«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2012-07-19 | #131, 2012-07-20 | #132, 2012-07-21


ՊԵՆՏԱԳՈՆԻՆ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼ «Рособоронэкспорт»-Ի ՀԵՏ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 2013 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի քննարկման ժամանակ ընդունել է ուղղում, որը Պենտագոնին արգելում է համագործակցել «Рособоронэкспорт»-ի հետ: Պատճառը Բաշար Ասադի վարչակարգին ռուսական սպառազինությունների մատակարարումն է: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ ուղղման ընդունման օգտին արտահայտվել են 407, դեմՙ 5 կոնգրեսականներ:

Ուղղման հեղինակը հանրապետական Ջիմ Մորենն է: Իր նախաձեռնությունը մեկնաբանելիս Մորենը հայտարարել է, որ «անընդունելի» է համարում սպառազինությունների գնումը այն ընկերությունից, որը «սիրիացի հազարավոր անմեղ մարդկանց մահվան անմիջական մեղսակիցն է»:

Հարկ է նշել, որ ուղղումն ընդունվել է այն բանից մի քանի ժամ հետո, երբ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում հերթական անգամ վետո է դրել հակասիրիական պատժամիջոցներ նախատեսող բանաձեւի վրա:

Ընդհանուր առմամբ Ներկայացուցիչների պալատը ընդունել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն 90-ի դեմ 326 ձայներով: Ի դեպ, փաստաթուղթը, այդ թվում նաեւ «Рособоронэкспорт»-ին վերաբերող ուղղումը ապագայում կարող են փոփոխվել Սենատի եւ Բարաք Օբամայի վարչակազմի հետ դրա վերջնական տարբերակի համաձայնեցման ընթացքում:

Հունիսին Սենատի պաշտպանական կոմիտեի անդամները Պենտագոնին առաջարկել էին «Рособоронэкспорт»-ի դեմ պատժամիջոցներ ձեռնարկել Իրանի հետ ռուսական մենատեր ընկերության կապերի պատճառով:

Պենտագոնը, սակայն, հետեւողականորեն անտեսել է ամերիկացի օրենսդիրների առաջարկությունները: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «Рособоронэкспорт»-ին Աֆղանստանի պատերազմի համար ԾՌ-17Թ-5 տիպի 10 ուղղաթիռների լրացուցիչ խմբաքանակ է պատվիրել, ինչը նախատեսված է ավելի վաղ կնքված պայմանագրով: Նոր գործարքի գումարը կազմում է 171,3 մլն դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4