Նվիրվում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
11-րդ դարի կեսերին հայ ազգն իր հազարամյա օրրան Հայկական բարձրավանդակում (այժմՙ Թուրքիայի ողջ արեւելյան տարածքը) ենթարկվեց քոչվոր ցեղերի` ռազմատենչ թուրք-սելջուկների ասպատակությանը:
Մերձավոր Արեւելքի հսկայական տարածքներում հետագայում (14-րդ դարի սկզբին) ստեղծված Օսմանյան կայսրությունը պատմական կարճ ժամանակահատվածում կարողացավ ոչ միայն ընդօրինակել, այլեւ իրենը հռչակել եւ իրեն վերագրել այդ տարածքի հնաբնակ, քաղաքակիրթ ազգերի եւ ժողովուրդների հնադարյան հարուստ մշակույթը, ինչպես նաեւ նրանց պետական ու տնտեսական համակարգի կառավարման մեծ փորձն ու հմտությունը:
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կայացմանը, որպես պետության, իր անհերքելի մեծ դերակատարությունն է ունեցել նաեւ տեղաբնակ հայ ազգաբնակչությունը, որն իր կյանքի մեծ փորձառությամբ, ստեղծագործական ու գիտական սուր մտքով, աշխատասիրությամբ, իր շրջահայաց եւ բազմաշնորհ ձեռներեցությամբ իր ձեռքում էր պահում երկրի տնտեսության կարեւոր նշանակություն ունեցող շատ ճյուղերի մենաշնորհը, ինչը լուրջ խորհելու տեղիք էր տալիս թուրքական իշխանություններին:
Ապրելով իր նախնիների երկրում, ունենալով հասարակական բարձր դիրք եւ հեղինակություն, հայերն այնուհանդերձ, իրենց ազգային ինքնության (դավանանքի, լեզվի) պահպանման հանգամանքներով, ստիպված էին մշտապես պաշտպանել սեփական ֆիզիկական անվտանգությունը իրենց նկատմամբ շատ հաճախակի կազմակերպվող արյունալի բռնություններից եւ խոշտանգումներից:
Հակահայկական հանցավոր քաղաքականության հետեւանքով հայերի շրջանում օրեցօր աճող ռուսական կողմնորոշումը խիստ անհանգստություն էր պատճառում թուրքական իշխանություններին` դիտարկելով նրանց որպես երկրի ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող հնարավոր թշնամիների, ինչն էլ ավելի էր սրում երկու ազգերի համատեղ ապրելու եւ գոյատեւելու հանգամանքը:
Թերեւս սրանք էին այն հիմնական եւ գլխավոր դրդապատճառները, որ թուրքական իշխանությունները սկսեցին իրականացնել դեռեւս վաղուց, հետագա տասնամյակների համար ծրագրվածՙ հայերի տեղահանմանը, մեկուսացմանը եւ, այնուհետեւ նրանց ֆիզիկապես բնաջնջմանը նպատակաուղղված հետեւողական գործընթացները:
1894-ից լայն թափ ստացավ եւ շարունակվեցին հայերի զանգվածային տեղահանումներն ու կոտորածները, որոնց թիվը 1896-ին արդեն անցնում էր 300.000-ը: Իսկ 1915-ին թուրքական իշխանությունների համար ստեղծվեց առավել հարմար պահ, առիթ ու պատրվակ, նաեւ «լավ» պայմաններ (առաջին աշխարհամարտը)` իրագործելու ավելի մեծ մասշտաբի, երկրով մեկ, հայերի համատարած ջարդեր, որոնք շարունակվեցին մինչեւ 1923-ըՙ բերելով հայերի մեկ եւ կես միլիոնից ավելի զոհերի:
1920-ին ստորագրվեց Սեւրի հաշտության պայմանագիրը, ըստ որի` միավորված անկախ հայկական պետությունը ստանալու էր ավելի քան 161.000 քառ. կմ տարածք, ունենալով ելք դեպի Սեւ ծով: Սակայն ռուսական հեղափոխության ծնունդ Խորհրդային պետությունը Թուրքիայի հետ մեկտեղ` իրենց սեփական շահերից ելնելով, ամեն ինչ գործադրեցին` վիժեցնելու այն եւ նորանկախ Հայաստանի առաջին հանրապետությունը բաժանեցին իրենց միջեւ, ինչը, ցավոք հետագայում «ուսանելի» նախադեպ դարձավ Մոլոտով-Ռիբենտրոպ նենգ ու դավադիր պայմանագրին:
