Մեր թղթակցի հարցերին պատասխանում է Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հայր Բաբկեն Սալիբյանը:
- Հա՛յր սուրբ, կարծեմ համայնավարական հասարակարգի փլուզումից անմիջապես հետո Ջավախքի ազգաբնակչությունը եւս դեմքով շրջվեց դեպի հավատը, եկեղեցին...
- Դա իրոք այդպես է, որովհետեւ համայնավարները իրենց չար գործը այնպիսի չարությամբ էին արել, որ նույնիսկ հիմա էլ կան մարդիկ, ովքեր կարծես թե չեն կարողանում այդ կապանքներից դուրս նետվել: Ինչ վերաբերում է բուն Ջավախքին, ասեմ (թող անհամեստությունս ներվի), որ երբ ես ծառայության անցա այստեղ, 2000 թվականն էր, մարդիկ չգիտեին նույնիսկ խաչ հանել: Էլ չեմ ասում, որ հատկապես Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի հաճախողների թիվը շատ նվազ էր: Այն ժամանակ ամբողջ շրջանը ուներ երկու թե երեք սպասավոր: Հարկավոր էր կարգավորել շատ ու շատ հարցեր: Ինչ խոսք, 10 տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, սակայն ուրախությամբ պիտի նշեմ, որ այդչափ կարճ ժամանակահատվածում մեծ առաջընթաց ապրեց ջավախահայությունը հոգեւոր կյանքում: Չէ՞ որ հավատը մարդու հոգու հայելին է:
- Հա՛յր Բաբկեն, ողջունելի է, որ Ջավախքում նույնպես թափ է առել եկեղեցաշինությունը` շնորհիվ Ռուսաստանում ապրող ծնունդով ջավախքցի գործարարների...
- Դա ինքնըստինքյան աստվածահաճո գործ է: Բայց ցանկալի կլիներ նաեւ մեր միջամտությունը: Չէ՞ որ եկեղեցի կառուցելը ճարտարապետական առումով հեշտ չէ: Դա սովորական շենք-շինություն չէ, որ ինչպես ուզես` ծածկես կամ ներսը հարդարես: Կան նաեւ Հայ առաքելական եկեղեցուն հատուկ լուծումներ, որոնք չի կարելի նույնացնել, ասենք, վրաց ուղղափառ եկեղեցու հետ: Սա նուրբ խնդիր է, որին հետեւել է պետք: Այսինքն` առաջ է գալիս մեր խորհրդատվության, մեր միջամտության կարիքը: Սկզբնական շրջանում, երբ այս կամ այն գյուղում նոր եկեղեցի էր կառուցվում, մեր խորհուրդն անտեսվում էր: Հիմա մարդիկ եկել են խոր գիտակցության եւ մեր մասնագետների, եկեղեցու սպասավորների հետ հաշվի են նստում: Դա միանգամայն ճիշտ մոտեցում է: Մինչդեռ ցանկալի կլիներ, որ հները նորոգվեին, չէ՞ որ կիսով չափ ավերված տասնյակ եկեղեցիներ ունենք:
- Եկեղեցական տոները, ծիսակատարությունները գյուղերում եւս տոնվո՞ւմ են, ինչպես քաղաքում:
- Այո՛: Օրինակ, մի ժամանակ Ջավախքում Վարդավառի տոնակատարության օրը բնակչությունն էր որոշում: Մեզ հաջողվեց սխալը շտկել, որովհետեւ գոյություն ունի եկեղեցական տոնացույց եւ չպետք է դրանից շեղվել: Ինչ խոսք, բոլոր ծիսակատարությունները, տոները նշվում են հավուր պատշաճի: Իսկ տարիներ առաջ միայն Սուրբ ծնունդը եւ Զատիկն էին նշվում: Պարտադիր պահանջ է նման դեպքերում քահանաների մասնակցությունը:
- Հաշվառվա՞ծ են կամ հաշվառվո՞ւմ են Ջավախքի տարածաշրջանում գործող եկեղեցիները, մատուռները, պատմական արժեք ներկայացնող կոթողները:
- Ժամանակին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը այդ ուղղությամբ ազգանպաստ մի հրաշալի գործունեություն ծավալեց նաեւ Ջավախքում: Անցնելով բնակավայրից բնակավայր` նա հաշվառեց գրեթե բոլոր եկեղեցիները: Լույս տեսավ մի ծավալուն աշխատություն. անչափ արժեքավոր: Կարծում եմ, նման աշխատանքները կունենան իրենց շարունակությունը, որովհետեւ կան գործող բնակավայրերից հեռու գտնվող բազմաթիվ մատուռատիպ կառույցներ, որոնք կիսավեր են եւ ունեն պատկառելի տարիք: Նման ուսումնասիրությունները պատմաբանների, հուշարձանագետների, հնէաբանների գործն է:
