«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2012-07-17 | #129, 2012-07-18 | #130, 2012-07-19


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱԿ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Հուլիսի 16-17-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի 2-րդ եւ 3-րդ պարբերական զեկույցները: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի պատվիրակության կազմում, որ ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը , ընդգրկված են եղել արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի եւ ոստիկանության ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն, ըստ հաղորդագրության, անցել է «կառուցողական երկխոսության մթնոլորտում` կոմիտեի առաջարկած թեմատիկ հարցերի շրջանակում»: Աշոտ Հովակիմյանը 18 անկախ փորձագետներից կազմված կոմիտեին ներկայացրել է զեկույցը, թե Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի շրջանակներում ուր է հասել Հայաստանն իր պարտավորությունների կատարման առումով եւ թե ինչ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել: Հովակիմյանը խոսել է նաեւ Հայաստանի ձեռնարկած ու նախատեսվող քայլերի մասին:

Զեկույցի քննարկմանը հաջորդելու է կոմիտեի եզրակացությունների եւ առաջարկությունների ընդունումը:

ԱԳՆ հաղորդագրությունը նաեւ տեղեկացնում է, որ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը Ժնեւ այցի շրջանակներում հանդիպել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Սվեն Ալկալայի հետ: Եթե Ալկալայի հետ քննարկվել են կազմակերպության շրջանակներում Հայաստանի միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր, ապա ԿԽՄԿ նախագահի հետ անդադարձել են կոմիտեի եւ Հայաստանի համագործակցության խնդիրներին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4