Ավելին` Հայաստանի խորհրդայնացման իսկ տարիներից սկսած` հավատալով Թուրքիայի կեղծ խոստումներին, նենգ եւ խորամանկ խարդավանքներին (որ վերջինս Ռուսաստանի աջակցությամբ պատրաստ է ողջ Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին հավաքել Հոկտեմբերյան հեղափոխության դրոշի ներքո), Խորհուրդների ղեկավարները շարունակում էին Թուրքիային զոհաբերել հայկական նոր տարածքներ «մի թիզ» մնացած Հայաստանից, այս անգամՙ Լեռնային Ղարաբաղն (Արցախը) ու Նախիջեւանը, նվիրելով թուրքական մյուս պետությանըՙ Ադրբեջանին, որտեղ էլ թերեւս կանխավ ծրագրված էր հետագայում շարունակել հայերի կոտորածները եւ «սպիտակ ջարդը»:
Լինելով «մեկ ազգ, երկու պետություն»ՙ թուրքերը դարերով երազել ենՙ միավորվել մեկ պետության մեջ եւ այն էլ ի հաշիվ Հայաստանի տարածքի, որը թերեւս Հայոց ցեղասպանության հեռանկարային ծրագրի գլխավոր «դրույթներից» էր: Սակայն նրանց բաղձալի միավորումը, հետագայումՙ «Մեծ Թուրանի» իրագործումը կանգնեցրեց Զանգեզուրի պարանոցը, որն այդպես էլ մնաց թուրքերի կոկորդում...
Այսպիսով, Թուրքիան, իր ողջ տարածքում հայերի զանգվածային բնաջնջումն ու տեղահանումն «լիարժեք» եւ «անմնացորդ» իրագործելուց, 2 միլիոնից ավելի (բնաջնջված ու տեղահանված) հայերի ողջ ունեցվածքը (անշարժ գույքը) բռնազավթելուց, նրանց հսկայական հարստությունը լրիվ կողոպտելուց ու թալանելուց, հայկական առաջին անկախ հանրապետության տարածքի զգալի մասի (Կարսի եւ Արդահանի նահանգների) անեքսիայից, Արցախն ու Նախիջեւանը Հայաստանիցՙ Ադրբեջանի օգտին զավթելուց հետո, շատ սահուն, նույնՙ հայերի բնաջնջման ծրագրով, նույն հայատյաց կարգախոսներով «փոխադրվեց» թուրքական մյուս պետությունՙ Խորհրդային Ադրբեջանի տարածքՙ շարունակելով այնտեղ նույն թուրքերի ձեռքերովՙ հայ ազգաբնակչության համատարած խոշտանգումներն ու տեղահանումները:
Դրա ապացույցն է, որ այսօր Նախիջեւանում չի մնացել ոչ մի հայ ընտանիք, երբ մինչ նրա «նվիրումը» Ադրբեջանին այնտեղ բնիկ հայերը ջախջախիչ մեծամասնություն էին կազմում: Ողջ աշխարհի աչքի առաջ (2005թ.), ի ցույց եւ ի հեճուկս ամբողջ քաղաքակիրթ ազգերի, բարբարոսաբար ոչնչացվեց համաշխարհային նշանակության պատմամշակութային արժեք ներկայացնող Ջուղայի հայ ճարտարապետության հինավուրց գանձերի շտեմարան-թանգարանը` հազարավոր, անկրկնելի, հայկական խաչքարերի մի ամբողջ համաստեղություն:
Հուրախություն մեզ, ԽՍՀՄ փլուզումից դեռեւս երկու տարի առաջ Արցախը, հենց նույն Միության գործող սահմանադրության համապատասխան, ազգերի ինքնորոշման դրույթով, օրինական ճանապարհով հռչակեց իր անկախությունը: Սակայն Ադրբեջանը չհաշտվելով նախկինումՙ իր ստացած «ընծայի» կորստի հետ, 1988-ին (ԽՍՀՄ ղեկավարության լուռ համաձայնությամբ) հայերին պատժելու նպատակով նախ Սումգայիթում, ապա Բաքվում պետական մակարդակով սկսեց հայերի հերթական ջարդը: Դա թերեւս 1915-23 թթ.ՙ Թուրքիայում եւ 1918-20 թթ.ՙ Ադրբեջանում հայերի «կիսատ» մնացած ցեղասպանությունը լրացնելու եւ շարունակելու մեծ տենչանքն էր: Եվ իրոք, միայն թուրքերը կարող էինՙ իրենց հատուկ, կատարելագործված մարդասպանի «վարպետությամբ» իրագործել այն, ինչ կատարվեց Սումգայիթում եւ Բաքվում...
