Մանկավարժը վերստին ստուգաբանում է դրանք
Իրանում պարսկերեն լեզվով տպագրված «Իրանահայերը» գիրքը կարդալուց հետո մանկավարժ Էդիկ Մեհրաբյանը սկսել է ստուգաբանել հայերենում ու պարսկերենում առկա նույնիմաստ եւ նույնահունչ բառերը: Դրդապատճառը ստուգաբանությունն ինքնուրույն սկսելու համար հանդիսացել են հայերեն «դժվար», «անգամ» ու «անդամ» բառերը, որոնք նա գտել է «Իրանահայերը» պարսկերեն գրքում:
Սկզբում հաշվել է նման բառերի քանակը, հետո անցել բացատրություններին, իսկ հետո` ստուգաբանությանը նվիրել տարիներ, սակայն աշխատել ինքնուրույն, առանց լեզվաբանների օգնության ու միջամտության: Ինքն էլ մասնագիտությամբ լեզվաբան չէ, ապրում է Թեհրանում, որտեղ Ալիշան հայ կաթոլիկյան կրթօջախում զբաղվում է մանկավարժական գործունեությամբ արդեն 15 տարի:
Շնորհիվ պարսկերեն լեզվի լավ իմացության Էդիկ Մեհրաբյանը նման իմաստներով ու միեւնույն արմատներով հայերեն ու պարսկերեն բառեր գտնում է նաեւ պարսկական գրականության մեջ, դրանց առնչությունները համեմատում անգամ գավառական բառարաններում: Նրա աշխատանքն աննկատ չի մնում, Իրանում արձագանքներ ստանում է, թեեւ դրանք լինում են սակավ:
Օրինակ` «Ֆարհանգեսթանի» (Իրանի լեզվի ու գրականության բարձրագույն կենտրոնի) մասնագետները խուսափել են բացահայտ ասել` Էդիկ Մեհրաբյանի ստուգաբանությունները, ի վերջո, ճշմարտացի՞ են, արժեք ունե՞ն, թե՞ ոչ: Սակայն խուսափելով հանդերձ` Ֆարհանգեսթանում նրա 2 հոդվածը տպագրել են: Դրանցից մեկը եղել է «Հայոց լեզվի դերը պարսկերենում» թեմայով, զրուցակիցս հոդվածում ներկայացրել է ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի տեսակետը պարսկերեն թարգմանությամբ:
Իսկ մյուս հոդվածը վերաբերել է պարսկերեն «թարքա» բառի մեկնաբանությանը: «Թարքա» բառը կազմված է «թար», որը նշանակում է թաց կամ թարմ, եւ «ռաքա»` նշանակում է ճյուղ, արմատներից, իսկ «թարքա» հայերեն թարգմանությամբ նշանակում է թարմ ու դալար ճյուղ: «Ռաքա» բառը պարսկերեն լեզվաընտանիքում օգտագործվում է նաեւ զավակ իմաստով, հատկապես Իրանի Գիլան քաղաքում: Էդիկ Մեհրաբյանը «թարքան» համեմատում է հայերեն «ծառի ճյուղ» բառերի ու «ճյուղագրություն» հասկացության հետ: Բառի ձեւափոխությունը հասել է մինչեւ թուրքերեն, որտեղ ճյուղ-ճյուղը դարձել է ճուճյուղ, ինչը թուրքերենում նշանակում է զավակ:
Մինչ սույն ստուգաբանությունն իրանցի լեզվաբանները «թարքա» բառի բացատրությանը դեռ չէին անդրադարձել: Ծանոթանալով զրուցակցիս աշխատանքին` «Ֆարհանգեսթանի» մասնագետները խոստովանել են` «գտնված փաստերն իրոք զորեղ են»: Սակայն «Ֆարհանգեսթանի» վերաբերմունքն այսքանով սահմանափակվել է, չնայած կենտրոնից դուրս իրանցի անկախ լեզվաբանները Էդիկ Մեհրաբյանի աշխատանքը, առհասարակ, համարում են բավականին լուրջ:
Էդիկ Մեհրաբյանի ստուգաբանությունների մասին Թեհրանում տպագրվել է նաեւ հայերեն ու պարսկերեն լույս տեսնող «Հույս» («Յոյս») երկշաբաթաթերթում: Իրար նման բառերն ու արմատներն ուսումնասիրելիս զրուցակիցս գտել է բազմաթիվ փաստեր, հետաքրքրական տվյալներ եւ նույնիսկ հայերեն, պարսկերեն բառերին նման բառեր գտել եվրոպական լեզուներում:
Օրինակ` «կարել» բայի «կար» արմատը հայերեն բառարաններում վկայված է մինչեւ 5-6, նույնիսկ ավելի իմաստներով, պարսկերենում եւս պահպանվել են «կար» արմատի ավելի քան 5-6 իմաստները: Հայերենում «կար» արմատի բուն իմաստը թելն ու թելից գործվածքներն են: Պարսկերենում «կար» նշանակում է ջուրը չընկած կտոր, ոսկե թելերով գործվածք (ըստ պարսկերեն Նազեմոլաթեբա բառարանի): Պարսկերեն «քարգահ» բառում, որը նշանակում է կտոր գործելու տեղ, «կար» արմատը դարձել է «քար»: Իսկ «քարթանաք» նշանակում է սարդ, սա եւս ունի քար կամ կար արմատը, նույն բառն իրանական գավառական բառարաններում նաեւ հիշատակվում է որպես «քարբաֆու», որը դարձյալ նշանակում է սարդ: «Քարբաֆու» բառը հատկապես օգտագործում են Իրանի Քերման նահանգում: Էդիկ Մեհրաբյանը բացատրում է, որ սարդ բառը նույնպես կապված է թել ու կար իմաստների հետ, քանի որ սարդն էլ իր հերթին գործում է սարդոստայն: Զրուցակիցս գտել է, որ Իրանի Խորասան նահանգում (իր բնակչությամբ ու տարածքով Խորասանը Իրանի ամենամեծ նահանգն է) սարդին ասում են «քարդավանաք», ինչպես տեսնում ենքՙ սա եւս ունի «քար» (կար) արմատը: Անդրադառնալով «ջուլհակ» բառին` զրուցակիցս բացատրում է, որ բառի «ջուլ» արմատը 2 լեզուներում էլ նշանակում է թել կամ կտոր:
Էդիկ Մեհրաբյանը Հ. Աճառյանի բացատրական բառարանում գտել է, որ «կար» նաեւ նշանակում է մարմնի մասերի միացման տեղը, եւ այս արմատով կազմվել են կարճիկ ու կռճիկ բառերը: Պարսկերենում պահպանելով «կար» արմատը կարճիկին ասում են քարջան, քարքարե, քերքերուկ ու քորքորա: Քանի որ զրուցակիցս լավ տիրապետում է պարսկերեն լեզվին, օգտվում է նաեւ պարսկերենի գավառական բառարաններից ու ստուգաբանում նաեւ ըստ նահանգների ու գյուղերի:
Իմաստներով իրար նման ու միեւնույն արմատներով հայերեն, պարսկերեն բառերի առնչությունները Էդիկ Մեհրաբյանը գտել է նաեւ եվրոպական լեզուներում. օրինակ` «քարփեթ» (carpet) անգլերենում նշանակում է գորգ, ունի «քար» արմատն ու դարձյալ կապված է թելին ու գործելուն: Իսկ կարճիկին անգլերեն լեզվով ասում են «քարթիլիջ» (cartilage), սա նույնպես ունի «կար» արմատը, եւ իմաստով էլ նույն է, ինչ պարսկերեն քարջանը կամ քարքարեն:
Պարսկերենում փայտին ասում են փաթ, ինչպես տեսնում ենք, ունեն նման հնչողություն: Հայերենում ասում ենք փայտի գլուխ, այսինքն` չոր գլուխ, հիմար, պարսկերենում չոր գլուխ փոխաբերական արտահայտության փոխարեն ասում են փաթախ, այս դեպքում էլ «փայտ» կամ «փաթ» արմատը պահպանվում է: Էդիկ Մեհրաբյանը օրինակ է բերում լեզուն փաթ ընկավ արտահայտությունը, այստեղ «փայտը» դարձել է «փաթ», եւ արտահայտությունը նշանակում է լեզուն կապ ընկավ: Աֆղաներենում, որը եւս պատկանում է իրանյան լեզվաընտանիքին, ինչպես պարսկերենը, կապ ընկնելուն ասում են փաթել, այսինքն` աֆղաներենում եւս կա «փաթ» արմատը, որն ունի նույն փայտի իմաստը:
