«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2012-07-19 | #131, 2012-07-20 | #132, 2012-07-21


ԲԱԼԱՍԱՆՅԱ՞ՆԸ, ՂՈՒԿԱՍՅԱ՞ՆԸ, ԹԵ՞...

Ըստ երեկ տարածված տեղեկատվության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, խորհրդարանի նախկին փոխնախագահ Սամվել Բալասանյանին: Անշուշտ, այլ կուսակցություններ էլ կառաջադրեն կամ կպաշտպանեն իրենց թեկնածուներին, եւ սա կարող էր սովորական «աշխատանքային» իրադարձություն լինել, եթե ԲՀԿ-ի որոշումը, անկախ թեկնածուի ընտրությունից, այնքան սպասված չլիներ:

Այս ընտրություններում Գյումրու քաղաքապետի խնդիրը, չնայած պաշտոնական ընտրարշավը դեռ չի մեկնարկել, արդեն բավական ժամանակ է տեղ գտել հանրապետության տարբեր լրատվամիջոցների ուշադրության ոլորտում: Հիմնական ինտրիգն այն հարցն է` արդեն մեկ տասնամյակից ավելի այդ պաշտոնն անփոփոխ զբաղեցնող Վարդան Ղուկասյանը նորից կդնի՞ իր թեկնածությունը, եւ ՀՀԿ-ն կպաշտպանի՞ նրա թեկնածությունը: Եթե թեկնածությունը դնելու հարցը Ղուկասյանի կամքով է որոշվելու (ինչը բոլոր դեպքերում իր քաղաքացիական իրավունքն է), պատասխանը կարծես թե կասկած չի հարուցում` կդնի, եւ դա իր ճամբարից մեկ անգամ չէ, որ աներկբա հավաստվել է: Բայց հենց միայն այն, որ տեղական նախորդ երեք-չորս ընտրություններում նման հարց չի եղել, իսկ այս անգամ կա, արդեն մտածել է տալիս, որ հնարավոր է` ինքը չի որոշելու: Վ. Ղուկասյանը քաղաքապետ լինելուց բացի վերջին մի քանի տարիներին նաեւ իշխող Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է համարվում, ինչն, ի դեպ, նախորդ ընտրություններում նրան նաեւ լրացուցիչ հզոր աջակցություն է ապահովել: Այս անգամ այդ աջակցությունը դժվար թե լինի, քանի որ, ինչպես հայտնի է, մայիսին կայացած ԱԺ ընտրություններում Հանրապետականն այստեղ քվեների համեմատաբար ցածր տոկոս է ապահովել, իսկ մարզի չորս մեծամասնական ընտրատարածքներից երեքում հաղթել եւ պատգամավոր են ընտրվել ԲՀԿ-ական թեկնածուները: Հանրապետության իշխող ՀՀԿ-ական վերնախավը թերեւս չի ցանկանա անտեսել Գյումրիում ձեւավորված այս քաղաքական հարաբերակցությունը` եկող տարվա նախագահական ընտրություններից առաջ «միանգամայն անտեղի» նեղացրած լինելով ԲՀԿ-ին...

Եթե ճիշտ է նաեւ երեկվա այն տեղեկատվությունը, ըստ որի նույն օրը Սամվել Բալասանյանը եղել է նախագահականում եւ ընդունվել ՀՀ նախագահի կողմից, սա արդեն ինչ-որ բան կարող է եւ նշանակել:

Սակայն ասվածը չի նշանակում, թե ամեն ինչ դրանով վճռված է եւ մանավանդ` թե Վարդան Ղուկասյանը հենց այդպես զենքերը վայր է դնելու: Եթե վերընտրվել-չվերընտրվելու չափանիշը նաեւ քաղաքապետի կատարած աշխատանքն է:

Երկու օր առաջ մի խումբ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ինքըՙ Ղուկասյանն իրեն հատուկ ոճով ասել է, որ ինքն իր աշխատանքից գոհ է, միայն «էս սատանեքն» են դժգոհ: Ասել է նաեւ, թե «ժողովուրդն ինձ պարտադրում է, կոկորդս բռնել է ու ասում է` պիտի առաջադրես քո թեկնածությունը»:

Սա էլ դեռ ոչինչ չի վճռում: Իրադարձությունների հետագա ընթացքը շատ բան կհստակեցնի:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4