Եթե սիրիահայերի հոսքը մեծ լինի, կօգտագործվեն այլ գերատեսչությունների հնարավորությունները
Կառավարության երեկվա նիստի ավարտից հետո ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը պատասխանեց սիրիահայերին Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու մասին հարցերին: Նրա հավաստմամբՙ Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առավելագույնը տասն օրվա ընթացքում: Այս պահին Սիրիայից դիմել է վեց ընտանիք` ընդհանուր 14 անդամներով, եւ նրանց մասով որոշումն արդեն ընդունվել է: Փախստականի կարգավիճակը նրանց տրվել է անժամկետ: Առնվազն 20 ընտանիքի եւս գործակալությունը կկարողանա ապահովել ապաստանով:
«Գոյություն ունի պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որտեղ ապաստան հայցողները բնակվում են իրենց դիմումների քննարկման ընթացքում: Այդ ամենն իրականացվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ: Այսօր այնտեղ 41 մահճակալ ունենք, որոնց մեծ մասն արդեն զբաղված է», ասաց Գագիկ Եգանյանը: Գործակալության տրամադրության տակ կա Դարբնիկ ավանի շենքը, որն ունի 12-13 սենյակներ, դա եւ անհրաժեշտության դեպքում հանրակացարանային սենյակները եւս կօգտագործվեն փախստականներին տեղավորելու համար:
Միգրացիոն գործակալության պետի կարծիքով, ամեն ինչ կախված է դեպքերի զարգացումից: Եթե սիրիահայերի հոսքը մեծ լինի, ապա կօգտագործվեն նաեւ այլ գերատեսչությունների հնարավորությունները: Նա հերքեց այն լուրերը, համաձայն որոնց սիրիահայերը Հայաստանում բախվում են բյուրոկրատական քաշքշուկների, ինչի պատճառով էլ չեն կարողանում գալ Հայաստան: Գագիկ Եգանյանը հիշատակեց Իրաքում տեղի ունեցած դեպքերը, երբ գործակալությունն ունեցավ 1000-ից ավելի դիմումներ, եւ 2006-ի իսրայելա-լիբանյանյան հակամարտությունը, երբ հակամարտող երկու կողմերից էլ դիմումներ եղան Հայաստանի իշխանություններին:
Ա. Մ.