«Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի հաղթանակը իրավական պետության կառուցման եւ ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի եւ իմաստնության եւս մեկ դրսեւորում: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատեց իր հավատարմությունը միջազգային նորմերին եւ սկզբունքներին եւ ազատ, անկախ ու արդար պետություն կառուցելու ուղու անշրջելիությանը», երեկ հայտարարել է ԼՂՀ նորընտի նախագահ Բակո Սահակյանը : Նա շեշտել է, որ իր համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան արցախահայության վստահությունն ու պատասխատավությունը Արցախի ապագայի հանդեպ:
«Մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում»: Սահակյանը նշել է, որ հինգ տարվա ընթացքում ԼՂՀ-ում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքները շատ են: «Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները», հայտարարել է Բակո Սահակյանը:
Երեկ ԼՂՀ ժողովրդին եւ Հայկական երկրորդ հանրապետության նախագահին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսականներ Հովարդ Բերմանը , Ֆրենկ Փալոնը եւ Էդ Ռոյսը : Հորվարդ Բերմանը հաջողություն է մաղթել ղարաբաղյան հիմնախնդրի վերջնականապես լուծման հարցումՙ հարգելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Նա ընդգծել է, որ անցկացված ընտրությունները ժողովրդավարական գործընթացներն ամրապնդելուն ուղղված հերթական քայլն են:
Էդ Ռոյսը շեշտել է, որ ընտրական համակարգն աշխատում է: Քվեարկությունն ապացուցեց, որ ժողովրդավարությունը գործում է Լեռնային Ղարաբաղում:
Հ. Հ.