Չբավարարվելով այդ հրեշավոր, դաժան կոտորածներով, Ադրբեջանի ղեկավարությունը 1991-ին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ծավալեց Արցախի անզեն ժողովրդի դեմ:
Չնայած մարդկային մեծ զոհերինՙ Արցախի ժողովուրդը կարողացավ ծնկի բերել Ադրբեջանին եւ ազատագրել Արցախի մեծ մասը: Միայն Ռուսաստանի «դիվանագիտական միջամտությամբ» կանգնեցվեց հայ ֆիդայինների հաղթարշավը, ինչը փրկեց Ադրբեջանին էլ ավելի մեծ եւ խայտառակ պարտությունից: Ցավոք, Արցախի պատմական որոշ տարածքներ այսօր դեռեւս գտնվում են գերության մեջ:
Այսպիսով, Արցախյան հակամարտությունը ազերիների կողմից հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրագործած «սպիտակ ջարդի», ազգամիջյան բախումների, բռնությունների եւ խոշտանգումների հետեւանք էր, որը հետագայում վերաճեց հայերի բացահայտ համատարած ցեղասպանությանը, որին մասնակցում էր ադրբեջանական բանակը:
Իրեն պարտադրված պատերազմին հայ ժողովուրդը արժանավայել հաղթանակով (1994 թ.) դիմակայեց, ընդմիշտ եւ վստահաբար վերջ դնելով հայերի հետագա, հնարավոր ցեղասպանությանը թուրք-ադրբեջանական իշխանությունների կողմից, որի հիմնական, «պատվիրատուն» ու հովանավորը, հետեւապես դրա հետեւանքների գլխավոր պատասխանատուն, մեծ առումով եղել եւ այսօր էլ մնում է նույն ինքը Թուրքիան:
Այսինքնՙ Արցախի հակամարտությունն ինքնըստինքյան եւ սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ, նրա շարունակությունն է իր ողջ էությամբ եւ իրողությամբ, նրա բաղկացուցիչ մասն է կազմում (վերջին, «եզրափակիչ» փուլը) եւ բնականաբար պետք է լուծվի միմիայն Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ նրա ճանաչման հարցի քննարկումների շրջանակներում:
Պատահական չէ, որ մոտ երեք տարի առաջ սկսված, մինչ օրս ընթացք չստացած հայտնի բանակցությունների առիթն ու պահը Թուրքիան անմիջապես եւ մեծ հմտությամբ կարողացավ օգտագործել` անմիջական եւ ոչ երկրորդական դերակատարություն ստանձնելու Արցախի հակամարտության կարգավորման գործում, մեզ քաջ հայտնի նախապայմանով` «սահմանների բացում` Արցախի հետ հանձնման փոխարեն», ակնկալելով կրկին ձեռք բերել 1920-ականներին երբեմնի ունեցած մեծ եւ հզոր լծակները` Հայաստանին իր քաղաքական ազդեցության եւ կախվածության դաշտ բերելու, թելադրելու իր եւ Ադրբեջանի համար շահավետ որոշումներ վիճահարույց խնդիրներում, անմիջական մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտության միջազգային քննարկումներին, օգտագործելով այնՙ ձգձգելու, շեղելու կամ հնարավորինս մեկուսացնելու ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային հանրության ուշադրությունից, դրանով իսկ ընդհանրապես խուսափելու ցեղասպանության ծանր պատասխանտվությունից:
