Պնդում են Գյումրու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները
Այսօր Գյումրու կենտրոնական հրապարակի երեք կողմերում մեկական գործող բանկ կա: Քաղաքապետարանը նախատեսում է նույնպիսի «հասարակական նշանակության օբյեկտի» կառուցում նաեւ չորրորդ կողմում` հրապարակին հարող Շահումյան 188 շենքի կողային հատվածումՙ սրանից մի երկու տարի առաջ ճանապարհահատվածի կառուցման պատրվակով վերացված նախկին կանաչ տարածքում:
Նման կարեւոր քաղաքաշինական հանգույցի ծրագրվող փոփոխության վերաբերյալ հասարակայնության կարծիքը հաշվի առնելու համար, ինչը համապատասխան օրենքի պահանջն է, տեղական ինքնակառավարման մարմինը հուլիսի 17-ին հասարակական քննարկում էր կազմակերպել:
Քննարկմանը ներկայացած թեկուզ ոչ մեծ թվով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու այլ մասնակիցներ ոչ միայն կտրականապես դեմ արտահայտվեցին տվյալ հատվածի կառուցապատմանը, այլեւ հրապարակեցին ու կազմակերպիչ կողմին տրամադրեցին համապատասխան հայտարարություն` այս օրերին կազմված եւ ստորագրված Գյումրիում գործող «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների, «շահագրգիռ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ»:
«Գյումրու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ,- արդեն տասը տարուց ավելի եղել եւ մնում է Գյումրու ներկայիս տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վարվող անհեթեթ, քաղաքային միջավայրն աղճատող եւ ամենաանհիմն քաղաքականությունը մեր համայնքի նկատմամբ»: Բերելով քաղաքաշինական եւ բնապահպանական բազմաթիվ նորմերի խախտման քաղաքականության օրինակներից երկուսը` վերջին տարիներին նույն այդ կենտրոնական կամ Վարդանանց հրապարակը գոտեւորման նախագծով նախատեսված կանաչ հրապարակի փոխարեն քաղաքային բյուջեից 182 մլն դրամ խլած քարե գորգով պատելը, Չերազի եւ Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող, վերը նշված մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցումը, որի համար ոչ միայն ծախսվեց 52 մլն դրամ, այլ նաեւ հատվեցին ավելի քան 40 ծառ ու թուփ, հայտարարության հեղինակները նշում են, թե արդեն երկու տարի քաղաքի հասարակական կազմակերպությունները դիմել են քաղաքապետին` խնդրո առարկա տարածքն ըստ ձեռք բերված պայմանավորվածության կանաչապատելու թույլտվություն ստանալու խնդրանքով, բայց անհասկանալի պատճառներով մերժում են ստացել: Հիմա, ըստ իրենց, պարզ է դառնում, թե ինչու:
«Ամերիաբանկ ՓԲԸ-ն,- նշվում է հայտարարության տեքստում,- իբր թե Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու վեհ նպատակով ուզում է այդ տարածքում բանկային շենք կառուցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` քաղաքային իշխանությունները, այդ իրավունքը չունենալով, արդեն օտարել են տվյալ տարածքը եւ հիմա կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխության մասին հանրության իրազեկման, քաղաքաշինական ծրագրի եւ նախագծերի քննարկման ու որոշումների կայացմանը հասարակայնության մասնակցության ապահովման կեղծ նպատակով իրականացնում են հանրային քննարկում, որն ի սկզբանե կրում է ձեւական բնույթ եւ չի կարող համարվել օրինական հանրային քննարկում»:
Փաստաթուղթը ստորագրած առայժմ 15 հասարակական կազմակերպությունները եւ նույնքան քաղաքացիները` քաղաքի բուհերի դասախոսներ, տնտեսագետներ, լրագրողներ, այլ մասնագիտությունների տեր մարդիկ, պահանջում են հրաժարվել այդ տարածքի կառուցապատման մտքից, դրան վերադարձնել հասարակական կանաչ տարածքի իր նախկին կարգավիճակը: Իսկ Շահումյան 188 շենքի դեպի Վարդանանց հրապարակին նայող կողային ճակատն առաջարկվում է ձեւավորել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական միջավայրին հարիր խճանկարով կամ գտնել ճարտարապետական այլ խելամիտ լուծում:
Նաեւ պահանջ է դրվում դադարեցնել նման հարցերում ՏԻՄ-ի կողմից «արդեն մեկ տասնամյակ վարվող հակահասարակական քաղաքականությունը», պատասխանատվության ենթարկել առանց օրինական հանրային լսման տվյալ տարածքի օտարման որոշում կայացրած պաշտոնյաներին:
Գ. Մ.
Խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ հակառակ կողմի տեսակետը: