«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ԲԵՐՔԸՙ Վ. ՍԱՀԱՐՅԱՆԻՑ, «ԿՈՐԻԶԸ»` ԵՎԱ ՌԻՎԱՍԻՑ

Հասարակությունն այսօր կարծես այնքան էլ ուշադրություն չի դարձնում անապահով ու ծնողազուրկ երեխաներին, ծերերին, սոցիալապես խոցելի, թիրախային խմբերին: Ինչի՞ պակաս են զգում` ուշադրությա՛ն:

Օրեր առաջ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը կազմակերպեց «Բարեգործական բերքահավաք», հանրությանը հայտնի մարդիկ եւ կամավորներ իրականացրին ծիրանի բերքահավաք, որն ուղարկվեց մանկատներին: Բերքահավաքին մասնակցեցին երգահան Սասուն Պասկեւիչյանը, երգիչ Անդրեն, երգահան, դերասան Ռիչարդ Մադլենյանը, «AV show» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, հաղորդավար Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ «Ազգ» օրաթերթը, որը «Բարեգործական բերքահավաք»-ի մասին զրուցեց «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վալերի Սահարյանի հետ. «Այս ծիրանի այգին ձեռք եմ բերել անցյալ աշնանը: Այգու բերքատվությունը մեզ համար անսպասելի էր, քանի որ բարձիթողի, չմշակված վիճակում էր: Այս բերքը, ինչ որ կա, բարձրյալի կամոք է: Որոշեցինք բերքն ուղարկել մանկատներ եւ ծերանոցներ: Եթե մի հատիկ ծիրանը փոքրիկ ժպիտ պարգեւի մանկանը, ապա ես երջանիկ կլինեմ»:

«Ազգ»-ը ճշտեց, թե մինչ այս նմանատիպ ինչ բարեգործական նախաձեռնությունների է մասնակցել «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը; Վ. Սահարյանն ասաց. «Մոսկվայի հայ գործարարների» ակումբի անդամ եմ, որի հոգածության տակ են Հայաստանի մի քանի մանկատներ, եւ մշտապես ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում, երբ դիմում են մեզ, մասնակցում ենք հիվանդ երեխաների համար կազմակերպված դրամահավաքների: «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի երգչուհի Եվա Ռիվասը երեք անգամ մասնակցել է բարեգործական համերգների, որոնք կազմակերպված էին հիվանդ երեխաների օգնության համար: Երբ մեզ հրավիրում են, ապա մեծ սիրով մասնակցում ենք, եթե վստահ ենք, որ միջոցները ուղղվելու են ճիշտ հասցեատիրոջը»:

Բերքը ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի ձեռամբ հանձնվեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը, «Զանգակատուն» միջնակարգ դպրոցին, Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, Երեւանի «Մանկան տանը», «Զատիկ», «Օրրան» մանկատներին:

«Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությանը միացան «Ազգ» օրաթերթը, «Էյ ՎԻ» պրոդյուսերական կենտրոնը, «Ձեռք» ԵԿ ՀԿ-ն:

Վ. Սահարյանը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ նման նախաձեռնությունները կկրեն պարբերական բնույթ, եւ ասաց, որ դեմ է բարեգործական նախաձեռնությունների լուսաբանմանը, որը դառնում է այս կամ այն կազմակերպության համար քարոզչություն:

Սակայն «Ազգ»-ը նման նախաձեռնությունների կողքով անտարբեր չի անցնում, պարբերաբար լուսաբանում եւ աջակցում է:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4