«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀԿ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Գյումրու իրավիճակը իշխանության ուշադրությունն է պահանջում

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Շաբաթ օրը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կայացել է Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նիստ, որտեղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր դիմումի համաձայն ազատվել է այդ խորհրդի նախագահի պաշտոնից: Նրա փոխարեն ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար է ընտրվել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը:

Թերեւս ակնհայտ է, որ կուսակցական պաշտոնից Ղուկասյանի հեռանալը կապված է սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն չի պաշտպանելու նրա թեկնածությունը: Ինքը Ղուկասյանն իր այս հրաժարականի մասին նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան մասնավորապես ասել է. «Ես ընդհանրապես իմ բնավորությամբ կուսակցական չեմ, ես ավելի` հոգեւոր եմ»: Քաղաքապետը չոր եւ նյարդային է արձագանքել որպես այդ պաշտոնում իր հնարավոր մրցակից Սամվել Բալասանյանի մասին հարցին, որի թեկնածությունը որոշել է պաշտպանել ԲՀԿ-ն:

Պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում վերջին երկու-երեք օրերին խոսակցությունների մակարդակով, նաեւ հանրապետության մամուլում ու այլ լրատվամիջոցներում տագնապահարույց տեղեկություններ են շրջանառվում հիշյալ նիստից հետո քաղաքապետի որդու ու նրա շրջապատի ագրեսիվ պահվածքի, մասնավորապես` նրանց կողմից Բալասանյանի տնից ոչ հեռու հնչեցված սպառնալիքների («Չեք վայելելու»), մարդկանց ահաբեկելու գործողությունների մասին, հրապարակվել է նաեւ «մի խումբ գյումրեցիների» անունից բաց նամակ հանրապետության իշխանություններին` օգնության կոչով: Իսկ քաղաքապետարանի մամուլի քարտուղարը «Արմենպրեսի» թղթակցին ասել է, թե այս ամենը ընդամենը տեղեկատվական տեռոր է...

Կարծում ենք` հանրապետության իշխանությունը պետք է Գյումրու ապագա տեղական իշխանության ձեւավորման հետ կապված իր դիրքորոշման հարցում հրապարակային գործի, կրքերի հնարավոր բորբոքումը կանխելու համար ամեն ինչ անի Գյումրու օպերատիվ իրավիճակը հանգիստ պահելու ու լիարժեք վերահսկելու համար, իսկ նրա պատկան կառույցները քաղաքի բնակչությանը հանգստացնելու համար պետք է հանդես գան դա հավաստող հայտարարությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4