Թեպետ Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հզորությունը կազմեց 9 բալ, սակայն շնորհիվ կառույցների սեյսմակայունության, բնագավառում ճապոնացի ճարտարապետների գիտական մշակումների, հաջողվեց խուսափել առավել մեծ վնասներից: Երկրաշարժից առաջացած հզորագույն ցունամին ընդգրկեց 500 կմ առափնյա տարածք եւ ավերեց բազում քաղաքներ: Ցունամին կործանեց պատնեշները, ինչի հետեւանքով մեծ քանակությամբ փայտե կառույցներ հայտնվեցին ծովում, իսկ շենքերի բետոնե եւ պողպատե կոնստրուկցիաները զգալիորեն վնասվեցին: Այս իրավիճակը ցույց տվեց, որ բնակելի տները եւ բազմահարկ շենքերը դառնում են անչափ խոցելի եւ փխրունՙ բնության արհավիրքների առջեւ: Ճարտարապետները չէին կարող անմասն մնալ տվյալ իրավիճակում: Որպեսզի գտնեն այն հարցի պատասխանը, թե ինչ կարելի է անել շենքերն էլ ավելի կայուն եւ հուսալի դարձնելու համար, ողջ երկրի ճարտարապետներն անցան ակտիվ գործունեության: Շատ ճարտարապետներ անմիջապես արձագանքեցին ստեղծված իրավիճակին` հետեւելով հայտնի ճարտարապետ Սիգերու Բանի օրինակին, որը մասնակցել էր Հանսինի երկրաշարժից հետո փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն խումբը, որն իրեն անվանում էր KISYN, որը հիմնադրվել է 20-րդ դարի 40-50- ականներին: Խումբը վերամիավորվեց 2011թ մարտին` մշակելով «Տուն բոլորի համար» նախագիծը:
Օրերս մեկնարկեց «3.11- Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում երկրի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան, Ճապոնական հիմնադրամի, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի` հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի կողմից:
Ցուցահանդեսը նվիրված էր ոչ միայն Տոկիոյի ճարտարապետների աշխատանքներին, այլեւ ներկայացված էր տուժած շրջաններում ճարտարապետների գործունեությունը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ծանոթացնել օտարերկրացիներին այն գործունեությանը, որ ծավալել են Ճապոնիայի ճարտարապետներն աղետի գոտու վերականգնման համար: Ելնելով սրանից, նախագիծը բաղկացած է 3 մասից: Առաջին մասը ներառում է պատմություն տարերային աղետից հետո առաջին ժամերի ընթացքում ձեռնարկված արտակարգ միջոցների եւ տեղահանվածների ճամբարներում հայտնված մարդկանց մասին: Երկրորդ մասը նվիրված է ժամանակավոր կացարաններին, իսկ երրորդը ներառում է տուժած շրջանների վերականգնման նախագծերը: Նաեւ, 2011թ. նոյեմբերին մրցութային կարգով ընտրված նախագծերի միջոցով ցուցահանդեսն ընդգծում է այն ուղիները, որոնցով ճարտարապետները արձագանքեցին անմիջապես աղետից հետո:
Անդրադառնալով հայ-ճապոնական համագործակցությանըՙ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Համագործակցությունը Ճապոնիայի հետ սկսվել է 2005թ. եւ սա համագործակցության շարունակությունն է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսած 2010թ.-ից համագործակցությունը ընդլայնել է: Ինչպես գիտեք, նույն թվականին Ճապոնիայի մեր գործընկերներից ստացանք 28 հրշեջ-փրկարարական մեքենաներ: Ըստ իս, ամենաթանկ բանն այսօր տեղեկատվությունն է, եւ մենք պատրաստ ենք տեղեկատվություն տրամադրել մեր բոլոր գործընկերներին: «Ջայկայի» ծրագրի շրջանակում մենք համագործակցում ենք ճապոնացի գործընկերների հետ: Նման ցուցահանդեսները անհրաժեշտ են, որպեսզի ավելի զգոն լինենք»:
Նշենք, որ Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Մոտոյուկի Իսիձեն կարեւորում է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա խորացումը, տարերային աղետների եւ դրանց հետեւանքների վերացման գործում համատեղ աշխատանքը:
Հատկանշական է, որ ցուցահանդեսը տեղի է ունենում մի երկրում, որը եւս տարիներ առաջ ապրել է տարերային աղետի ցավն ու կորուստը:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