«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ. ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ԿՄՆԱՆ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ՆՐԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի իր նստավայրում ընդունել է Բերիո թեմի (Հալեպ) առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանին եւ Սիրիայի հայկական համայնքի այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության մտահոգության կենտրոնում են: Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբՙ Արամ Ա կաթողիկոսը Բերիո թեմի առաջնորդ Շահան սրբազան Սարգսյանի եւ թեմի ազգային իշխանությունների միջոցով մշտապես իրազեկվում է սիրիահայ համայնքի իրավիճակի մասին:

Անկախ սրանից, Արամ Ա կաթողիկոսը, տարբեր առիթներով ե՛ւ անցած տարի, ե՛ւ անգամ անցած շաբաթ, ցանկություն է հայտնել մեկնել Սիրիաՙ հայրական հոգածությունն արտահայտելու հայ ժողովրդի զավակներին: Սակայն Սիրիայի համայնքային պատասխանատուներըՙ հաշվի առնելով երկրի ներկայիս անկայուն իրավիճակը, նպատակահարմար չգտան վեհափառի այցելությանը, ասել է կաթողիկոսը հանդիպմանըՙ հավելելով, որ ինքը համայնքային պատասխանատուներին մշտապես հիշեցնում է իր ցանկության մասին, որպես հովվապետ այցելելու իր հոտին:

Արամ Ա-ի գնահատմամբՙ հայ գաղութի ներքին միասնականության ամրապնդումը հրամայական անհրաժեշտություն է: Անկախ հանգամանքից, թե ինչպիսի ներքին տարակարծություններ եւ մոտեցումներ կան, Սիրիայի ներսում ստեղծված ներկայիս մտահոգիչ իրավիճակում համայնքը պետք է գործնականորեն արտահայտի իր միակամությունն ու որդեգրի հավաքական կեցվածքՙ ինչպես դա տեղի ունեցավ լիբանանահայության պարագայումՙ Լիբանանում ստեղծված տագնապալի իրողությունների ժամանակաշրջանում:

Վեհափառը, նկատի ունենալով Սիրիայում տիրող տնտեսական ծանր իրավիճակը, անհրաժեշտ է համարում օժանդակել կարիքավոր ընտանիքներին: Որպես Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի նախագահ, վեհափառն ամիսներ առաջ անհրաժեշտ ցուցումներ է տվել Դամասկոսում գործող Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի գրասենյակին: Նա հրահանգել է կապ պահպանել հիշյալ գրասենյակի հետՙ հայ ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Նա կարեւորել է նաեւ հոգեւոր ու համայնքային պատասխանատուների կապը կողմերի հետՙ ընդգծելով, որ հեռու մնան բացահայտ քարոզչական քայլերից եւ միակողմանի մոտեցումներից:

Արամ Ա-ն հստակեցրել է, որ բոլոր կողմերի հետ հարաբերություններում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ պետք է հիմք ծառայի հետեւյալ մոտեցումը: Հայ ժողովուրդըՙ Սիրիայում եւ նրա սահմաններից դուրս, երախտապարտ է սիրիական հայրենիքին եւ ժողովրդին, որովհետեւ թուրքական ջարդերից հետո Սիրիան հայ գաղթական ժողովրդի զավակներին ընդունեց եւ իր հայրենիքն ու հացը կիսեց նրանց հետ:

«Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը սիրիական հայրենիքն է, իր ժողովուրդն ու նրա գերագույն շահերը», ասել է վեհափառըՙ անհրաժեշտ համարելով շրջապատին հիշեցնել, որ Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են եւ կշարունակեն կապված մնալ սիրիական հայրենիքինՙ տեր կանգնելով իրենց պատավորություններին եւ իրավունքներինՙ նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում:

Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին: Սիրիահայությունը կազմակերպված գաղութ է եւ կմնա այդպիսինՙ միշտ սիրալիր հարաբերություններ ու համագործակցություն ունենալով բոլոր համայնքների հետ: Սիրիայի հայությունը կմնա Սիրիայի եւ նրա ժողովրդի կողքին, ասել է նա:

Վեհափառը հրահանգել է, որ թեմական, համայնքային եւ կուսակցական մակարդակներում խորհրդակցություններ տեղի ունենան, որպեսզի մոտեցումներն ու աշխատանքները լինեն կազմակերպված եւ ներդաշնակ:

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ առայժմ սիրիահայերի զանգվածային արտագաղթ չի նկատվում:

Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն 16 ամիս շարունակվում են բախումները, վերջին շաբաթների ընթացքում Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել: Բախումների հետեւանքով 6 հայ է զոհվել: Նրանցից 3-ը զինվորներ են, երեքըՙ սովորական քաղաքացիներ: Երեք օր առաջ Դամասկոսում անհայտ պայմաններում սպանվել է հայ ոսկերիչ, 1964 թ. ծնված Անդրանիկ Արվալջյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4