«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2012-07-17 | #129, 2012-07-18 | #130, 2012-07-19


ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2013 թ. կմեկնարկի բակալավրի աստիճան շնորհող ծրագիրը

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանը իր գործունեության երրորդ տասնամյակի սկզբնաշեմին հայտարարում է միանգամայն նորՙ բակալավրի աստիճան շնորհող ծրագրի իրագործման եւ դրա հեռանկարների մասին: Մեր երկրի անկախության հռչակումի առաջին իսկ օրերից գործող համալսարանը նպատակաուղղված է բարձրորակ կրթություն ապահովելՙ առաջնորդվելով կրթության ժամանակակից ոգով, հիմքում ունենալով արեւմտյան կրթական մեթոդներ, մոտեցումներ, չափանիշներ: Մինչեւ այսօր գործող ուսումնական ծրագրերը ներկայացնող մասնագիտացված 7 հիմնական բաժինները շրջանավարտներին շնորհում են մագիստրոսական կոչում: Անցնող 20 տարիների վիճակագրությունը հավաստում է, որ շրջանավարտների (շուրջ 2000) 75-80 տոկոսը մնում է մեր երկրումՙ մասնագիտական կարողությունները ծառայեցնելով ի նպաստ Հայաստանի տնտեսական եւ այլ բնագավառների զարգացումներին:

Անցած տարի ՀԱՀ-ի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանը մեր թերթին տված հարցազրույցում ներկա շրջանի ֆինանսական եւ այլ դժվարությունների համատեքստում նկատեց, թե նման իրավիճակները սովորաբար թելադրում են երկու հիմնական ճանապարհՙ կամ կրճատել ընդհանուր ծախսերը, կամ հակառակըՙ ընդլայնել ծրագրերը: Համալսարանը բնականաբար ընտրեց վերջինը: Ահավասիկՙ այս ճանապարհի առաջին խոշոր համարձակ քայլըՙ բակալավրի աստիճան շնորհող նորամուտ ծրագիրը, որ հանրային ուշադրության ներկայացվեց ՀԱՀ-ի «Ագեան» սրահում կայացած Բրյուս Պողոսյանի երեկվա մամլո ասուլիսին:

Այս ծրագիրը ի տարբերություն գործող մագիստրոսական կրթության, Հայաստանի ամերիկյան համալսարանում բարձրագույն ուսում ստանալու հնարավորություն ընձեռելու է նաեւ ավագ դպրոցի շրջանավարտներին: Ծրագիրը գործելու է 2013 թվականի սեպտեմբերիցՙ երեք մասնագիտություններովՙ գործարար կառավարում (հաշվապահություն, շուկայական գիտություն, տնտեսագիտություն, ընդհանուր գործարարություն), հաշվողական գիտություններ (մաթեմատիկական մոդելավորում, համակարգչի գիտություն, ընդհանուր հաշվողական գիտություններ), անգլերեն եւ հաղորդակցություն (հասարակայնության հետ կապեր, գրավոր խոսք եւ թարգմանություն, ընդհանուր անգլերեն):

ՀԱՀ-իՙ Միացյալ Նահանգների կողմից հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության (այս հավատարմագրումը համալսարանը ստացել է առավելագույնՙ 7 տարի ժամանակահատվածով) առավելությունը վերաբերում է նաեւ այս նորՙ բակալավրի աստիճան շնորհող ծրագրին: Արեւմտյան դպրոցների եւ քոլեջների ասոցիացիայի ավագ դպրոցների եւ համալսարանների հավատարմագրման հանձնաժողովի այս հավատարմագրումը հավաստիացնում է ծրագրի որակական բարձրագույն կրթական չափանիշները եւ այդունավետությունը: Ծրագիրը ամերիկյան կողմի հավանությանն է արժանացել եւ լիցենզավորված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից:

Կրթական նոր ծրագիրը նախատեսում է ներգրավել տարեկան 300 ուսանողՙ ոչ միայն Հայաստանից, նաեւ Սփյուռքից: Այս տարիներին ՀԱՀ-ի ուսանողության մի մասը ներկայացնում է արտերկիրը, որոնք հիմնականում Իրանից են, Մերձավոր Արեւելքից, Միացյալ Նահանգներից: ՀԱՀ-ի նախագահը բակալավրի ծրագրով ակնկալում է ուսանողների ավելի քանակ (նշվեց որ Մ. Նահանգներում հավատարմագրված սփյուռքահայ ուսանողները ՀԱՀ-ում մեկ տարի սովորելով կարող են վերադառնալ եւ այստեղ ստացած կրեդիտներն օգտագործել ԱՄՆ-ում):

