Ջերմուկում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի հերթական 2 տուրերում Լիլիթ Մկրտչյանը նախ հաղթեց Նադեժդա Կոսինցեւային, ապա ոչ-ոքի խաղաց Կատերինա Լահնոյի հետ: Իսկ Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Չժաո Սյուեի եւ Հոու Յիֆանի հետ: 6 տուրից հետո մեր շախմատիստուհիները վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 5-8-րդ տեղերը Կատերինա Լահնոյի եւ Չժաո Սյուեի հետ:
Միանձնյա առաջատարը Ցզյան Վենցզյունն է, որն ունի 4,5 միավոր: Նա կեսական միավոր վաստակեց Եկատերինա Կովալեւսկայայի եւ Նադեժդա Կոսինցեւայի հետ պարտիաներում:
4-ական միավորով առաջատարին հետապնդում են Հոու Յիֆանը, Համպի Կոներուն եւ Ժուան Լուֆեյը: Կոներուն ու Լուֆեյը 5-րդ տուրում մրցեցին միմյանց հետ եւ հաշտություն կնքեցին, իսկ Յիֆանը հաղթեց Նինո Խուրցիձեին: 6-րդ տուրում Կոներուն հաղթեց Եկատերինա Կովալեւսկայային, Լուֆեյն էլ պարտության մատնեց Խուրցիձեին:
Երեկ մրցաշարում հանգստյան օր էր, իսկ այսօր կկայանա 7-րդ տուրը: Էլինա Դանիելյանը կմրցի Ժուան Լուֆեյի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Բաթհույակ Մունգունտուլի հետ: