Գալյա Նովենց... Հայ բեմական արվեստի դասականներից էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն շքանշանակիր դերասանուհին:
Ցավոք, անժամանակ մահըՙ հարազատ թատերաբեմերից ու երկրպագուներից խլեց ու տարավ Գալյա Նովենցին, որի ողջ կյանքը լեցուն էր բեմական գործունեությամբ: Բեմերում եւ ֆիլմերում Գալյա Նովենցը մեզ հմայում է իր բնական կեցվածքով: Նա կենցաղային էկզոտիկ դերերի անսպառ պոտենցիալ ուներ: Յուրաքանչյուր դերումՙ լիներ դա գլխավոր թե էպիզոդիկ, դերասանուհին կատարյալ վարպետությամբ միաձուլում էր կենցաղայինն ու ազգայինը, անհատականն ու ընդհանրականը, ջերմությունն ու սառնությունը: Կերպարների մարմնավորման ինքնատիպությունը, լայն դիապազոնը Գալյայի համար ապահովեց յուրահատուկ տեղ հայ թատրոնում եւ կինոարվեստում:
Բոլորովին վերջերս «Ազգը» Գալյա Նովենցի հետ զրուցեց ու այդ զրույցից ստացած տպավորությունները, ցավոք, արդեն առանց Նովենցի ֆիզիկական ներկայության, ներկայացնում ենք ստորեւ: Գալյա Նովենցը զգայուն եւ քնքշասիրտ մայր էր եւ այդ մայրական անզուսպ բերկրանքով նա լցրեց թատրոնն ու կինոդահլիճները: Նովենց դերասանուհու հմայքը մեր բեմարվեստի հարստությունն էր: Առաջին անգամ 1985-ին Վենետիկի եւ Մինսկի կինոփառատոներում «Մեր մանկության տանգոն» (ռեժ.ՙ Ա. Մկրտչյան) ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին եւ մրցանակին: «Այն բոլոր դերերը, որ ես կերտել եմ կինոյում, թատրոնում, ասում էր Գալյա Նովենցը, դրանք կարծես իմ ապրած կյանքը լինեն: Ես զգացականով եմ ներկայացրել դրանք, ոչ թե խաղացել եմ: Իսկ դա շատ բարդ ու դժվարին է եղելՙ մտնել մի կերպարի մեջ ու ներկայացնել այնպես, ինչպես զգում ես, առանց ավելորդության: Դա է եղել գուցե իմ հաջողությունների գրավականը: Ահա այս է իմ պատասխանը ձեր հարցին...»:
Գալյա Նովենցը դերասանական հմտությունները ձեռք բերեց Արմեն Գուլակյանի կուրսում եւ իր դերասանական ուղին սկսեց 1958-ինՙ Կապանի պետական դրամատիկական թատրոնից, այնուհետեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան, Երեւանի Հր. Ղափլանյանի անվան, ապա Սոս Սարգսյանի հիմնած ու գլխավորած «Համազգային» թատրոններում: Վերջին տարիներին Գ. Նովենցը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի էր, որտեղ էլ կերտեց իր վերջին դերերը... Գալյա Նովենցին համարում էին հայ բեմարվեստի Աննա Մանյանի, որն «Ազգի» հետ վերջին հարցազրույցում ասաց. «Ես ինձ դերասան չեմ համարում: Միշտ էլ ասել եմ, որ դերասանություն անել չեմ կարող...»: Գ. Նովենցի պարագայում այս էր: Այս դեպքում մենք դիտել ենք զգացմունքները ոչ թե ցուցադրող, այլ ներս գցող, թաքցնող, կերպարի հուզմունքները իրենը դարձնող, նրա հետ տառապող դերասանուհու խաղըՙ եթե միայն կարելի է դա խաղ համարել: Նրա ավանդը հատկապես ակնառու է կինոյում. Նովենցը խաղացել է երեք տասնյակ ֆիլմերում, որոնցից ենՙ «Բարեւ, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Գիքորը», «Մեր մանկության տանգոն», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք» եւ այլն, որտեղ նա մոռանում էր դերակատարին եւ խորամուխ լինում կերպարի էության մեջ: Ահա հենց սա է դերասանական արվեստի բարձունքը, որին դժվարությամբ, բայց հաստատակամ քայլերով հասավ Գալյան, մեր բոլորի կողմից շատ սիրելի Գալյան: Նա դերասանուհի էր, բայց երբեք դերասանություն չարեց... «Կինոյում ես մարդ եմ զգում ինձ», ասում էր Գալյա Նովենցը եւ շարունակում. «դառնում եմ ինքնավստահ... ինքս ինձ հետ, իմ մտորումների ու հույզերի ծովում...»:
Իսկ այն հարցին, թե կինո՞ն շատ հրապուրեց իրեն, թե՞ թատրոնը, ասաց. «Երկու դեպքում էլ ես ինձ զգացել եմ արվեստի մարդ, թատրոնի մարդ ու տվեցի այն ամենը, ինչը կուտակվել էր իմ մեջ իմ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում: Եվ փոխարենը արժանացել եմ ջերմ խոսքերի, անսահման ծափերի...»:
Գալյա Նովենցը իր բոլոր կերպարներում կարողացավ համադրել ծիծաղը, արցունքը եւ իրեն հատուկ անկեղծությամբ հասավ տպավորիչ արցունքի, իր ուսուցիչ Արմեն Գուլակյանից ստացած վարպետությունը փոխանցելով իր կերպարներին:
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Գալյա Նովենց: Մենք քե՛զ մշտապես սիրելու եւ հիշելու ենք ...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
***
Գալյա Նովենցի մահվան առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:
Սիրված դերասանուհու հոգեհանգիստը կկայանա Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում հուլիսի 24-ին ժամը 18:00-20:00-ն: Վերջին հրաժեշտըՙ հուլիսի 25-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում (ժ. 12:00-14:00):
***
ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան առիթով ցավակցագիր է հղել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների եւ կինոմատոգրաֆիստների միությունները եւ ուրիշներ: