ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հուլիսի 18-ին հյուրընկալվեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամառային ճամբարում, որտեղ նա հանդիպում ունեցավ կազմակերպության կողմից իրականացվող եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրին մասնակցած շուրջ 140 լավագույն աշակերտների հետ, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցներ:
Այս արդիական եւ երիտասարդ սերնդի դաստիարակության համար անչափ կարեւոր ծրագիրն իրականացնելու նպատակով դեռեւս անցյալ տարի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջեւ կնքվեց հուշագիր, որը հնարավորություն ընձեռեց ընկերության մասնագետներին ներգրավել որպես ծրագրային խորհրդատուներ եւ կազմակերպել աշակերտների գործարար այցելություններ ընկերության կենտրոնական եւ մարզային գրասենյակներ:
Վերոհիշյալ ծրագրի շնորհիվ աշակերտները ուստարվա ընթացքում հնարավորություն են ունեցել ձեռք բերելու տնտեսագիտական եւ ֆինանսական կայուն գիտելիքներ եւ, ապա, գործարար ընկերություններ հիմնելու միջոցով դրանք կիրառել կյանքում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը եւ մշակել են իրենց աշակերտական գործարար ընկերությունների ԿՍՊ ռազմավարությունները:
Իսկ ամառային ճամբարը կազմակերպվում է ծրագրում զգալի հաջողություններ եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին խրախուսելու, ինչպես նաեւ նրանց տնտեսագիտական գիտելիքները եւ գործարար հմտություններն ամրապնդելու եւ նորարարական մտածելակերպը զարգացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ճամբարի մասնակիցներին ներկայացրեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեության հիմնական ուղղությունները եւ ընկերության կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության դրույթները:
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության թեման այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրելիս աշակերտների համար ոչ պատահականորեն ընտրվել է Հայաստանում ԿՍՊ մշակույթի տարածման առաջամարտիկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության փորձը», - նշեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը :
«Ցանկացած գիտելիք ոչինչ է, երբ տեսությունից այն կողմ չի անցնում: Կառավարման հարցում դա անթույլատրելի է: Կառավարումը, ինչպես աշխատող շարժիչը, հասուն տեխնոլոգիա է: Այն պահանջում է անընդհատ կատարելագործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ոչ ավանդական կառավարման ձեւ է, որը շահույթ ստեղծելու ընթացքում ավելի խորն է ուսումնասիրում բոլոր շահառուների հետաքրքրություններն ու շրջակա միջավայրի խնդիրները: Այդ ամենի հիմքում գործում են բիզնես էթիկայի կանոնները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: