Դավիթ Բալասանյան
«Մեր օրերի արվեստն ընկալելու համար, ինչպես բոլոր դարաշրջաններում, հարկավոր է ճկուն միտք, երեւակայություն, ցանկացած նոր բանի հանդեպ բաց սիրտ ու մի փոքր վստահություն` հեղինակին» - Դավիթ Բալասանյան
Դավիթ Բալասանյանը երիտասարդ այն կոմպոզիտորներից է, ում ստեղծագործություններում բացահայտվում է նրան բնորոշ հետաքրքրական եւ խորքային ինքնատիպ մտածողությունը. «Ամեն մի ստեղծագործություն դա հաղթահարման փորձ է, եւ ստեղծագործելու ցանկացած պահի հազարավոր խնդիրներ են առաջանում: Նպատակն է հասնել մի արդյունքի, որ առաջին հերթին ինձ զարմացնի»:
Կոմպոզիտորը ծնվել է 1983թ. Երեւանում: 2000-2005թթ սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (պրոֆ. Աշոտ Զոհրաբյանի դասարան), իսկ 2005-2008թ` նույն բաժնի ասպիրանտուրայում` պրոֆ. Ա. Զոհրաբյանի ղեկավարությամբ: 2006թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 2009թ-ից աշխատում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Միջազգային եւ հանրապետական մրցույթների մրցանակակիր է:
Նա ստեղծագործում է հիմնականում կամերային-գործիքային ժանրում: Բացի դրանից հեղինակ է սիմֆոնիկ, խմբերգային եւ վոկալ-գործիքային երկերի: Կոմպոզիտորի ստեղծագործություններին բնորոշ է մի կողմից` ներքին հուզմունքը, մտածկոտությունը, մյուս կողմից` մտքի ակտիվությունը եւ շարժուն հնչողությունը: Նրա գործերը տպագրվում են «Sordino» շվեյցարական երաժշտական հրատարակչությունում:
Բալասանյանի ստեղծագործական որոշակի փուլում տարբեր շրջանի յուրաքանչյուր կոմպոզիտոր յուրովի ազդեցություն է ունենում. «Կոնսերվատորիայում ուսումնառության տարիներին եւ մինչ օրս միշտ սովորելու բան ունեմ եւ ինչպես կանոն, լսելով ուրիշի ստեղծագործությունները, ուսումնասիրելով դրանք ավելի շատ տեխնիկայի տեսանկյունից, լսում եմ այն որպես կոմպոզիտոր, քան սովորական ունկնդիր: Իմ ստեղծագործական կոնկրետ փուլում ինձ որոշակի կոմպոզիտորներ են գրավում: Ավարտելով գործս` տվյալ ստեղծագործությունս, այնքան եմ հագենում, որ կամա թե ակամա բնականոն պահանջ է առաջանում չկրկնվելու, եւ անելու մեկ այլ բան: Այլ խոսքովՙ հագենում եմ այդ կոմպոզիտորից եւ... ինքս ինձնից»:
Պրոֆեսսոր Աշոտ Զոհրաբյանի բնորոշմամբ` «կոմպոզիտոր Դ. Բալասանյանն իր սերնդի ամենացայտուն ներկայացուցիչներից է: Նրա վառ անհատականության կայացմանը խորապես նպաստեց արդի եվրոպական երաժշտության տարբեր ուղղությունների ուսումնասիրությունը: Միեւնույն ժամանակ ազգային երաժշտության լադային մտածողության խորն արմատների ընկալումը նպաստեց Բալասանյանի` կամերային ժանրում յուրօրինակ գունային լուծումներով եւ ձեւի ու ռիթմի առումով կազմակերպված, երկերի ստեղծմանը: Ունկնդիրը նրա ամեն մի նոր ստեղծագործության սպասում է առանձնակի հետաքրքրությամբ»:
Ինչպես եւ շատ երիտասարդ կոմպոզիտորներ, Դ. Բալասանյանը նույնպես ունի իր մտահոգությունները` կապված ստեղծագործող արվեստագետների դրսեւորման հետ. «Այն, որ գրում եմ հիմնականում կամերային-գործիքային ժանրում, պայմանավորված է ոչ միայն իմ ներքին լսողությամբ, այլ նաեւ օբյեկտիվ պատճառներով: Չեն կատարվում կոնսերվատորիայի շրջանավարտների սիմֆոնիկ ստեղծագործությունները: Դա նույնն է, եթե Ա.Բաբաջանյանն իր ուսումնառության տարիներին գրի իր «Հերոսական բալլադ»-ը` դիմելով նախարարությանը, ստանա պատասխան` «մենք չունենք համապատասխան ֆինանսավորում»: Գալիս ենք այն եզրահանգմանը, որ մշակույթի նախարարությունը չունի մշակութային կոնկրետ, հստակ ծրագիր, կան միանգամյա նախագծեր, ինչը չի կարող նպաստել ստեղծագործող արվեստագետների բնականոն իրականացմանը»: Պետք է նշենք, որ կոմպոզիտորի երաժշտությամբ հետաքրքրված են հատկապես արտերկրում, ինչի հետեւանքով ստեղծվում են համագործակցություններ աշխարհի տարբեր փառատոների հետ:
Իր ստեղծագործություններում Բալասանյանն անընդհատ փնտրում է մի նոր բան եւ արդյունքում, թվում է որոշ առումներով մնում է չբավարարված: Կարծում եմ տեղին է հիշել 19-րդ դարի ֆրանսիացի գրող Ժյուլ Ռենարի խոսքերը` «մշտապես մնալ չբավարարված - դրա մեջ է ստեղծագործելու էությունը»:
Ի դեպ, կոմպոզիտորը գրում է նաեւ բանաստեղծություններ, որոնցից շատերը ընդգրկվում են իր «Արահետներ» գրքում:
ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ, Երաժշտագետ, կոմպոզիտոր