Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կանցկացնեն Գյումրիի «Շիրակն» ու Կապանի «Գանձասարը»ՙ հյուրընկալվելով համապատասխանաբար Իսրայելի «Բնեյ Եհուդային» եւ շվեյցարական «Սերվետին»:
Մեր 2 ակումբներն էլ երեկ առավոտյան են ուղեւորվել մրցավայր: Գյումրիի «Շիրակը» չարտերային չվերթով կեսօրին ժամանեց Թել Ավիվի օդանավակայան: Երեկոյան «Շիրակը» մարզվեց «Ռամատ Գան» մարզադաշտում, որտեղ այսօր, Երեւանի ժամանակով ժամը 21-ին կսկսվի հանդիպումը «Բնեյ Եհուդայի» հետ: «Շիրակի» կազմում հանդիպմանը հայտավորվել են այն նույն 18 ֆուտբոլիստները, որոնք նախապատրաստվել էին Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ հանդիպումներին: Թիմի կազմում վնասվածքի պատճառով կրկին բացակայում է փորձառու Կարեն Ալեքսանյանը:
Կապանի «Գանձասարն» էլ երեկ Երեւան-Վիեննա-Ժնեւ չվերթով ժամանեց մրցավայր: Ըստ Armsport.am-ի թղթակցի, հայկական պատվիրակությանը Ժնեւում պատճաշ մակարդակով չեն դիմավորել: Օդանավակայանից թիմը գնացքով է հասել Ժնեւի կենտրոն, որտեղից ոտքով հասել է «Նովոտել» հյուրանոց: Երեկոյան «Գանձասարը» մարզվել է «Ստադ դը Ժնեւ» մարզադաշտում: «Գանձասարի» կազմում Ժնեւ է մեկնել թիմի հիմնական դարպասապահ Գեւորգ Պրազյանը, որին մարզիչները չէին ընդգրկել Ֆարերների «Ստրեյմուրի» հետ կայացած հանդիպումների հայտացուցակում: «Սերվետ»-«Գանձասար» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 21.45-ին:
Հարկ է նշել, որ բուքմեյքերներն այս անգամ նախապատվությունը տալիս են մրցակիցներին: «Շիրակի» հաղթանակի գործակիցը «Բնեյ Եհուդայի» հետ մրցախաղում 6,75 է: Ոչ-ոքին գնահատվում է 3,9 գործակցով: Իսկ ահա դաշտի տերերի հաղթանակի գործակիցը 1,44 է: Էլ ավելի ցածր են գնահատվում «Գանձասարի» հաղթելու հնարավորությունները: Հաղթանակի գործակիցը 13,5 է մրցակցի 1,18-ի դիմաց: Ոչ-ոքին գնահատվում է 5,5 գործակցով:
Մեր թիմերի 2 մրցակիցների հետ էլ նախկինում հայկական ակումբները հանդիպել են: Շվեյցարական «Սերվետի» հետ առաջին հանդիպումը եվրոգավաթներում կայացել է 10 տարի առաջ: 2002-ին Երեւանի «Սպարտակը» ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում 2 հանդիպումներում էլ պարտվել է շվեյցարական թիմինՙ 0-2, 0-3:
Իսրայելի «Բնեյ Եհուդայի» հետ հանդիպումը տեղի է ունեցել 2 տարի առաջ: 2010-ին «Ուլիսը» Եվրոպայի լիգայի մրցաշարում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով, 0-1 հաշվով պարտվեց մրցակցի դաշտում:
«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի վրա լավ տպավորություն է թողել «Բնեյ Եհուդայի» խաղը: Նրա կարծիքով, թիմում կան տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնք աչքի են ընկնում իրենց գրագետ գործողություններով: Խոսքն առաջին հերթին Դինո Նդլովույի եւ Պեդրո Գալվանի մասին է:
Հարկ է նշել, որ մինչ օրս հայկական ակումբներին եվրոգավաթներում չի հաջողվել հաղթահարել իսրայելական թիմերի արգելքը: Բացի «Բնեյ Եհուդայից», մեր թիմերը 3 անգամ մրցել են Թել Ավիվի «Հապոելի» հետ: Առաջինը «Երեւանն» էր, որը 1999-ին ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում 2 հանդիպումներում էլ պարտվեց «Հապոելին» (0-2, 1-2): Երկու տարի անց նույն ճակատագրին արժանացավ «Արարատը» (0-2, 0-3): 2003-ին ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարի առաջին խաղում, որը կայացավ չեզոք դաշտումՙ Ռոտերդամում, «Բանանցը» հաջող խաղացՙ հանդիպումն ավարտելով ոչ-ոքիՙ 1-1: Սակայն սեփական հարկի տակ «Բանանցը» պարտվեց 1-2 հաշվով ու կրկին չկարողացավ հաղթահարել «Հապոելի» արգելքը:
Շվեյցարական ակումբների հետ էլ հայկական թիմերի հաշվեկշիռը բացասական է: 7 անգամ մեր թիմերը մրցել են Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ եւ բոլոր դեպքերում էլ հաջորդ փուլ են դուրս եկել մրցակիցները: 1998-ին «Լոզանի» հետ անհաջող է խաղացել «Ցեմենտը» (1-5, 1-2): 2005-ին Երեւանի «Լեռնագործը» Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ 1-3, 0-6 հաշիվներով զիջել է «Քսամաքսին»: Հաջորդ 2 մրցաշրջաններում «Յանգ Բոյզի» արգելքը չի հաջողվել հաղթահարել «Միկային» (1-3, 0-1) եւ «Բանանցին» (1-1, 0-4): 2008-ին էլ «Արարատն» է զիջել «Բելինցոնային» (0-1, 1-3): Հաջորդ տարի «Միկան» «Հելսինգբորգի» հետ մրցավեճում եւս պարտվել է (1-3, 1-1):
Կհաջողվի՞ արդյոք «Շիրակին» ու «Գանձասարին» խախտել տխուր վիճակագրությունը եւ առաջին անգամ հաղթահարել իսրայելական եւ շվեյցարական արգելապատնեշը: Խնդիրն իրոք դժվար է, բայց ոչ անիրագործելի: