ԵԱՀԿ ԽՎ նախագահի մտքերը` բանակցություններում Թուրքիայի, նաեւ ԼՂ-ի ներգրավվածության առնչությամբ
«Կարծում եմ, որ Թուրքիան պետք է ներգրավվի իմաստալից կերպով, որպեսզի նրա մասնակցությունն օժանդակի կողմերին խաղաղության բանակցություններում առաջընթաց արձանագրելու», «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ղարաբաղյան հարցի առնչությամբ հերթական «նորարարությամբ» է հանդես եկել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր (ընտրվել է հուլիսի 9-ին` մեկ տարի ժամկետով ու կարող է վերընտրվել նույն ժամկետով եւս մեկ անգամ-Ա. Հ.), բայց կառույցի տրամաբանությամբ` հերթական նախագահ Ռիկարդո Միլյորին :
Թե ինչպես է Միլյորին պատկերացնում մի երկրի ներգրավում բանակցություններում որպես դրական դերակատարի, երբ նա բացահայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահը պատասխանել է. «Չեմ կարծում, որ այս փուլում Մինսկի գործընթացի ձեւաչափը պետք է փոխվի: Այնուամենայնիվ, խաղաղ կարգավորմանը, սահմանները բացելու եւ տնտեսական զարգացման հասնելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան լինի գործընթացի մաս: Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը մի քանի տարի առաջ բավականին դրական քայլ էր: Ցավալի է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցվել է»:
Իտալացի խորհրդարանականն ակնհայտորեն իրողություններին ու տարածաշրջանին առավել լավ ծանոթանալու խնդիր ունի, այլապես պետք է ենթադրել, որ Միլյորիի պարագայում գործ ենք ունենալու «համարձակ», բայց «անհեթեթ» նորարարի կամ էլ թուրքամետ գործչի հետ:
Այդուհանդերձ, Միլյորին նաեւ հայտարարել է, որ որպես ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նախագահ կանի հնարավորը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական գործիք հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացին աջակցելու համար: «Մտադիր եմ անձամբ հրավիրել երկու երկրների խորհրդարանների խոսնակներին ԵԱՀԿ ԽՎ առաջիկա հանդիպումներից մեկին եւ օգտագործել այս հարթակն ուղիղ քննարկումների համար», տեղեկացրել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի նախագահը:
Հարցին, թե որն է կարգավորման գործընթացում ԼՂ-ի դերը եւ արդյոք նա պետք է դառնա բանակցային կողմ, Միլյորին պատասխանել է. «Կարծում եմ, որ կարեւոր կլինի հաստատել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ ադրբեջանցի փախստականների միջեւ: Որպես խորհրդարանականներ մենք անպայման պետք է խոսենք ներգրավված եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ, եւ հենց սա է այն հարթությունը, որտեղ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է փոփոխություններ բերել»:
Շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առումով էլ Միլյորին կողմ է արտահայտվել այդ մոտեցմանը. «Վերջին շրջանում լարվածության աճը եւ ողբերգական միջադեպերը շփման գծում խիստ մտահոգում են ԵԱՀԿ-ին: Մենք պետք է փոփոխություններ բերենք: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանն ունեն խնդրի կարգավորման կարիքը: Ես լիովին աջակցում եմ հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կօժանդակի ճշմարտության եւ վստահության հաստատմանը: Այս նպատակին հասնելու համար ճնշում գործադրվում է, եւ պետք է շարունակվի: Մեկ այլ շատ կարեւոր քայլ կլիներ դիպուկահարների հետքաշումը»: ԵԱՀԿ ԽՎ նախագահը որեւէ կերպ չի անդրադարձել երկու հարցում էլ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտ բերող Ադրբեջանի հանգամանքին:
Ա. Հ.