Պահլավերենում փայտին ասում են փադաք, իսկ սիսթաներեն գավառական լեզվում ու քրդերենում ասում են փադաքի, 3 լեզվում էլ բառի իմաստը նույնն է, իսկ «փաթ» արմատը դարձել է «փադ»:
Միայն փայտ բառով իրանյան լեզվաընտանիքում ու հայերենում պարոն Մեհրաբյանը գտել է մինչեւ 150 օրինակ, հետեւաբար բառերի նմանությունը չի կարող պատահականություն լինել: Նրա կարծիքով` դարեր առաջ, երբ ձեւավորվել են բառերը, մարդիկ տարիներով դրանք կազմելու վրա չեն մտածել, բառերը ձեւավորել են ժողովուրդները մարդկային շփումների ու սոցիալիզացիայի միջոցով ու մի արմատից ստացել են բազմաթիվ բառեր:
Բացի սոցիալիզացիայի ու ժողովուրդների շփումի ազդեցությունից` Էդիկ Մեհրաբյանը 2 լեզուներում իրար նման բառերի առկայությունը համարում է հետեւանքը նրա, որ պարսկերենն ու հայերենը երկուսն էլ սերել են հնդեվրոպական մայր լեզվից:
Հնդիրանական լեզվաընտանիքը հնդեվրոպական լեզվաընտանիքի կարեւոր ճյուղերից է, եւ իրանական լեզուներն ու հայերենը սերել են միեւնույն հնդեվրոպական մայր լեզվից, որը համարվում է կորած լեզու: «Հետեւաբար, եթե 2 լեզուներում կան նման բառեր, դա չի նշանակում, որ հայերն են փոխառել իրանցիներից, կամ հակառակը, այլ երկու լեզուները դրանք ժառանգել են հնդեվրոպական մայր լեզվից», ասում է Էդիկ Մեհրաբյանը, որը չնայած իր նվիրված ու տարիների աշխատանքին` չի համարում, որ ամեն բառ ու արմատ ստուգաբանել է անթերի ու անսխալ: Այնուամենայնիվ, կուզենար իր կատարածին ուշադրություն դարձնեին ու գնահատական տային նաեւ լեզվաբանները, որպեսզի ինքն էլ հստակորեն իմանար` ինչքանո՞վ է իր կատարածը կարեւոր ու ստույգ:
3 տարի առաջ հայ լեզվաբանները նրանից ուզել են «կոթ» արմատով բառերի ստուգաբանությունը Հայաստանում` «Ուսուցիչ» թերթում տպագրելու համար, բայց առ այսօր չեն տպագրել:
Էդիկ Մեհրաբյանը, սակայն, շարունակում է աշխատել նույն հետաքրքրասիրությամբ, վերջերս էլ գտել է «կեզ» արմատով բառերի ստուգաբանությունը: Ողջակեզ ու հրկիզել բառերում «կեզ» ու «կիզ» արմատներն ունեն կրակ, այրոց իմաստները: Պարսկերենում «կեզ»-ի նմանությամբ կա «քեզ» բառը, որը նշանակում է բրդի այրվելը, իսկ այրված բրդի հոտը կոչվում է բույեքեզ: Զրուցակիցս գտել է, որ «կեզը» պարսկերենում կիրառվում է նաեւ «չեզ» ու «ջեզ» ձեւափոխություններով, օրինակ` չեզունդան նշանակում է մեկի սիրտը դաղել, իսկ ջեզղալե` այրվել, վառվել, սեւանալ: Երկու դեպքում էլ կրակ, այրոց իմաստները պահպանվում են:
Անկախ մասնագետների ցուցաբերած վերաբերմունքից` զրուցակիցս իր ստուգաբանությունները շարունակելու է: Վերստին ստուգաբանելու է այն բառերը, որոնք թեեւ կան 2 լեզուների արմատական ու բացատրական բառարաններում, բայց պարսկերեն կամ հայերեն չիմացողների մտքով չի էլ անցնում, որ հարեւան երկրում եւս խոսում են նույն բառերով, որոնք երկու լեզուներում էլ ունեն նույն իմաստները:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