ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գլխավոր փաստը, որ արձանագրել էին տեղացի եւ միջազգային դիտորդներն ու լրատվամիջոցները այն էր, որ ԼՂՀ-ում համապետական ընտրությունները վերածվել էին համընդհանուր տոնի: Մարդիկ գնում էին ընտրությանՙ վստահ լինելով, որ իրենց ձայնն ու քվեն մեծ ուժ է:
Հուլիսի 19-ին անգամ նորապսակներն են մինչեւ եկեղեցում քահանայի օրհնությունը ստանալը գնացել ընտրատեղամաս եւ իրենց ձայնը տվել հանուն արդար, ուժեղ եւ ազատ Արցախի:
Որ ԼՂՀ-ում ընտրությունները տոն ենՙ փաստում է նաեւ մասնակցության թիվըՙ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող անձանց 3.5 տոկոսը:
Ժողովրդավարություն, հարգանք միմյանց նկատմամբ եւ արդար ընտրություններ: ԼՂՀ այցելած եւ ընտրություններին հետեւող դիտորդները հենց այս կերպ են բնութագրում նախօրեին անցկացված համապետական ընտրություններն ու փաստումՙ Արցախում անցկացված ընտրությունները կարող են օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:
Օրինակելի է նաեւ թեկնածուների վերաբերմունքը միմյանց հանդեպ:
Ընտրություններում շատ քիչ տոկոս ձայն հավաքած Արկադի Սողոմոնյանը տխուր չէ, նա պապիկ է դարձել եւ «ընտրություններում պարտություն» ասվածը չի ընդունում: Նա հավելում է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը: Այժմ նաեւ թոռնիկի համար:
Ընտրված նախագահ Բակո Սահակյանի գլխավոր մրցակիցըՙ Վիտալի Բալասանյանը, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին, թիմակիցներին, թեպետ ընդգծել է, որ ընտրություններն անցկացվել են թերություններով, եղել են ազատ, բայց ոչ արդար, օգտագործվել է պետական ողջ ռեսուրսը, սակայն շնորհավորել է արցախահայությանը հերթական հաղթանակի եւ պետության կայացման եւս մեկ փուլի համար:
Նախագահ Բակո Սահակյանից ամենամեծ ակնկալիքներն ունեն արցախցիները: Հեռախոսազրույցներից եւ էլեկտրոնային հարցումներից պարզ դարձավ. արցախցիների մեծամասնությունը նախագահի հետ կապում է մեծ հույսեր եւ ակնկալիքներ:
«Սպասում ենք խոստումների իրականացման, որ նոր աշխատատեղեր բացվեն, որ երիտասարդներն անգործ չմնան, հազար ու մի պրոբլեմ կա, հազար ու մի հարց կա, որ պետք է լուծվի: Մեր թաղամասում ջուր չկա, էն մյուսի մոտՙ ճանապարհ չկա, թոշակները քիչ են: Նախագահը մեզ հետ հանդիպմանը խոստացավ, որ հարցերը կլուծի, հիմա սպասում ենք», ասում է տիկին Ռիման :
«Իմ թեկնածուն Վիտալի Բալասանյանն էր, իմ հույսերը նրա հետ էին: Վերջին հինգ տարում Արցախում առաջընթացը դանդաղ էր, եւ հույս էլ չունեմ, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ կլինեն», ասում է 25- ամյա Մանե Կարապետյանը :
«Կարեւորը, որ պատերազմ չկա», ասում է 45-ամյա Գեւորգ Ղազարյանը ՙ հավելելով, որ ինքը տեսել է պատերազմ, սով ու խավար, տեսել է դիակներ: Այդ ամենն անցյալում է, կյանքը շարունակվում է, նշանակում էՙ բողոքելու առիթ չկա: «Մնացած ամեն ինչ էլ ժամանակի ընթացքում կլուծվի: Մարդու ձեռքին չէ՞: Մեր նախագահը պատերազմ տեսած տղա է, նա գիտիՙ ի՞նչ բան է դժվարությունն, ու նա հարգում է արցախցուն», ասում է Գեւորգը:
«Կլինի նոր Արցախ, նոր կյանք: Որ համեմատում ենք նախորդ հինգ տարին էն մյուս հինգ տարվա հետ, ահագին բան ենք տեսնում, ահագին բան է փոխվել: Էն ժամանակ լուսավորություն կա՞ր, ի՞նչ կար: Էս ռազմական գոտի է, պատերազմ տեսած հող է, ամեն ինչ միանգամից հո չի լինելու», ասում է Ռազմիկ պապիկը :
«Ի՞նչ փոփոխություն, եթե ճանապարհ չկա, բան չկա, փոփոխությունն ինչ կլինի: Նույնը կլինի, նույնը կմնա», ասում է Բելլան :
«Ես շատ սիրում եմ մեր նախագահին: Ինքը կարգին մարդ է, լավ է լինելու», ասում է Մարտիրոսը ՙ հավելելով, որ Արցախը կամաց-կամաց ոտքի է կանգնում ու զարգանում: Մարտիրոսը դժգոհում է սննդի թանկությունից, բայց դե էդ էլ հո մենակ մեզ մոտ չէ, աշխարհքում է էդպես, տեսեքՙ Հունաստանում ինչ է կատարվում...», ասում է նա: