«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2012-07-17 | #129, 2012-07-18 | #130, 2012-07-19


ՍԻՐԻԱՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեղեկացանք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ), միությունն իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, ինչի պատճառով կարող է վտանգվել շուրջ 60000-անոց սիրիահայ համայնքը:

Հաշվի առնելով, որ սիրիահայ համայնքում առկա են բարձր տեխնոլոգիաների (ԲՏ), տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագետներ եւ ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարավոր է, որ ցանկություն հայտնեն աշխատելու մայր հայրենիքում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկելու հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ եւ 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին եւ աջակցելու նրանց աշխատանքի ընդունման հարցում:

Նույն խնդրով միությունը դիմել է նաեւ ՀՀ սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների եւ սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ եւ ԲՏ ոլորտի մասնագետներին հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:

Հայտնվում է նաեւ, որ ՏՀՏ եւ ԲՏ սիրիահայ մասնագետները, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատելու հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել info@uite.org էլեկտրոնային փոստին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4