Բակալավրիատի ուսման տեւողությունը 4 տարի է, տարեկան երկու կիսամյակ: Ուսուցման լեզուն անգլերենն է, որոշ դասընթացներ, ինչպես հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը կատարվելու է հայերենով: Ընդունելության համար դիմորդից պահանջվելու է գիտելիքների ստուգում անգլերենի (սովորաբար TOEFL կամ IETLS քննության արդյունք) եւ մաթեմատիկայի իմացություններից եւ հայոց լեզվից:

Ուսումնական առաջին տարվա ընդունելության դիմումները սկսվելու են 2013-ի հունվարի 15-ից մինչեւ 2013 ապրիլի 15-ը: 2013-ի աշնանային ընդունելության համար անգլերենի եւ մաթեմատիկայի թեստերը դիմորդները պետք է հանձնեն 2012 թ. աշնան կամ ձմռան (հունվարից-մարտ, 2013) ամիսներին: Բակալավրի աստիճանի ուսման համար սահմանված են համապատասխան վարձավճարներ: Հայաստանի ամերիկյան համալսարանը կրթության վճարների հետ կապված ընդգծված մոտեցում ու վերաբերմունք ունի, այն էՙ առավելագույնս մատչելի դարձնել կրթությունը ուսանողներին:

Համալսարանի մշակած քաղաքականության հիմնական դրույթը որեւէ ուսանողի անվճարունակության պատճառով ուսումնառությունից չզրկելն է: Ընդունելության որոշիչ պայմանը գիտելիքի առաջնայնությունն է եւ այն սոցիալական խնդիրը մղում է հետին պլան: Համալսարանը ֆինանսապես կարիքավոր ուսանողների համար անպայմանորեն գտնում է աջակցության հնարավորությունՙ կրթաթոշակի, ուսման վարձի աստիճանական մարման կամ աջակցման եւ այլ միջոցներով:

«ՀԱՀ-ը որդեգրել է ամբողջական ֆինանսական աջակցության քաղաքականություն, այն էՙ որեւէ հայ ուսանող չի զրկվի ՀԱՀ-ում սովորելուցՙ անվճարունակության պատճառով: Այսինքնՙ ուսանողները ընդունվում են բացառապես իրենց ակադեմիական գիտելիքների վրաՙ անկախ վճարունակությունից: Այն բուհերը, որոնք երկուստեք հիմնված են ամբողջական ֆինանսական աջակցության վրա եւ հաշվի չեն առնում անվճարունակությունը, աշխարհում հազվադեպ են պատահում», հավաստեց Բ. Պողոսյանը:

ՀԱՀ-ը կրթության բարձր որակն ապահովում է նախ եւ առաջ շնորհիվ ուսուցման ծրագրերի մեթոդների եւ սկզբունքների եւ, իհարկե, պրոֆեսորադասախոսական լավագույն կազմի, որի մի մասը Միացյալ Նահանգներից եւ եվրոպական երկրներից է, ինչպես նաեւ արտերկրում կրթություն ստացած կամ կատարելագործված հայաստանցի մասնագետներ: «ՀԱՀ-ում բոլորս ոգեւորություն ենք ապրումՙ հասնելով Հայաստանի եւ տարածաշրջանի ապագա արհեստավարժների համար բարձրորակ բակալավրի աստիճան շնորհող ծրագրի այս նոր ելակետին: Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ամերիկյան կրթությանը եւ առաջարկել ակադեմիական կրթությունՙ ակնարկելով կենսունակ, միջազգային պրոֆեսորադասախոսական կազմ եւ ուսանողներ Հայաստանից ու արտերկրից», նոր ծրագրի հայտարարության իր խոսքում ասաց նախագահ Բրյուս Պողոսյանը:

Այս հանգրվանը ՀԱՀ-ի ուսումնական գործընթացում հիմնավոր փոփոխություն է կատարում եւ, անշուշտ, ենթադրում է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների ընդլայնում: Նկատի ունենալով այս հանգամանքը, ՀԱՀ նորանշանակ պրովոստ Ն. Դենիս Լեւանսը շնորհակալական խոսք ուղղեց ՀԱՀ հոգաբարձուների խորհրդին, ողջ աշխարհում համալսարանի համակիրներինՙ շռայլ աջակցության համար, որի շնորհիվ է հնարավոր բակալավրի եւ մագիստրոսի ծրագրեր սովորող ուսանողներին առաջարկել կրթաթոշակ եւ ուսման օժանդակություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4