«Ազգը» պարբերաբար անդրադարձել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող ծրագրերին: Ապրիլ ամսից մեկնարկած փառատոնի ծրագրում արդեն կայացել են «Գրողների համահայկական համաժողովը» եւ «Պարի փառատոնը»:
Երեկ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը եւ «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը տեղեկացրին, որ հուլիսի վերջին կմեկնարկի «Անհատ կատարողների օրեր», իսկ օգոստոսինՙ «Երգչախմբային արվեստի օրեր» ծրագրերը: Փառատոնի նպատակն է հայապահպանությունը, հայահավաքությունը, Հայաստան-Սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդումը: Պրն Հարոյանը անդրադառնալով պարարվեստի օրերին, նշեց, որ սփյուռքից 34 պարախմբեր հայտ էին ներկայացրել եւ 31-ն արդեն հանդես են եկել հանրապետության մարզերում եւ Արցախում երկուական համերգով: Առաջիկայում սպասվում են ՌԴ-ից, Հորդանանից ու Լիբանանից ժամանող պարախմբերի ելույթները: Անհատ կատարողներ ծրագրի շրջանակներում սփյուռքի տարբեր ծայրերից հայտեր են ներկայացրել 30 երգիչ, երգչուհիներ (Սուրեն Մարի-ԱՄՆ, Մարտին Յորգանց-Ֆրանսիա, Տիգրան Մարտիկյան-ԱՄՆ, ջազ եւ այլն):
«Ազգը» փորձեց տեղեկանալ, թե ե՞րբ է լուծվելու սփյուռքից ժամանած պարախմբերի տարազների հարցը, քանի որ շատերը հանդես եկան պարզապես անհասկանալի, օտար էլեմենտներով խճողված, օտար նախշերով կարված պարային հագուստներով: Ի դեպ, այդ հարցը կրկին բարձրացվել ու լրջորեն քննարկվել էր դեռ երկու տարի առաջ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի ընթացքում եւ առաջարկվել լուծումներ: Ցավոք, այդ առաջարկները մնացին թղթի վրա ու երկու տարի անց նույն խայտառակ, խայտաբղետ ու օտարամուտ հագուստներով կրկին պարախմբերը ներկայացան: Պրն Հարոյանն ասաց. «Այդ խնդիրը իրապես մեր պարարվեստում գտնվում է քաոսային վիճակում: Պարի մասնագետ չլինել, բայց լինել պարասեր մարդ - մտահոգ ենք այդ հարցում: Սփյուռքի նախարարությունը նույնպես այդ հարցի լուծումներն է փնտրում: Այժմ մշակվում է հատուկ ծրագիր, որը նպատակաուղղված կլինի հայ պարը համակարգված ներկայացնելունՙ ներառելով հագուստի, երաժշտության, բեմադրության եւ բեմական դեկորացիաների հետ կապված բոլոր ճշգրիտ մանրամասնություններ»: Կարծում եմ, որ մինչ այդ հատուկ ծրագրի մշակումը, մի քանի րոպեում կարելի է նախարարության կայքէջում տեղադրել հայկական տարազների նկարները, Պարի պետական եւ Թաթուլ Ալթունյանի անվ. պետական անսամբլների պարերն ու տարազները, որպեսզի չաղավաղվի հայկական պարը, տարազը եւ նաեւ պարեղանակները: «Ազգի» այս դիտարկումներին ու առաջարկներին համամիտ լինելով, պրն Հարոյանն ասաց. «Իսկապես մենք այսօր սփյուռքում ունենք ղեկավարներ, որոնք ընդհանրապես պարից շատ հեռու են եւ պարարվեստը դարձրել են բիզնես...»: Միայն պարարվեստի գծով 1200 մասնակից է ժամանել Հայաստան: Իսկ պարախմբի ղեկավարների համար Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանը անցկացրել է վարպետության դասեր:
Նշենք, որ փառատոնում ընդգրկված կլինեն լրագրողների համահայկական հավաք եւ «Դուդուկի օր» ծրագրերը: Հիշեցնեմ, որ դեռ 2001-ին Գյումրիում առաջին անգամ անցկացվել է դուդուկի փառատոն, որը մինչեւ այժմ դեռ հիշում են շատերը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