Երեկ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց Աննա Հովնանյանի ստեղծագործությունների (գեղանկար, գծանկար) անհատական ցուցահանդեսը:
Աննա Հովնանյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 24-ին` Յունիոն Սիթիում (Նյու Ջերսի): Ուսանել է Նյու-Ջերսիի Տեխնոլոգիայի նորաձեւության ինստիտուտի գեղարվեստի բաժնում:
Օժտված լինելով գեղեցիկի խորունկ զգացողությամբ եւ նկարելու բնատուր տաղանդով` նա վաղ հասակից գույներին ու կտավին է հանձնել իր հոգու եւ աչքի համար սիրելի տեսարաններն ու պատկերները: Նրա վրձնած բնանկարները, նատյուրմորտներն ու դիմանկարները լի են քնարականությամբ ու գեղեցկությամբ, քնքշությամբ ու լույսով, ազնվությամբ ու ներդաշնակությամբ, ներքին խաղաղությամբ ու բարությամբ, ինչպես իր իսկ էությունն է:
Եվ զարմանալին այն է, որ նկարչուհին երբեւէ չի ձգտել լայն հասարկությանը հաղորդակից դարձնելու իրական արվեստով շնչող իր ստեղծագործություններին: Թվում է, թե ստեղծագործել է ընդամենն իր շրջապատի գեղեցկություններն իր հետ կրելու պարզ մտադրությամբ, մտապահելու համար այն ամենը, ինչը թանկ ու հարազատ է եղել իր հոգուն: Նրա ստեղծագործությունները կարելի է համարել զրույցներ բնության, սիրելի առարկաների ու մարդու հետ, զրույցներ լռության եւ առանձնության մեջ, եւ ահա, առաջին անգամ այդ ստեղծագործությունները դուրս են եկել սեփական արվեստանոցի տարածքից` մարդկանց հետ կիսելու այն թանկ զգացողություններն ու խոհերը, որոնք Աննա Հովնանյանը տարիներ շարունակ պահ է տվել գույներին ու կտավին: