Հաշված օրեր են մնացել Լոնդոնում կայանալիք ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին: Համաշխարհային սպորտի կարեւորագույն այդ ստուգատեսին Հայաստանի մարզիկների նախապատրաստությանն էր վերաբերում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի երեկ տեղի ունեցած ասուլիսը:
Ինչպես հայտնի է, Լոնդոնում մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի 25 մարզիկներ, որոնց մեծամասնությունն օլիմպիական ուղեգրեր է նվաճել համառ մրցապայքարում, իսկ մի քանիսին ՄՕԿ-ը մասնակցության սպիտակ քարտեր է հատկացրել: Հրաչյա Ռոստոմյանն ընդհանուր առմամբ բավարար է համարում հայ օլիմպիականների թվաքանակը: Միակ ցավալի փաստը նա համարում է մեր անվանի ըմբիշ Ռոման Ամոյանի ձախողումը: Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակրին այս անգամ չհաջողվեց ուղեգիր նվաճել:
Նախարարը լավատես է ու գտնում է, որ Լոնդոնի օլիմպիադայում մեր մարզիկներն ավելի հաջող պիտի հանդես գան, քան Պեկինում էին ելույթ ունեցել, որտեղ 6 բրոնզե մեդալ էին նվաճել: Նա չցանկացավ առանձնացնել որեւէ մեկին, նշելով, որ օլիմպիադա մեկնող բոլոր մարզիկներին էլ մեդալի հավակնորդ է համարում:
Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՀԱՕԿ-ն ու սպորտնախարարությունը բոլոր պայմանները ստեղծել էին մարզիկների համար օլիմպիական վարկանիշային մրցաշարերին պատշաճ ձեւով նախապատրաստվելու եւ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու համար: Ընդ որում գիտականորեն են մոտեցել հավաքների կազմակերպման վայրի ընտրությանըՙ հաշվի առնելով մարզաձեւի յուրահատկությունները: Մարզիկներն ապահովված են եղել անհրաժեշտ վերականգնողական բոլոր միջոցներով, մշտապես գտնվել են բժշկական հսկողության տակ:
Հրաչյա Ռոստոմյանը նաեւ տեղեկացրեց, որ օլիմպիադային նախապատրաստվելու ժամանակ առաջին անգամ դիմել են հոգեբանների օգնությանը: Նրանք յուրաքանչյուր մարզիկի հետ անհատապես աշխատանք են կատարել, ինչը դրական ազդեցություն պետք է ունենա: Լոնդոնում էլ, մրցումներին նախապատրաստվելիս մեր մարզիկները կօգտվեն հոգեբանի խորհուրդներից:
Բավականին խիստ հսկողություն է սահմանվել մարզիկների վրաՙ բացառելու նրանց կողմից որեւէ արգելված դեղամիջոցի օգտագործման փաստը: Այդ նպատակով նրանք տարվա մեջ 3 անգամ դոպինգ ստուգման են ենթարկվել: Արդեն մոտ 170 նմուշ ուղարկվել է Քյոլնի լաբորատորիա: Դա բավականին ծախսատար գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր նմուշի համար ՀԱՕԿ-ը մոտ 550 եվրո է վճարում Քյոլնի լաբորատորիային: Օլիմպիական ավանում էլ մեր մարզիկները մինչեւ մրցումները դոպինգ ստուգման կենթարկվեն: Նախարարը հուսով է, որ դոպինգի հետ կապված ոչ մի խնդիր չի լինի մեր մարզիկների մոտ:
Հուլիսի 22-ին Լոնդոնի օլիմպիական ավանում հանդիսավորությամբ բարձրացվելու է Հայաստանի դրոշը: Այդ արարողությանը ներկա են գտնվելու Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը, ՀԱՕԿ-ի մի քանի աշխատակիցներ, Լոնդոնում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները դեսպանի գլխավորությամբ եւ հայ համայնքի ներկայացուցիչները; Վերջիններիս հետ հուլիսի 28-ին կհանդիպի Հայաստանի մարզական պատվիրակությունը: Իսկ հաջորդ օրը Լոնդոնի հայկական եկեղեցու մերձակայքում կնշվի Հայաստանի օրը:
Հրաչյա Ռոստոմյանը նաեւ տեղեկացրեց, որ աշխատել են օլիմպիական ավանում, որտեղ բնակվելու են Հայաստանի մարզիկները, հայկական մթնոլորտ ստեղծել: Սենյակները զարդարվելու են հայկական դրոշներով, ՀԱՕԿ-ի խորհրդանշաններով, մեր մարզիկների լուսանկարներով եւ այլն:
Լոնդոնի օլիմպիական խաղերի լուսաբանմանը Հանրային հեռուստատեսությունը 120 ժամ կտրամադրիՙ ուղիղ եթերում ցուցադրելով մեր մարզիկների բոլոր ելույթները:
Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, ապա ՀՀ կառավարության որոշմամբ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած մարզիկը կստանա 20 մլն դրամ, արծաթե մեդալակիրըՙ 15 մլն, բրոնզե մրցանակակիրըՙ 10 մլն: Իսկ ՀԱՕԿ-ը նշված գումարների կրկնապատիկով կպարգեւատրի աչքի ընկած մարզիկներին: Իհարկե, կլինեն նաեւ առանձին պարգեւատրումներ հովանավորների կողմից: Մասնավորապես, պարգեւավճարներ է սահմանել ռուսական «Ֆորվարդ» ընկերությունը, որն ապահովել է մեր օլիմպիականների հանդերձանքը:
Ամփոփելով ասուլիսը, Հրաչյա Ռոստոմյանը մեկ անգամ եւս նշեց, որ մեր մարզիկները լրջորեն են նախապատրաստվել օլիմպիական խաղերին եւ նրանցից մեդալների ակնկալիքներ կան: Մնում է նաեւ մի փոքր մարզական բախտն ուղեկցի նրանց եւ ամեն ինչ լավ կլինի: