«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

10 մեդալ Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Կատովիցե քաղաքում իրենց մրցավեճն ավարտեցին ըմբիշները, որոնք վիճարկում էին Եվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը: Վերջինը մրցասպարեզ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Գերազանց ելույթ ունեցան մեր պատանի ըմբիշները: Մրցագորգ դուրս եկած մեր 8 ըմբիշներից 6-ը դարձան մրցանակակիրներ: Առավել հաջող հանդես եկան Վահե Սարգսյանը (42 կգ) եւ Կարեն Ասլանյանը (58 կգ), որոնք նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Վահեն հաղթեց իր բոլոր մրցակիցներինՙ բելառուս Յուրի Սավաստիանովին, վրացի Թիմուր Շավաձեին, լիտվացի Քրիստուպաս Սլեյվային եւ ուկրաինացի Արթուր Պոլիտաեւին: Կարենը հաջորդաբար պարտության մատնեց լատվիացի Ալեքսանդր Յուրկյանսին, շվեդ Անդրե Իսբերգին, ռումինացի Միհութ Միհային, լիտվացի Յուստաս Պետրավիչյուսին ու մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցն ադրբեջանցի Մուրադ Մամադովն էր: Եզրափակիչ գոտեմարտում էլ Կարեն Ասլանյանն իրեն գերազանց դրսեւորեցՙ ոչ մի միավոր չզիջելով մրցակցին: Հաղթելով 8-0 հաշվով, Կարենը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Արծաթե մեդալներով տուն կվերադառնան Արմեն Հակոբյանն (69 կգ) ու Գեղամ Թորգոմյանը (50 կգ): Արմենը պայքարը սկսելով 1/16 եզրափակիչից, հաղթեց ուկրաինացի Վիկտոր Պոտապովին, մոլդովացի Վասիլի Գալուցային, ռուսաստանցի Իսմայիլ Սաիդխաշանովին ու բելառուս Սերգեյ Մալյասկիին: Եզրափակիչ գոտեմարտում Արմենը 0-3 հաշվով զիջեց թուրք Էմրե Բասարին:

Գեղամ Թորգոմյանը հաջորդաբար հաղթելով չեխ Լիբոր Միլիշովսկուն, ֆինն Ռամի Սիրյային, մոլդովացի Ալեքսանդր Բիկիուին, եզրափակիչում 1-6 հաշվով պարտվեց վրացի Իրակլի Շավաձեին եւ բավարարվեց արծաթե մեդալով:

Բրոնզե մեդալակիրներ դարձան Տարոն Դումոյանը (54 կգ) եւ Տիգրան Աբրահամյանը (63 կգ): Տարոնը նախնական փուլերում առավելության հասավ Շվեդիայի ներկայացուցիչ Արդիթ Ֆազլջիջայի եւ ուկրաինացի Պավլո Մոլնարի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Տարոնը պարտվեց ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովի հետ գոտեմարտում: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը հաղթեց հունգարացի Էրիկ Տորբային:

Տիգրան Աբրահամյանն էլ հաղթելով սլովակ Միլոշ Ցուվարային ու բելառուս Ռուսլան Անամալեւին, քառորդ եզրափակիչում պարտվեց Գերմանիան ներկայացնող Մուհամեդ Ետերին: Բրոնզե մեդալի համար մրցավեճում հայ ըմբիշը հաջող գոտեմարտեց բուլղարացի Սալի Սալի եւ լատվիացի Վլադիսլավ Լեբեդեւի հետ ու արժանացավ պարգեւի:

Մեր մյուս 2 ըմբիշներըՙ Հարություն Միքայելյանը (76 կգ) եւ Արթուր Սիմոնյանը (46 կգ) մոտ էին բրոնզե մեդալին, սակայն վճռորոշ գոտեմարտում պարտվեցին ու գրավեցին 5-րդ տեղը:

Այսպիսով, Կատովիցեում Հայաստանի հունահռոմեական հավաքականը նվաճեց 2-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Մինչ այդ մրցագորգ դուրս եկած մեր ազատոճայինները նվաճել էին 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: Այնպես որ հայ պատանի ըմբիշները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Հայաստան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4