- Ինչպես գիտենք, 2011 թ. ամռանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այց կատարեց Վրաստան: Եղավ նաեւ Ջավախքում:
- Դա պատմական խոշոր իրադարձություն էր: Հավատավոր ջավախքցին ի վերջո Վեհափառի խոսքը լսեց, օրհնությունը ստացավ: Ոգեւորվեց, գոտեպնդվեց եւ հավատով լցվեց դեպի ապագան` անտեսելով ամեն դժվարություն:
Մի պատմական ճշմարտություն պիտի բացահայտեմ: Սովորաբար, տարբեր պայմաններում եւ տարբեր առիթներով հիշատակվում է այն վարկածը, իբր թե նման հայրապետական այց Ջավախքը առաջին անգամ տեսել է 100 տարի առաջ: Դա բնավ այդպես չէ: Խոսքը, իհարկե, վերաբերում է Խրիմյան Հայրիկին: Բայց նա այն ժամանակ Բաթում էր ուղեւորվում եւ ընդամենը Ջավախքի տարածքով է անցել: Պիտի հարցնեք, թե ինչո՞ւ էին հայրապետները անտեսում Ջավախքը: Դժվար է գուշակել: Այս պարագայում Վեհափառն ինքն էր որոշել այցելել Ջավախք: Ի դեպ, Վեհափառի այցին հաջորդեց Վրաստանի խորհրդարանի կողմից Քաղաքացիական օրենսգրքի խղճի ազատությանը վերաբերող մասում կատարված փոփոխությունը, ըստ որի` Վրաստանի կրոնական հինգ համայնքները, այդ թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցին, ստացան որոշակի արտոնություններ:
- Չմոռանանք, որ այդ օրենքին դեմ արտահայտվողներ եղան եւ կան Թբիլիսիում, ուր հուժկու ցույցեր տեղի ունեցան:
- Ցավալի է, սակայն փաստը մնում է փաստ, որ հիշյալ օրենքի դեմ արտահայտվողներ կան նաեւ քաղաքական վերին էշելոններում: Օրենքը դեռ իրավական ուժ չի ստացել, եւ հայտնի էլ չէ, թե վիճելի հարցերը կլուծվե՞ն:
- Այդ դեպքում նման վիճելի հարցեր առաջ կգան նաեւ Ջավախքում: Այդպես չէ՞:
- Ախալքալաքում ոչ մի արխիվային փաստաթուղթ չի պահպանվել եկեղեցապատկան հողերի, կալվածքների վերաբերյալ: Երեւանի եւ Թբիլիսիի արխիվներում թե ինչ-որ բան պահպանվել է (եթե համայնավարները չեն ոչնչացրել), ինձ հայտնի չէ:
- Ուրախալի է, որ Ջավախքի ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ դավանանքի գյուղերում գործում են եկեղեցիներ: Ձեր հարաբերությունները կաթոլիկ հոգեւոր հայրերի հետ:
- Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կաթոլիկ 10 գյուղերից միայն երկուսում կան գործող եկեղեցիներ: Դե, նրանք երեկ չէ, որ կաթոլիկ հավատք են ընդունել: Պարզապես ցանկալի կլիներ, որ, օրինակ, Տուրցխ գյուղի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հայրը ազգությամբ լիներ թեկուզ կաթոլիկադավան հայ, ոչ թե լեհ: Այդ գյուղի եկեղեցու հոգեւոր հայրը գիտի հայերեն: Բայց դա քիչ է: Այսպես թե այնպես, նա խորությամբ չի ընկալում հայի ոգին, խառնվածքը, ավանդույթները. էլ չեմ ասում` կրոնական ծեսերը: Նա որքան էլ ուզենա, հայ երեխային չի կարողանա հայեցի ոգի ու հավատ ներարկել: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ապա դրանք ջերմ են, այնպես, ինչպես վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւոր հայրերի հետ:
Զրույցը վարեց ՌԱԶՄԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Նկար 1. Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հայր Բաբկեն Սալիբյան
Նկար 2. Ջավախքի Սուրբ Խաչ եկեղեցին