Լոս Անջելեսից «Հայկական դրամատիկական արվեստի դաշնությունն» (ՀԴԱԴ) ու «Վիլյամ Սարոյան հիմնադրամը» տեղեկացնում են, որ արդեն ընտրել են պիեսներ գրելու երրորդ տարեկան մրցանաբաշխության ժյուրիի անդամներին: Դրանք են պրոդյուսեր եւ դերասանուհի Գեյթս Մկֆադդենը, թատերագիր Քեթրին Ֆիլուն եւ թատերագիր-սցենարիստ Էդուարդո Մաչադոն:
Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի, խորեոգրաֆ եւ դերասանուհի Մկֆադդենը Լոս Անջելեսում գործող Ensemble Studio Theater-ի գեղարվեստական ղեկավարն է: Նախկինում դասավանդել է Պիտցբուրգի եւ Նյու Յորքի ու Հարվարդի համալսարաններում: Դերերով հանդես է եկել «Star Trek», «The Hunt for Red October», «Muppets Take Manhattan» եւ այլ ֆիլմերում:
Ֆիլուն մրցանակակիր թատերագիր է: Հայտնի է մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության մասին գրած իր պիեսներով, որոնք ներկայացվել են ինչպես Նյու Յորքում, այնպես էլ աշխարհի տարբեր բեմերում:
Նրա նորագույն «LUZ» պիեսը առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներին բեմադրվելու է Նյու Յորքի «La MaMa» թատրոնում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ հիմնադիրներից է «Թատրոնն առանց սահմանների» կազմակերպության:
Ծնունդով կուբացի Մաչադոն ինը տարեկանում է Մ. Նահանգներ գաղթել եւ հասակ է առել Լոս Անջելեսում: Հեղինակ է ավելի քան 40 պիեսների, որոնց թվում կարելի է նշել «The Floating Island Plays» («Ծփացող կղզու պիեսները»), «A Burning Beach» («Այրվող լողափը»), «Havana is Waiting» («Հավանան սպասում է») եւ «The Cook» («Խոհարարը»): Դրանք ներկայացվել են ինչպես Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում: Ներկայումս նա Նյու Յորքի «INTAR» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
Հարգարժան ժյուրին ընտրելու է եզրափակիչ փուլ հասած երեք պիեսներին, որոնք հրապարակվելու են առաջիկա ամսվա ընթացքում: 10 հազար դոլարի գլխավոր մրցանակակիրը հայտնի է դառնալու ավելի ուշ:
Առավել մանրամասնությունների համար խորհուրդ է տրվում այցելել «www.armeniandrama.org» կայքը:
Հ. Ծ.