Նախորդ տարվա համեմատությամբ 2012-ին «Շտապօգնության» կանչերն ավելացել են: Եթե ամբողջ 2011-ի ընթացքում հիվանդանոցը սպասարկել է 85 132 կանչ, ապա 2012-ի միայն առաջին 6 ամիսների ընթացքում կանչերի քանակը կազմել է 97 884:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշում է, որ կանչերի մեջ գերակշռում են սիրտ-անոթային ու օնկոլոգիական հիվանդությունների դեպքերը: Սակայն չի բացառում եւ անտեղի կանչերը, երբ նույն մարդն օրվա մեջ մի քանի անգամ կանչում է շտապօգնություն, փոխանակ գնալու հիվանդանոց կամ դիմելու իր ընտանեկան բժշկին: Սրա պատճառներից մեկն էլ վճարման հարցն է. շտապօգնությունը սպասարկում է անվճար, իսկ հիվանդանոց գնալու դեպքում պետպատվերի արտոնություն չունեցող հիվանդը պետք է վճարի: Հետեւաբար, եթե հիվանդի վիճակը ծանր չէ, նա գերադասում է մնալ տանն ու կանչել շտապօգնություն, որը տնային պայմաններում կթեթեւացնի իր վիճակը:
Թագուհի Ստեփանյանն ասում է, որ օրվա մեջ 13 կրկնակի կանչ են ունենում: Իսկ շտապօգնությունն իրավունք չունի կանչերը մերժելու, հետեւաբար, անկախ հասցեատիրոջից, ծառայությունը պետք է սպասարկի բոլորին:
Կոնկրետ «Շտապօգնության» հիվանդանոցը սպասարկում է Երեւան քաղաքին, իհարկե լինում են նաեւ միջմարզային կանչեր, որոնց սպասարկումը վճարովի է` ի տարբերություն Երեւանից ստացված կանչերի:
Իսկ կաշառակերության վերաբերյալ տիկին Ստեփանյանն ընդգծում է` կաշառակերության դեպքեր եղել են, բայց վերցնողներն աշխատանքից ազատվել են:
Երեկվա ասուլիսի ժամանակ տիկին Ստեփանյանը, սակայն, նշեց մի քանի հանգամանքներ, որոնց դեպքում Երեւանում էլ սպասարկումը լինում է վճարովի: Օրինակ, երբ հարկ է լինում տանել հիվանդին հիվանդանոց շտապօգնության մեքենայով, քանի որ հիվանդն այլ մեքենայով պարզապես գնալ չի կարող, այս դեպքում ծառայությունը վճարովի է, կամ երբ մարդը մահանում է տանը, բացառությամբ դատական դեպքերի, հանգուցյալի տեղափոխումը կատարվում է վճարումով (վճարում են 5000 դրամ):
Իսկ եթե շտապօգնության մեքենան կանչից հետո հիվանդին տանում է համապատասխան հիվանդանոց, արդյոք հիվանդանոցում ստուգման ու խորհրդակցության համար իրավունք ունե՞ն գումար վերցնելու: Պատասխանելով «Ազգի» հարցին` տիկին Ստեփանյանը նշում է, որ շատերը հաճախ կանչում են շտապօգնություն, որպեսզի հիվանդանոցից էլ օգտվեն անվճար, սակայն հիվանդանոցներում միշտ չէ, որ շտապօգնության տարած հիվանդին սպասարկում են անվճար: Դա կախված է նրանից` արդյոք հիվանդն ունի պետպատվերով սպասարկվելու արտոնություն: Ամեն դեպքում, Թագուհի Ստեփանյանը խորհուրդ տվեց հարցը ճշտել նաեւ առողջապահության նախարարությունից:
ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը մեր հետ հեռախոսազրույցում ասաց` եթե հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց շտապօգնության մեքենայով, դա դեռեւս չի նշանակում, որ նրա ստուգումն ու խորհրդատվությունը պետք է արվեն պետպատվերով: «Նման դեպքերում յուրաքանչյուր հիվանդի անվճար սպասարկելու օրենք գոյություն չունի», հավելեց Արա Տեր-Գրիգորյանը:
Թագուհի Ստեփանյանը նշում է մի ուրիշ հանգամանք էլ, որ շտապօգնության բժիշկները հիվանդի տանը երկար մնալու իրավունք չունեն` համաձայն ընդունված չափորոշիչի կարող են մնալ միայն 20 րոպե, սակայն մեր հիվանդները հաճախ առանց հասկանալու դժգոհում են, որ բժիշկները երկար չեն մնում:
Հիմա «Շտապօգնության» ենթակայության տակ գործում է 35 մեքենա, կանչերի հագեցված ժամանակն էլ, ըստ տնօրենի, երեկոյան ու գիշերային ժամերն են:
Վերջում կրկին անդրադառնալով վիճակագրությանը` Թ. Ստեփանյանն ավելացնում է, որ կանչերը զերծ չեն նաեւ մահվան ելքերից, դրանց մեջ ամսական գրանցվում է միջինը 5-7 մահվան դեպք:
Ի. Պ.