Մեծահարգ խմբագիր,
Խնդրում եմ թերթի էջերում տեղ տալ այս երկու տողին:
2010 թվականին լույս տեսավ Կոստան Զարյանի «Անցորդը եւ իր ճամբան» վեպը: Բնագիրը հրատարակության էր պատրաստվել, առաջաբանը եւ ծանոթագրությունները հեղինակել էր այս տողերը գրողը: Վերջերս նույն գիրքը լույս տեսավ ռուսերեն թարգմանությամբ: Թարգմանիչը տիկ. Իրա Կարամյանն է:
Երբ թերթեցի գիրքը, զարմանքով հայտնաբերեցի, որ տիկ. Իրա Կարամյանը քմահաճորեն եւ կամայականորեն է վերաբերվել թե՛ առաջաբանի, թե՛ ծանոթագրությունների թարգմանության պարագային: Հետեւանքը եղել է այն, որ հեղինակային տեքստը աղավաղվել է, ինձ են վերագրվել մտքեր եւ շարադրանք, որոնց հեղինակը ես չեմ: Հարկ չեմ տեսնում մանրամասն օրինակներ բերելու եւ մատնանշումներ անելու: Թարգմանչի վերաբերմունքը պարզապես վիրավորական է:
Իմ բողոքն ու վրդովմունքն եմ հայտնում նման վերաբերմունքի դեմ. գրական ազնիվ աշխատանքն ու անազնիվ վերաբերմունքը միշտ եւ ամենուրեք անհամատեղելի են:
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