Լոնդոնի «Ֆայնենշլ թայմս» թերթի կանխատեսումների համաձայն, աշխարհին սպառնում է նոր պարենային ճգնաժամ: Վերջին 50 տարում ԱՄՆ-ում սկսված առավել չորային ամառը եւ ուրիշ երկրների եղանակային աննպաստ պայմանները արդեն հանգեցրել են գյուղմթերքների որոշ տեսակների թանկացմանը: ԱՄՆ-ը ապահովում է եգիպտացորենի համաշխարհային արտահանության գրեթե կեսը եւ սոյայի ու ցորենի արտահանության նշանակալի մասը: Ուստի այս տարի երկրում դրանց ցածր բերքը կանդրադառնա աշխարհի բազմաթիվ պետությունների վրաՙ Եգիպտոսից մինչեւ Չինաստան:
Եգիպտացորենը եւ սոյան արդեն աննախադեպ չափերով թանկացել են. դրանց գները գերազանցել են 2007-2008 թթ. նախորդ պարենային ճգնաժամի ժամանակաշրջանում արձանագրված ցուցանիշները: Այն ժամանակ սննդամթերքների բարձր գները եւ պակասը երեք տասնյակ երկրներում հանգեցրել էին այսպես կոչված «պարենային խռովությունների», հիշեցնում է թերթը: