկչությունը ներթափանցի Միջերկրական ծով: Դա առնվազն կեղծավորություն է. եթե Արեւմուտքը զենքով եւ վարձկաններով չմատակարարեր այդ երկրին, որտեղ այսօր տիրում են անկարգությունն ու ավազակությունը, Բաշար Ասադի կառավարությունը վաղուց արդեն հաղթահարած կլիներ այդ նույն խնդիրը, որի դեմ պայքարի մասին հայտարարել էր նույն Քեհլերը: ՆԱՏՕ-ի նոր ռազմածովային «հակաահաբեկչական առաքելության» իմաստը հետեւյալն էՙ վախ ներշնչել Սիրիային եւ ցուցադրել, որ դաշինքը համերաշխ է Թուրքիայի հետ: Հունիսի 22-ինՙ սիրիական ափերի հակաօդային պաշտպանության «ճեղքերը» փնտրելու ժամանակ թուրքական հետախուզական ինքնաթիռը ոչնչացնելուց հետո, թուրքական իշխանությունների ռազմատենչ հռետորությունը ստացավ «երկրորդ շունչը»: Լուրեր են շրջանառվում, որ Պենտագոնի խորհրդատուների օգնությամբ թուրք-սիրիական սահմանում կտեղակայվեն նորագույն ռադիոլոկացիոն հետեւող համակարգեր, ինչպես նաեւ անօդաչու ինքնաթիռներ:
Սիրիական սահմանին մոտեցվում են ինքնաթիռներ եւ մարտական խմբեր, որոնք կոչված են ցուցադրելու Թուրքիայի վճռականությունըՙ խաղալու իրեն հատկացված դերը այն ներկայացման մեջ, որի արյունոտ վերջաբանը պիտի դառնա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը «հավաքական ինքնապաշտպանության» մասով: Այսօր ամեն մի սադրանք կարող է դառնալ ձեւական պատրվակ Սիրիայի դեմ օդային հարձակումներ սկսելու համարՙ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ըստ CNN-Turk գործակալության տեղեկատվության, թուրքական իշխանությունները պատրաստ են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հետ սահմանի վրա: Անկարան համապատասխան հարցում է փոխանցել Բրյուսելին վերջերս կայացած ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ:
Չնայած «սիրիական հարցը» բազմիցս եղել է բարձր մակարդակում ռուս-թուրքական խորհրդատվությունների առարկա, այնուամենայնիվ դիվանագիտական տարաձայնություններն այդ հարցով միայն խորանում են: Լռում է այսպես կոչված Ռազմավարական համագործակցության խորհուրդը, մյուս կառույցները, որ ժամանակին կազմավորվել էին մեծ շուքով, սակայն նրանց ձեւական համակարգողներըՙ երկու երկրների ԱԳ նախարարները, հանդես են գալիս հակադիր դիրքերից: Եվ դա զարմանալի չէ: Ըստ բազմաթիվ փորձագետների, ռուս-թուրքական հարաբերությունները, չնայած ապրանքաշրջանառության մեծ ծավալներին եւ մի շարք ոլորտներում համագործակցությանը, թելադրված են տվյալ պահով եւ չունեն «ռազմավարական խորություն»: Հակառակ դրան, Անկարայի եւ Վաշինգտոնի կապերը ռազմավարական բնույթ են կրում: Սա է սկզբունքային տարբերությունը:
Եթե Ռուսաստանի համար Սիրիան նրա անվտանգության «հեռավոր առաջադիրքն» է, ապա Անկարայի արտաքին քաղաքականության մեջ նրա ուղեցույցը մնում է Վաշինգտոնը, չնայած նման մոտեցումը լուրջ քննադատության է արժանանում թուրքական հասարակության մեջ եւ հեռանկարում ընդունակ է կտրուկ սրել Թուրքայի ներքաղաքական խնդիրները: Քաղաքական պատերազմը Սիրիայում կարող է ստիպել վերհիշել դարավոր պատմական վիրավորանքները եւ հակասությունները, որոնք քայքայում են թուրքական հասարակությունը: Սակայն ազդեցության ոլորտի ընդլայնման ցանկությունը, ախորժակները սիրիական տարածքների եւ ռեսուրսների նկատմամբ, եւ, իհարկե, ԱՄՆ-ի ազդեցությունը դրդում են թուրքական ղեկավարությանը ընդունել էլ ավելի անհաշտելի դիրքորոշում արեւմտյան հարեւանի նկատմամբ:
Իսկ այժմ անդրադառնանք Կովկասին, որտեղ թուրքական դիվանագիտության գործողությունները գրեթե նույնն են: Ինչպես հայտնի է, Կովկասում սիրիական «թշնամու» փոխարեն կա նույնքան պարզ ուրվագծված «բարեկամ», որին աջակցելը «ժողովրդավարական հասարակության» խնդիրն է: Իհարկե, խոսքը Վրաստանի մասին է, որի նկատմամբ հետաքրքրությունը, դատելով այդ երկիր տարբեր մակարդակի գործիչների կատարած այցելությունների դինամիկայից, նկատելիորեն աճել է: Միայն հունիսին այդ երկիր Հիլարի Քլինթոնի այցից հետո այցելել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, ՆԱՏՕ-ի վերափոխման գծով հրամանատարության հրամանատարի տեղակալ Մեչիսլավ Բինեկը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մի շարք սենատորներ եւ երկրի նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Հայտարարված է Անդրեաս Ֆոգ Ռասմուսենի կայանալիք այցի մասին:
Թուրքական դիվանագիտության աշխուժացումը «վրացական» ուղղությամբ տեղի է ունենում զուգընթաց Անկարայի կողմից սիրիական հակամարտության հանգույցի ակտիվ թեժացմանը: Վերջին ամիսներին Թուրքիայում կազմակերպված մի շարք միջոցառումները, մասնավորապես նվիրված «չերքեզական հարցին», արժանացել են Ռուսաստանի ԱԳՆ սուր կշտամբանքին:
Համադրելով փաստերըՙ ակնհայտ է դառնում, որ, ըստ ամենայնի, Արեւմուտքում որոշումներ կայացնող կենտրոնների համար «Մեծ Կովկասի» հակամարտային ներուժի «օրգանական» ընդգրկումը «Մեծ Մերձավոր Արեւելքի» աշխարհաքաղաքական հավասարման մեջ դարձել է ռազմավարական պլանավորման աշխատանքային տարրը:
Հունիսի 8-ին Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրեցին այսպես կոչված «Տրապիզոնյան հռչակագիրը»: Ենթադրվում է, որ երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմաքաղաքական հարցեր: «Տրապիզոնյան հռչակագրի» ստորագրումը հարմարեցվել է ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնիՙ Հարավայի Կովկասում գտնվելու հետ:
Վրաստան կատարած այցի ժամանակ զենքի ձեռքբերումից բացի, նա Թբիլիսիին խոստացել էր նաեւ աջակցություն ՀՕՊ-ի համակարգի ամրապնդման եւ ՌՕՈւ-ի վերազինման գործում: Վրացական արտաքին քաղաքական փաստաթղթերի համաձայնՙ Վրաստանի եւ հարեւան Թուրքիայի համագործակցությանը, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մեծ դեր է հատկացվում, ինչը չի կարելի անտեսել:
Համագործակցելով Թբիլիսիի հետ, Անկարան ձգտում է ավելի խոր թափանցել Կովկասի տարածք: Աջարիայում թուրքական ներկայության աճը հարցեր է առաջացնում նույնիսկ վրացական ընդդիմության մեջ, որը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում թուրքերը Աջարիան կվերածեն երկրորդ «Հյուսիսային Կիպրոսի» կամ էլ «երկրորդ Կոսովոյի»: Վրացական հասարակության տեսադաշտում են նաեւ այլ հարցեր, օրինակ, մահմեդական կրոնի ընդլայնման հետ կապված, ինչն ուղղափառ Վրաստանում ավանդաբար ընկալվում է լարված ուշադրությամբ: Սակայն ընթացող քաղաքական հաշվարկները վեր են դասվում ե՛ւ պատմական հիշողությունից, ե՛ւ կրոնական զգացմունքներից: Այնպես որ, Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարությունըՙ հիմնականում Ադրբեջանի միջոցներով, շարունակվում է:
Այս ամենը լուրջ մարտահրավեր է նետում ինչպես վրացական-թուրքական երկաթուղային նախագծի սահմաններից դուրս մնացած Հայաստանի առջեւ, այնպես էլ Ռուսաստանի, որի քաղաքականությունը Կովկասում նոր փորձությունների է ենթարկվում: Կարս-Գյումրի երկաթուղին շարունակում է փակ մնալ, սակայն Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թուրքական թերթերից մեկի հետ հարցազրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ն հետագայում էլ առաջ է տանելու հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման գաղափարը: Նրա կարծիքով, երկաթուղային կապը կարող է վերսկսվել նունիսկ առանց սահմանը լրիվ բացելու, ինչը մեծ խթան կդառնա առեւտրի եւ զբոսաշրջության բնագավառում: Ըստ ամենայնի, Վաշինգտոնը նպատակ ունի դրանով չեզոքացնել Բաքվի առարկությունները, ըստ որի նա պահանջում է հայ-թուրքական հարաբերությունների որեւէ ջերմացում սերտ կապակցել ԼՂ հակամարտության կարգավորման հետ, ի դեպՙ բացառապես Ադրբեջանի պահանջներից ելնելով:
Պարզ չէՙ ինչպես դա կստացվի առեւտրի եւ զբոսաշրջության առումով, սակայն որոշակի տեսակի բեռների փոխադրման դեպքում պարոն Հեֆերնի առաջարկած տարբերակը շատ կօգնի, հատկապես եթե տապալեն Բաշար Ասադին (որից հետո, ինչպես համոզված են բոլորը, կգա եւ Իրանի հերթը): Ավելի ուշ Երեւանում պարոն Հեֆերնը ավելի մանրամասն անդրադարձավ իր «սիրելի դարձած» թեմային: Նա հիշատակեց բանակցությունները հայ եւ թուրքական ընկերությունների միջեւ երկու երկրները միացնող օպտիկաթելքային (օպտիկամանրաթելային) մալուխի անցկացման շուրջը:
Թուրքական ռազմական բռունցքի ստեղծումը սիրիական սահմանի վրա, Անկարայի բուռն դիվանագիտական ակտիվությունը Կովկասում ուղեկցվում են ոչ պակաս նշանակալի նախաձեռնություններով Կենտրոնական Ասիայում, որտեղ Թուրքիան, նորից հետեւելով Վաշինգտոնին, ավելի համառորեն է ընդգծում իր շահերը: Եվ հարցը, թե կարո՞ղ է անկայունության օջախների բազմացումը Մերձավոր Արեւելք - Կովկաս - Կենտրոնական Ասիա աշխարհաքաղաքական աղեղի վրա հասնել նոր պայթյունավտանգ որակիՙ կլանելով արդեն նաեւ Ռուսաստանի Դաշնության տարածքը, ծառանում է իր ողջ չափով...
Թարգմ.ՙ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՅԱՆ