«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿ ԳԱՆՁԵՐ

Մեր հաջորդ կանգառը Կյուսյու կղզում էր, որտեղ վերջերս տեղի ունեցավ տարերային աղետ, մեծ ջրհեղեղ, որի հետեւանքով հազարավոր ճապոնացիներ տարհանվեցին, շատերն էլ զրկվեցին իրենց տներից: Մինչ այդտեղ մեկնելը, հանդիպում ունեցանք մեզ հրավիրող «Մին-Օն» կազմակերպության ղեկավարության եւ աշխատակիցների հետ, ինչպես նաեւ կազմակերպության կենտրոնակայանի հետ: Չնայած մեր բոլոր փորձերը նույն շենքում էինք անցկացրելՙ փորձադահլիճից բացի ոչինչ չէինք հասցրել տեսնել եւ չէինք էլ պատկերացնում այդ մեծ կառույցի իրական չափերը:

«Մին-Օն»-ը 1963 թվականին Սոկա Գակկայի միջազգային կազմակերպության նախագահ Դաիսակու Իկեդայի կողմից հիմնադրված, արվեստագետների եւ երաժիշտների համերգային շրջագայություններ նախագծող խոշարագույն ճապոնական կազմակերպությունն է: Հիմնադրման առաջին իսկ օրերից կազմակերպությունը հավատարիմ է երաժշտության միջոցով տարբեր ազգային պատկանելություն ունեցող մարդկանց միավորման եւ ողջ աշխարհում խաղաղության սերմանման առաջնորդ հանդիսանալու իր առաքելությանը: «Մին-Օն» կազմակերպությունը տարեկան շուրջ հազար համերգ է կազմակերպում, որոնցից մեկ-երրորդն արտասահմանից հրավիրված խմբեր եւ մենակատարներ են: Ընտրությունը կատարվում է հստակ սկզբունքով. բացի համապատասխան համբավից եւ ճանաչումից, հրավիրվող խումբը պետք է կարգով ավելի բարձր լինի, քան նմանատիպ ճապոնական խմբերը:

Հանդիպման ընթացքում շրջեցինք «Մին-Օն»-ի թանգարանում: Այն յուրաքանչյուր երաժշտին պարզապես հեքիաթ կթվար. շուրջ 45.000 պարտիտուր, որոնք հասանելի են յուրաքանչյուրին, ազգային եւ դասական գործիքների եզակի նմուշներ: Մեր այցելության ընթացքում ունկնդրեցինք աշխարհում եզակի գործող դաշնամուրների հնչողությունը. աշխարհում միակ չեմբլոն, 1795 թվականին Վիեննայում պատրաստված «Անտոն Վոլտեր» ֆորտեպիանոն, որի վրա կյանքի վերջին տարիներին ստեղծագործում էր Մոցարտը, Սեյժի Օզավուայիՙ իր ուսուցչի նվիրած դաշնամուրը, որը նա ամեն անգամ Ճապոնիա այցելելիս նվագում է եւ վերհիշում իր ուսուցչին: Չնայած էթնիկ գործիքների բազմազանությանն, իրոք, ցավալի էր, որ հայկական անգամ մեկ գործիք ներկայացված չէր. ավելինՙ սազը, քամանչան ու թառը միայն այլ երկրների ազգային գործիքների շարքում էին: Մենք հաստատակամորեն որոշեցինք Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո լրացնել այդ բացը:

Կիտակյուսյու քաղաք հասանք արագընթաց գնացքովՙ ճանապարհին հիանալով ճապոնական փոքր բնակավայրերով. երկհարկանի տնակներՙ շրջապատված անտառապատ սարերով, որոնք Լոռվա բնությունն էին հիշեցնում: Զգացինք, որ, իսկապես կարոտել ենք Հայաստանը:

Երեկոյան համերգը կայացավ հազար չորս հարյուր տեղանոց «Սոլեյլ» համերգադահլիճում. կրկին ոգեւորված ունկնդիր, ծանոթ ստեղծագործությունները մեզ հետ հավասար կատարող մարդիկ: Հատուկ այս շրջագայության համար մենք կարճ ժամանակահատվածում ձայնասկավառակ էինք պատրաստել որպես հայ ժողովրդի հարգանքի եւ աջակցության հավաստիք ճապոնացի ժողովրդին. համերգի ավարտին ոչ մի սկավառակ չէր մնացել:

Եվ վերջապես այսօր երկու արագընթաց գնացք փոխելուց հետո մեր «խիստ ճապոնական» օրակարգը բերեց մեզ հովհարների քաղաք Մարուգամե: Ճանապարհին ճեպընթացն անցավ Հոնսյու եւ Սիկոկու կղզիները միացնող աշխարհում ամենաերկար 13,1 կմ երկմակարդակՙ գնացքների եւ ավտոմեքենաների համար նախատեսված Մեծ Սետո կամուրջով: Տեղ հասնելուց մեկ ժամ հետո արդեն բեմում էինք: Այսօրվա ունկնդիրն իսկապես առանձնանում էր ճապոնացիներին ոչ հատուկ ներգործուն մասնակցությամբ: Դահլիճը ձայնակցում էր ինչպես ճապոնական ազգային ստեղծագործությունների, հատկապեսՙ Բանդայ լեռան մասին երգին, այնպես էլ «Աղջիկն Իպանեմայից» եւ «Էդելվայս» ստեղծագործություններին: Առանձանպես ոգեւորվեցինք կիմանոներով տատիկներին հայկական ստեղծագործությունների ընթացքում շարունակաբար ծափահարելուց տեսնելիս:

Գնալով ավելի խորն ենք ընկալում այս երկրի մշակույթն ու ապրելաոճը, մարդկանց ներաշխարհն, ու այս ամենն, անկասկած, իր հետքն է թողնում յուրաքնչյուրիս հոգեմտավոր կերտվածքի վրա:

ՆԵՐՍԵՍՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ
ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4