Ցավալի է եւ անարդար, որ այսօր` ինչպես Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի լուծումը մեծ առումով պայմանավորված է մեծ տերությունների եւ նրանց միջեւ գոյություն ունեցող միջազգային հարաբերությունների առկա իրավիճակից եւ հետագա հնարավոր դրսեւորումներից, ինչպես նաեւ` մեր տարածաշրջանում նրանց` ներկայիս եւ հեռանկարում ունենալիք շահերիցՙ որոնք դրդում եւ հարկադրում են նրանց տուրք տալ ադրբեջանական իշխանությունների պահանջներին` հայ ժողովրդի արյան գնով ազատագրած սեփական պատմական տարածքները երկրորդ անգամ, հենց այնպեսՙ «սկուտեղի» վրա նվիրել հայերի ցեղասպանությունն իրագործած մի ազգի, որն այսօր էլ սպառնում է նրանՙ պատերազմական նոր ագրեսիայով:
Այսօր ազգամիջյան խնդիրներ ունեցող ժողովուրդները հասկացել են, որ միջազգային բարձր ատյաններում նույն հարցի լուծման համար գոյություն ունեն երկակի ստանդարտներ:
Մեզ համար դրա ցայտում օրինակներից են մոտ մեկ դար առաջ իր սեփական օրրանում իրագործված Հայոց ցեղասպանության այսօր դեռեւս ճանաչված չլինելու եւ այդ նույն ցեղասպանությունից 25-30 տարի ուշ, այն էլ օտար երկրի տարածքում իրագործված հրեաների ցեղասպանության վաղուց արդեն ճանաչված լինելու փաստերը:
Այնուամենայնիվ, հակված ենք այն մտքին, որ Արցախի հիմնահարցը կլուծվի այն դեպքում, եթե հարցի քննարկման նույն սեղանին միաժամանակ դրված լինի հայերի ցեղասպանության ճանաչման հարցը:
Սակայն այսօր հղիանում է շատ լուրջ մտավախություն եւ վտանգ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորող երկրները երկար տարիներ, չգտնելով հարցի ճիշտ եւ արդարացի լուծման բանալին (միգուցե պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ պահվածքով կամ մեծ երկրների շահերով), ցավոք, կարող են գնալ նրա լուծման Հայաստանի համար լրիվ անընդունելի տարբերակին, բնականաբար, ի հաշիվ Արցախի ժողովրդի անկախության կամ ազատագրված հայկական բոլոր տարածքների հանձնման, ինչը հայ ժողովուրդը կընկալի որպես մեծ երկրների կողմից բացահայտ սադրանք եւ հրահրում (միտումնավոր, թե ոչ) պատերազմական գործողությունների վերսկսման` Ադրբեջանի կողմից, համընդհանուր հրդեհի բռնկման մեր տարածաշրջանում:
Այդ նոր, ավելի մեծ եւ սարսափելի ողբերգական հակամարտությունից խուսափելու նպատակով այսօրՙ թեկուզ եւ բավականին ուշացումով, համայն հայությունը, հանձինս մեր իշխանությունների, ի լուր ողջ աշխարհի քաղաքակիրթ ազգերի եւ նրանց երկրների ղեկավարների, պետք է հանդես գա պաշտոնական հայտարարությամբ եւ նրանց դատին ներկայացնի Արցախի հակամարտության կարգավորման շուրջ 20 երկարուձիգ տարիներ դեռեւս շարունակվող, սակայն այդպես էլ լուրջ եւ շոշափելի արդյունքներ չարձանագրած, ներկայիս գուցեեւ ավելի մշուշոտ ու հեռանկար չունեցող բանակցությունների իրական պատկերը, Ադրբեջանի շարունակական մերժողական կեցվածքն ու դիրքորոշումը Մինսկի խմբի կողմից ներկայացվածՙ հակամարտության կարգավորման իրատեսական փոխզիջումների բազմաթիվ առաջարկներին, հակառակ որինՙ նրանք վերջին տարիներին կտրուկ եւ մեծ թափով վերազինում են բանակը եւ բացեիբաց, աշխարհով մեկՙ ի լուր միջազգային բարձր ատյանների հայտարարում իրենց մոտալուտ, նոր ագրեսիայի մասին Արցախի ժողովրդի դեմ:
Նույն նամակով դիմել հակամարտությունը կարգավորող երկրների նախագահներինՙ պահանջելով, որ հարցի հետագա քննարկումների ժամանակ անպայման հաշվի առնվեն` Արցախյան հակամարտությունն իրականում ծնած հիմնական եւ ծանրակշիռ, պատմական գործոններն ու իրադարձությունները, նրանց բուն պատճառներն ու հետեւանքները, որոնք անմիջական եւ սերտորեն կապված են Թուրքիայում եւ Ադրբեջանում հայ ազգի նկատմամբ իրագործված ցեղասպանությունների հետ:
Ինչեւիցե, այսօր ժամանակն է, որ մենք (ողջ հայությունը), ապավինելով մեր հավաքական ուժին, միաբանվենք, հզորացնենք մեր երկիրը բոլոր առումներով, պաշտպանենք Արցախը Ադրբեջանի «խոստացած» ագրեսիայից, շրջանառության մեջ դնենք Սեւրի անարդար «սառեցված» պայմանագրի վերականգնման, վերահաստատման հարցըՙ միջազգային դիվանագիտական ասպարեզում, դրանով իսկ հրավիրելով միջազգային հանրության եւ բարձր ատյանների ուշադրությունը հարցին: Դրանց համար այսօր մեր առաջնահերթ եւ հրատապ խնդիրն է կտրուկ բարձրացնել մեր երկրի եւ նրա իշխանությունների վարկանիշն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ մեր սեփական երկրում:
Ցավոք, այսօրվա մեր իշխանությունները, երկրի ներսում չունենալով բավարար աջակցություն ժողովրդի կողմից, չվայելելով նրա հավատն ու վստահությունը, ստիպված են լինում հաճախակի գնալ մեծ զիջումների միջազգային բանակցություններում, հատկապես Արցախի հարցում, ինչը մեծ վտանգ եւ սպառնալիք է ողջ հայ ժողովրդի համար: Նրանք հիմնականում խուսափում են համարձակ, հաստատակամ, գուցեեւ կոշտ, սակայն հավաստի եւ արդարացված պահանջներ ներկայացնել միջազգային ատյաններին, օրինակՙ հանդես գալ պահանջատիրական դիրքերից, անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախյան հակամարտության կարգավորման հարցի քննարկման ժամանակ նույն բանակցային սեղանին դրվի նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ընդհուպ Սումգայիթի, Բաքվի կոտորածների հարցը:
Ինչ վերաբերում է մեր երկրի ներսում իշխանությունների վարկանիշի բարձրացմանը, առանց որի անհնար է միջազգային ատյաններում նրա հեղինակության բարձրացումը, ապա բավական է, որ մեր երկրում կազմակերպվեն ազատ, արդար, թափանցիկ, առանց կեղծիքների ընտրություններ, որը, ցավոք, դժվար իրագործելի է ներկայիս իշխանությունների օրոք: Դա թերեւս հնարավոր կլիներ, եթե նրանք անկեղծ, մտահոգված լինեին մեր ժողովրդի եւ երկրի անվտանգությամբ, այսօրվա անկայուն, անմխիթար քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավիճակներով, նրա մշուշոտ եւ հույս չներշնչող ապագայով, նոր թափ առած արտագաղթով:
ՍԵՐԳԵՅ ՀԱՋԻՆՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՇԱՄԻՐՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԹՈՐՈՍՅԱՆ