Երեւանի Սբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը , ներկայացնելով աղանդների քայքայիչ գործունեությունը, երեկ նշեց, որ եկեղեցին այդ խնդիրը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում եւ ակտիվ գործունեություն է ծավալում, մասնավորեցրեց. «Մի խումբ խուլեր, որոնք նախկինում աղանդավորական կազմակերպությունների անդամ էին, այսօր արդեն հարում են Հայ առաքելական եկեղեցուն»:
Քահանան, անդրադառնալով քննադատություններին, թե եկեղեցու կողմից քարոզչություն չկա, նշեց, որ շաբաթը երկու անգամ քարոզչություն է իրականացվում խուլերի համար. «Ժեստերի լեզվով պատրաստել ենք պատարագի DVD տարբերակ, աշխատանքներ են տարվում ժեստերի լեզվով ներկայացնելու նաեւ Ավետարանի DVD տարբերակը»:
Տեր Եսային ընդգծեց. «Աստվածաշունչ ձեռք բերելիս ուշադիր եղեք հատկապես Եհովայի վկաների թարգմանությանը, քանի որ նրանք փոխում են բառերը, նախադասություններ են այլ կերպ մեկնաբանում: Նրանց գրքերում առկա են «Ն.Ա.Թ.» տառերը, որոնք «Նոր աշխարհի թարգմանություն» բառերի հապավումն են»:
Տ. Եսայի քահանա Արթենյանը աղանդների դեմ պայքարելու արդյունավետ միջոց է համարում պետական մոտեցումն այդ խնդրին:
Ինչո՞վ է գրավում աղանդը մարդկանց` շա՞հ, թե՞ փրկության հույս, ահա այս բազմաչարչար հարցին ի պատասխան քահանան նշեց. «Աղանդները մարդկանց հաճախ գրավում են, քանի որ քարոզում են, թե ինչպես ցանկանում եսՙ ապրիր, միեւնույն է, կփրկվես: Յուրաքանչյուր աղանդավորական ուսմունքի մեջ փրկության համար ջանք չի թափվում, օրինակՙ «Կյանքի խոսք»-ի քարոզներին ասվում է հետեւյալ նախադասությունը` «Մեզ աբադոկով (նկատի ունեն սրբերի լուսապսակը) սրբեր պետք չեն, սուրբը դուք եք»:
Շատ ու շատ մարդիկ այցելում են աղանդավորական կազմակերպություններ ֆինանսական աջակցության ակնկալիքով:
Կցանկանանք անդրադառնալ մի դեպքի եւս, որին ականատես ենք եղել. «Կուրսընկերուհիներիցս մեկը, որը հարում է «Կյանքի խոսք»-ին, պնդում էր, որ գործում է Հայ առաքելական եկեցուն կից (Մ. Հ. - նման թյուրըմբռնում շատերն ունեն)»: Ահա եւս մի տարբերակ մարդկանց խաբելու, թեեւ տարբերակները շատ են: Զգույշ եղե՛ք, որպեսզի նման կերպ Ձեզ չտանեն իրենց շարքերը:
Ինչ վերաբերում է «աղանդ» եզրույթին, քահանան ընդգծեց, որ դա վիրավորական խոսք չէ. «Աղանդ են համարվում բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնք շեղված են Ավետարանի ճշմարիտ վարդապետությունից, սակայն այն չի վերաբերում քույր եկեղեցիներին»:
Նշենք, որ նման խնդրի բախվեց «Իրավունք» թերթը, երբ «Կյանքի խոսք»-ի մասին հոդվածներից մեկում «աղանդ» եզրույթն էր օգտագործել, եւ ահա թերթի դեմ հարուցվեց դատական գործ:
Քահանայի խոսքով, Հայաստանում կա 350 000 ոչ Առաքելական եկեղեցու հետեւորդ, դրանցից 190 000-ը կաթոլիկներ են, 40000-ը` եզդի, 4000-ը` ասորի, 3000-4000-ը ռուս ուղղափառ եկեղեցու հետեւորդներ են, իսկ մնացած 100 000-ըՙ աղանդավոր, թեեւ ճշգրիտ տվյալներ չկան, քանի որ իրենք հստակ տվյալներ չեն ներկայացնում:
Տեր Եսային մեծ ուրախությամբ նշեց, որ տարեցտարի երիտասարդների մեջ ավելանում է հոգեւորական դառնալու ցանկությունը, եւ այժմ շատ քիչ ընտանիքներ են ընդդիմանում իրենց երեխաների որոշմանը:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