«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2012-07-17 | #129, 2012-07-18 | #130, 2012-07-19


«ԹԵԿԱԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԿԱՄ ԿՐԿԻՆ ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆ

Հակամարտություններն ու խնդիրները միշտ «ճարպիկներին» հնարավորություն են տալիս առնվազն վաստակելու

Հայ-ադրբեջանական մարդկային կոչվող շփումների շրջանակներում կազմակերպվող տարբեր հանդիպումները, առավելապես եւ մասնավորապես լրագրողական հարթակներում, առանձնակի արդյունավետությամբ չեն փայլել ու դեռ երեւի երկար ժամանակ չեն փայլի, ճիշտ այնպես, ինչպես այդպիսի արդյունավետության բարձր ակնկալիքները բախվում են տխուր իրողություններին հայ-թուրքական նմանօրինակ ձեւաչափերի պարագայում:

Սեփական դիտարկումների ու եզրահանգումների հիման վրա այսպիսի իրավիճակի հիմնական պատճառ կարելի է նշել կազմակերպվող միջոցառումների ու հանդիպումների մասնակիցների ընտրության պահը, երբ հավաքվում ու մյուս երկրների գործընկերների հետ հանդիպման են տարվում երբեմն անտեղյակ, ուղղակի այդ հարցով չհետաքրքրվող կամ էլ ժամանցի հետեւից ընկած թեկնածուներ: Ստացվում է, որ նման նախագծերն անօգուտ ու անիմաստ են, թեեւ հենց զուտ մարդկային հարաբերությունների հարթակում պետք է որ ի հայտ գան համերաշխության ու հաշտության առաջին նշանները:

Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ու այդ կարգի այլ միջոցառումներին մասնակիցների ընտրության ընթացքում ոչ մասնագիտական մոտեցմանն ու թերացումներին ավելանում են նաեւ հենց մասնակիցների թյուրընկալումները, թե իրենք երկիր են ներկայացնում, ինչի պատճառով էլ ավել-պակաս խոսում ու հայտարարություններ են անում, երբ, շատ դեպքերում, սեփական կարծիքը ներկայացնելուց ավելին ասելու ոչ իրավունք, ոչ էլ ուղեղ ունեն:

Այդպիսի դեպքերի օրինակները շատ են, երբ այս կամ այն կողմից մեկը վերցնում ու այս կամ այն բնակչության անունից հայտարարություններ է անում, հետո էլ ընկնում ավելորդ ու արդեն ուշացած պարզաբանումներ անելու անհրաժեշտության տակ, քանի որ ժողովրդի, բնակչության անունից խոսող նախագահների ու այլ բաւրձրաստիճան անձանց դեպքում անգամ, լեգիտիմության առումով, հարց է դրվում, թե արդյոք տվյալ մարդն իրավունք ունի՞ այդքան ներկայացուցչական խոսք ասելու: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրինակը բավարար է համոզվելու, որ թուրքական կողմից սեփական իշխանություններին, հայկական կողմում ստորագրողներին ուղղված քննադատությունը ամենից առաջ հենց այն շեշտադրումն ուներ, թե ինչ իրավունքով են կողմերը բոլորի անունից համաձայնություն կնքել:

Ինչեւէ, հերթական մի «սահմանային», հետն էլ «հանրային» քննարկում նախատեսվում է Վրաստանի Թեկալի գյուղում անցկացնել հուլիսի 21-ին` «Թեկալյան գործընթաց. շփման գծում իրավիճակի վրա ազդեցության մեխանիզմները» վերտառությամբ: «Կովկասյան միություն» անվան տակ տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հարավկովկասյան երեք երկրների սահմանների հատման կետում գտնվող Թեկալի գյուղում կազմակերպվող քննարկմանը մասնակցելու են Աղստաֆայի, Բաքվի, Գյումրու, Գյանջայի, Երեւանի, Իջեւանի, Ղազախի, Մառնեուլիի, Նոյեմբերյանի, Թովուզի ու Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային գյուղերի բնակիչները:

Այս «հանրային լսումներ» ներկայացվող քննարկումը, պարզվում է, կազմակերպել են «Թեկալի» ընկերակցությունը (Վրաստան), Տարածաշրջանային գործընկերության ու համայնքների զարգացման կենտրոնը (Ադրբեջան), խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան) եւ Վաշինգտոնում տեղակայված Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED):

Ծրագրում նախատեսվում է մի քանի թեմաների ներկայացում: Մասնավորապես, Զաուր Դարգալին Մառնեուլից, Մագերամ Գոյուշօղլուն Ղազախից եւ Ոսկան Սարգսյանը Նոյեմբերյանից խոսելու են «Թեկալյան գործընթաց. Մերձսահմանային ռեսուրսները» թեմայով, Զարդուշտ Ալիզադեն Բաքվից եւ Գեորգի Վանյանը (ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու մտադրությունն ամեն գնով իրագործելու ցավով տառապած-Ա. Հ.) Երեւանից կներկայացնեն «Շփման գծում իրավիճակի վրա ազդեցության մեխանիզմները», իսկ Բերնարդ ՕՍալլիվանն ու Սթիվ Յանգը Բրյուսելից կանդրադառնան «Խաղաղապահ ուժեր առանց բռնության. աշխատանքի փորձն ու ծրագրերը Կովկասում» թեմային:

Տեղեկացնենք, որ «Խաղաղապահ ուժեր առանց բռնության» կազմակերպությունը, որ խաղաղապահներ, ըստ կազմակերպության պաշտոնական կայքէջի, ունի Ֆիլիպիններում, Հարավային Սուդանում եւ Հարավային Կովկասում, որպես իր նպատակ ներկայացնում է հակամարտող կողմերի միջեւ երկխոսությանն աջակցությունն ու «պաշտպանական ներկայություն է ապահովում սպառնալիքի տակ գտնվող քաղաքացիական բնակչության համար»:

Որ թեկալյան ներկայացվող գործընթացով փորձ է արվում փոխինտեգրելու հարավկովկասյան հասարակությունները, կարելի է ողջունել, սակայն հաշվի առնելով, թե ովքեր են կազմակերպիչներն ու հատկապես մասնակիցները` կարելի է ենթադրել, որ տվյալ դեպքում էլ գործ ենք ունենալու ոչ միայն այստեղից-այնտեղից հայթայթած դրամաշնորհներն արդարացնելու ցանկության ու ձգտման հետ, այլեւ կարվեն հայտարարություններ, այն էլ երեք կողմերի անունից, որոնց հետեւում կարող են կանգնել միայն հենց հայտարարություն անողները:

Հակամարտող կամ խնդիրներ ունեցող մարդկային հատվածների շփումների կազմակերպումը չպետք է լինի դրամաշնորհային միջոցների արդարացում, այլ իրական պահանջ, որ ձեւավորվում է տեղերում, ու նույն դոնորներին մնում է միայն ապահովել շահագրգիռ կողմերի համատեղ հանդիպում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4